ԱՄՆ ծովային հետևակի 31-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանումը, ավարտելով Հորմուզի նեղուցում իր առաքելությունը, վերադարձել է Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա կղզու իր մշտական տեղակայման վայր: Ստորաբաժանումը «Tripoli» դեսանտային հարվածային նավով ժամանել է Ուրումա քաղաքում գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի «Ուայթ Բիչ» ռազմաբազա: Այս մասին հայտնում է «Kyodo» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական հրամանատարությանը։
31-րդ ստորաբաժանման ծովային հետևակայինները մասնակցում են Իրանի նավահանգիստների շրջափակմանը: Ըստ տեղեկությունների՝ նրանք, մասնավորապես, իջնում էին տվյալ գոտում գտնվող նավերի վրա՝ դրանք զննելու համար:
«Tripoli» նավի վրա ընդհանուր առմամբ կար 3,5 հազար ծովային հետևակային և նավաստի: Ենթադրվում էր, որ նրանք կարող են դեսանտային գործողություն իրականացնել Հորմուզի նեղուցի գոտում գտնվող իրանական ռազմավարական կղզիներից մեկում՝ «Tripoli»-ի վրա գտնվող հինգերորդ սերնդի F-35B կործանիչների աջակցությամբ: Այժմ նախատեսվում է, որ նավը կվերադառնա Կյուսյու կղզում գտնվող «Սասեբո» ռազմածովային բազայի իր մշտական տեղակայման վայր: ԱՄՆ-ն Իրանի մոտ շարունակում է խոշոր ռազմական խմբավորում պահպանել, որի կազմում ներառված են նաև երկու ավիակիր-հարվածային խմբեր: