Վաշինգտոն նահանգում բռնկված անտառային հրդեհները շուրջ 600 շինություն են ոչնչացրել․ AP

Վաշինգտոն նահանգի Սպոկան շրջանում բռնկված անտառային հրդեհների պատճառով շուրջ 60 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը․ կրակն արդեն շուրջ 600 շինություն է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ նահանգի երկրորդ խոշոր քաղաքի՝ Սպոկանի շրջակայքում մոլեգնող հրդեհը շաբաթ-կիրակի օրերին արդեն ընդգրկել է 21 քառակուսի կիլոմետր տարածք։

Վաշինգտոնի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նահանգում տիրող իրավիճակն ու դաշնային իշխանություններից աջակցություն խնդրել աղետի դեմ պայքարում։

«Մի քանի րոպե առաջ ես զրուցեցի նախագահ Թրամփի և [Ներքին անվտանգության] նախարար [Մարկուեյն] Մալինի հետ։ Մանրամասն ներկայացրի, թե որքան սարսափելի ու ավերիչ իրավիճակ է ստեղծվել Սպոկանում և ողջ նահանգում։ Նախագահը տեղյակ է իրավիճակի մասին և իր մտահոգությունն է հայտնել այս ծանր պահին Վաշինգտոնի բնակիչների կրած դժվարությունների վերաբերյալ։ Մենք միասին կաշխատենք դաշնային լրացուցիչ օգնության հայտերի ուղղությամբ»,- X-ի իր էջում գրել է Ֆերգյուսոնը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնում անտառային հրդեհների դեմ պայքարում ներգրավվել են Ազգային գվարդիայի մարտիկները։ Ընդհանուր առմամբ, նահանգում հրդեհները տարածվել են շուրջ 1000 քառակուսի կիլոմետր մակերեսով, և դրանց մի մասը (այդ թվում՝ Սպոկանի մոտակայքում) դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *