Չինաստանը ռազմական ոլորտում կուժեղացնի անօդաչու և ինտելեկտուալ տեխնոլոգիաների կիրառումը և փուլ առ փուլ ինտելեկտուալացված ռազմական համակարգ կստեղծի։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ Չինաստանի Կոմունիստական պարտիայի (ՉԿՊ) Կենտկոմի Քաղբյուրոյի հավաքի ժամանակ, որը նվիրված էր ազգային պաշտպանության և զինված ուժերի արդիականացմանը։
«Անհրաժեշտ է ուժեղացնել անօդաչու ինտելեկտուալ տեխնոլոգիաների ռազմական կիրառումը և փուլ առ փուլ ձևավորել ինտելեկտուալացված ռազմական համակարգը», — Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ՝ նշել է նա։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ մարտունակությունը մնում է բանակի արդիականացման հիմնական ուղենիշն ու չափանիշը։ Նա պահանջել է զարգացնել ցանցային տեղեկատվական համակարգերը, կատարելագործել մարտական կարողությունների ինտեգրումը, իրականացնել ստուգումներ իրականին մոտ պայմաններում և ամրապնդել մարտական պատրաստությունը։
Սի Ծինփինը նաև կոչ է արել խորացնել կոռուպցիայի դեմ պայքարը և կատարելագործել խոշոր ռազմական նախագծերի նկատմամբ վերահսկողության համակարգը։ Նա ընդգծել է զինված ուժերի նկատմամբ բացարձակ առաջնորդությունն ապահովելու անհրաժեշտությունը։
15-րդ հնգամյակի ընթացքում Չինաստանը պետք է սահմանված ժամկետներում իրագործի Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի հարյուրամյակի նպատակները և վճռորոշ առաջընթացի հասնի ազգային պաշտպանության ու զինված ուժերի հիմնարար արդիականացման ճանապարհին, նշել է ՉԺՀ նախագահը։