Ակրոպոլիսի պահպանության ծառայության նախկին աշխատակցուհին, որը ծանր վնասվածքներ էր ստացել հին հուշարձանի տարածքում կայծակի հարվածից հետո, շահել է գործը հունական պետության դեմ և ստացել 130 հազար եվրոյի փոխհատուցում, հայտնել է Kathimerini-ն։
59-ամյա Անտուլա Միցին 2019 թվականի ապրիլին Ակրոպոլիսում որպես հսկիչ աշխատում էր ընդամենը երրորդ օրը, երբ Աթենքի երկնքում ամպրոպ պայթեց։ Նա փորձել էր անձրևից պատսպարվել պահակակետում, սակայն կարճ ժամանակ անց տեղի էր ունեցել կայծակի հզոր հարված։
«Չգիտեմ, թե ինչպես դուրս եկա այնտեղից։ Շատ քիչ բան եմ հիշում։ Արյունը հոսում էր գլխիցս, և ես չէի հասկանում՝ ողջ եմ, թե ոչ», — պատմել է կինը։
Կայծակի հարվածը նրա մոտ առաջացրել էր այրվածքներ, էլեկտրահարում և աջ ականջի լսողության մշտական կորուստ։ Բժիշկները նրա համար սահմանել էին 68 տոկոս հաշմանդամություն։ Միցիի խոսքով՝ նա մինչ օրս տառապում է գլխապտույտից, ականջների աղմուկից և հոգեբանական տրավմայի հետևանքներից։
Ավելի վաղ ստորին ատյանի դատարանն արդեն ճանաչել էր հունական պետության պատասխանատվությունը՝ նշելով հին հուշարձանի կայծակից պաշտպանության համակարգի անբավարար սպասարկումը։ Վերաքննիչ դատարանը մեծացրել է փոխհատուցման չափը՝ նշելով, որ վնասվածքների հետևանքները երկարաժամկետ են եղել և ազդել են կնոջ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա։
Հունաստանի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ ներկայում Ակրոպոլիսում գործում է կայծակից պաշտպանության սարքին համակարգ, որը տեխնիկական սպասարկում է անցնում մոտավորապես երկու տարին մեկ անգամ։ Գերատեսչությունը նաև հայտնել է դրա արդիականացման ծրագրերի մասին։