Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը 12-րդ ալիքի հարցազրույցում հայտնել է, որ այսօր Կատարը երկրի համար ավելի մեծ սպառնալիք է, քան Իրանը։
Բենեթի խոսքով՝ երկու երկրների տարբերությունն այն է, որ Իրանը բացահայտ հայտարարում է Իսրայելը ոչնչացնելու մտադրության մասին, մինչդեռ Կատարը, նրա կարծիքով, գործում է ավելի աննկատ եղանակներով։
«Կատարը հոկտեմբերի 7-ին ֆինանսավորել է Նուհբայի ահաբեկիչներին… ղեկավարում է Al Jazeera հեռուստաալիքը, որը մեզ խոցող ամենաթունավոր քաղցկեղն է… ազդեցություն է գործում ամերիկյան համալսարանների վրա»,- հայտարարել է նախկին վարչապետը։
Նա նաև նշել է, որ վտանգի գլխավոր աղբյուրը Կատարի ազդեցությունն է իսրայելական քաղաքական համակարգի ներսում։ Բենեթը, ըստ ամենայնի, նկատի ուներ հաղորդումները վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախկին և ներկա խորհրդականների մասին, որոնց կասկածում են Կատարի իմիջը բարելավելու արշավին մասնակցելու մեջ ՀԱՄԱՍ-ի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո։
Բենեթը հայտարարել է, որ Կատարը «գործում է Իսրայելի դեմ և թունավորում է այն ներսից», ինչպես նաև քննադատել է այն փաստը, որ երկիրը պաշտոնապես թշնամական պետություն չի համարվում։
«Իսրայելի ամենավտանգավոր թշնամին չի ճանաչվում որպես պետության թշնամի»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրում կարող են լինել հետազոտողներ, հասարակական գործիչներ և նույնիսկ պաշտոնյաներ, որոնք ֆինանսավորում են ստանում Կատարից։
Նախկին վարչապետը խոստացել է, որ հաջորդ կառավարության ձևավորման դեպքում Իսրայելը Կատարը կհայտարարի թշնամական պետություն՝ ներկայիս իրավիճակն անվանելով «աններելի»։
Միաժամանակ, Կատարը մնում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների առանցքային միջնորդներից մեկը պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հարցերում։