Լիտվայի վարչապետի դոկտորական ատենախոսությունը հետաքննության առարկա է դարձել հնարավոր գրագողության պատճառով

ISM կառավարման և տնտեսագիտության համալսարանը հետաքննություն է սկսել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսի կողմից ակադեմիական էթիկայի հնարավոր խախտման վերաբերյալ, հայտնում է LRT-ն՝ հղում անելով ուսումնական հաստատության մամուլի ծառայությանը։

Համալսարանի էթիկայի հանձնաժողովը որոշել է քննել Ակադեմիական էթիկայի և ընթացակարգերի օմբուդսմենի գրասենյակի ուղարկած բողոքը։ Դրանում նշվում է Սինկյավիչյուսի դոկտորական ատենախոսության պատրաստման ընթացքում հնարավոր խախտումների մասին։

Համալսարանում ընդգծել են, որ ուսանողների և շրջանավարտների ակադեմիական էթիկային առնչվող բոլոր հարցերը քննվում են միասնական կանոններով՝ անկախ անձի զբաղեցրած պաշտոնից կամ հասարակական կարգավիճակից։

Հավաքագրված նյութերի վերլուծությունից և բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո կայացվելու է որոշում։ Գործող նորմերի համաձայն՝ հետաքննությունը պետք է ավարտվի 30 օրացուցային օրվա ընթացքում՝ չհաշված ամառային արձակուրդների շրջանը։ ISM-ն նախատեսում է ստուգման արդյունքները ներկայացնել մինչև սեպտեմբերի վերջ։

Վարչապետի դոկտորական ատենախոսությունում հնարավոր գրագողության շուրջ քննարկումները ակտիվացել են վերջին շաբաթներին՝ հանրության և քաղաքական ընդդիմության քննադատությունից հետո։ Ինքը՝ Սինկյավիչյուսը, բազմիցս հայտարարել է, որ աշխատանքը պատրաստվել է ակադեմիական նորմերի պահպանմամբ, և հերքել է գրագողության վերաբերյալ մեղադրանքները։

Սինկյավիչյուսը ISM-ում մարքեթինգի և մենեջմենթի մագիստրոսի աստիճանը ստացել է 2009 թվականին, իսկ 2015 թվականին այնտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *