Ուգանդայում բացել են 1976 թվականին Էնտեբեի օդանավակայանում պատանդների ազատագրման գործողության ընթացքում զոհված իսրայելական հատուկ ջոկատի հրամանատար Յոնաթան Նեթանյահուի հուշարձանը, հայտնել է The Kampala Post-ը։
Արարողությունը տեղի է ունեցել օդանավակայանի հին տերմինալի մոտ, որտեղ 50 տարի առաջ իսրայելական ջոկատն իրականացրել էր պատմության մեջ ամենահայտնի հակաահաբեկչական գործողություններից մեկը։ Հուշարձանը տեղադրվել է ի պատիվ փոխգնդապետ Յոնաթան «Յոնի» Նեթանյահուի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավագ եղբոր։
Արարողության ժամանակ Ուգանդայի բանակի ղեկավար, գեներալ Մուհուզի Կայներուգաբան Նեթանյահուին անվանել է արիության, պարտքի և անձնազոհության խորհրդանիշ, ինչպես նաև հարգել է զոհված պատանդների հիշատակը։
«Էնտեբե» գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ 1976 թվականի հունիսի 27-ին Թել Ավիվից Փարիզ ուղևորվող Air France-ի ինքնաթիռը գրավվել էր Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի և գերմանական «Հեղափոխական բջիջներ» կազմակերպության զինյալների կողմից։ Աթենքում միջանկյալ վայրէջքից հետո ինքնաթիռն ուղարկվել էր Ուգանդա, որտեղ երկրի իշխանությունները զավթիչներին հնարավորություն էին տվել պահել ուղևորներին։
Ավելի ուշ զինյալներն ազատ էին արձակել պատանդների մի մասին՝ օդանավակայանում թողնելով հիմնականում իսրայելցիների և հրեաների։ 1976 թվականի հուլիսի 4-ին իսրայելական հատուկ ջոկատը հեռահար գործողություն է իրականացրել Էնտեբեում և ազատել ավելի քան 100 մարդու։ Գործողության ընթացքում զոհվել է խմբի հրամանատար Յոնաթան Նեթանյահուն։
Գործողությունը դարձել է իսրայելական զինված ուժերի պատմության ամենահայտնի դրվագներից մեկը և մինչ օրս մնում է պատմական և քաղաքական քննարկումների առարկա։