Wildberries-ը սկսել է պահեստներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական դրոնների հարձակումների պատճառով

Ռուսական խոշորագույն մարքեթփլեյսը՝ «Wildberries»-ը, Ռուսաստանի տարածքում գտնվող լոգիստիկ կենտրոնների ուղղությամբ ուկրաինական հարվածների շարքից հետո սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում։ Այս մասին «Коммерсантъ»-ին հայտնել են անշարժ գույքի շուկայի չորս աղբյուրներ։ Դրանցից մեկի փոխանցմամբ՝ ընկերությունը փնտրում է 100 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքներ։ Պարբերականի մեկ այլ զրուցակից նշել է, որ «Wildberries»-ը պատրաստ է վարձակալել Ղազախստանում առկա բոլոր հասանելի պահեստները։ «Коммерсантъ»-ի աղբյուրները պարզաբանել են, որ այս քայլով մարքեթփլեյսը հույս ունի իր հզորությունների մի մասն ապահովագրել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։

Այդուհանդերձ, Ղազախստանում հարմար տարածքներ գտնելը կարող է դժվար լինել։ «NF Group»-ի տվյալներով՝ 2025 թվականի վերջի դրությամբ երկրում կար 1,9 մլն քառակուսի մետր որակյալ լոգիստիկ տարածք, սակայն դրանցից ազատ էր ընդամենը 5,8%-ը։ «IBC Global»-ի ղեկավար գործընկեր Ստանիսլավ Ախմեդզյանովը նշել է, որ ղազախական շուկայում 100 հազար քմ մակերեսով մեկ ամբողջական տարածք չկա։ 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ ազատ էր համարվում ընդհանուր առմամբ 130 հազար քմ տարածք՝ ցրված տարբեր քաղաքներում։ Վարձակալության միջին արժեքը կազմում էր 5,18 հազար տենգե (854,3 ռուբլի) 1 քմ-ի համար (ամսական), կամ 10,3 հազար ռուբլի տարեկան։ Սա համադրելի է Մոսկվայի և Մոսկվայի մարզի գնային մակարդակի հետ, որտեղ դրույքաչափը կազմում է տարեկան 10,5 հազար ռուբլի 1 քմ-ի համար, պարզաբանել են «NF Group»-ում։

«Коммерсантъ»-ի աղբյուրները նաև հայտնում են, որ «Wildberries»-ը դիտարկում է Ռուսաստանում լոգիստիկ ենթակառուցվածքն ընդլայնելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, ռուսական ազատ պահեստների սեփականատերերը պատրաստ չեն մարքեթփլեյսի հետ վարձակալության նոր պայմանագրեր կնքել՝ հարձակումների ռիսկերի պատճառով։ Մինչ այս «Wildberries»-ում նշել էին, որ պահեստների ապահովագրության ստանդարտ փաթեթները չեն փոխհատուցում անօդաչու թռչող սարքերի հարվածներից հասցված վնասը։

«Wildberries»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերությունը պլանային աշխատանքներ է իրականացնում իր ներկայության երկրներում լոգիստիկ օբյեկտների կառուցման ուղղությամբ։ Մասնավորապես, Ղազախստանում ընթանում է Ալմաթիում ավելի քան 100 հազար քմ մակերեսով կենտրոնի, ինչպես նաև Աստանայում ավելի քան 160 հազար քմ մակերեսով օբյեկտի կառուցումը։ Այս պահին բոլոր կազմակերպչական ջանքերն ուղղված են տարբեր պահեստներում ապրանքների վերաբաշխմանը՝ գործընկերների համար ավելի հարմար ապրանքաշրջանառություն և տնտեսական կայունություն ապահովելու նպատակով, ընդգծել են ընկերությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *