Չինական «Չանչժեն-6Ա» («Մեծ երթ-6Ա») կրիչ-հրթիռը հինգշաբթի օրը ուղեծիր է դուրս բերել նոր տեխնոլոգիաների փորձարկման համար նախատեսված «№27A» և «№27B» փորձարարական կապի արբանյակները։ Այս մասին հայտնել է CCTV հեռուստաալիքը։
Հրթիռի արձակումն իրականացվել է Պեկինի ժամանակով 09:00-ին՝ Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Տայյուան տիեզերակայանից։ Արբանյակները հաջողությամբ դուրս են եկել նախանշված ուղեծիր։
Տիեզերական ապարատները կիրառվելու են կապի, ռադիոյի և հեռուստատեսային հեռարձակման, տվյալների փոխանցման, ինչպես նաև տեխնոլոգիական փորձարկումներ անցկացնելու համար։
Չինական երկաստիճան միջին դասի «Չանչժեն-6Ա» կրիչ-հրթիռն ունակ է 700 կմ բարձրությամբ արևասինխրոն ուղեծիր դուրս բերել մինչև 6,5 տոննա օգտակար բեռնվածություն։