Հարավային Կորեայում ութ ուսանող են ձերբակալել ամերիկյան ռազմական բազա ներթափանցելու փորձի համար

Հարավային Կորեայից ութ ուսանողներ են ձերբակալվել Սեուլի մերձակայքում տեղակայված ամերիկյան Օսան ավիաբազա ապօրինի ներթափանցելու փորձից հետո, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հարավկորեական իրավապահ մարմիններին։

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են չորս երիտասարդ տղամարդ և չորս աղջիկ։ Սկզբում նրանց ձերբակալել էին ամերիկացի զինծառայողները, որից հետո փոխանցել էին հարավկորեական իշխանություններին։ Ուսանողների նկատմամբ հետաքննություն է անցկացվում ռազմական օբյեկտների պաշտպանության մասին օրենքի շրջանակում։

Իրավապահները հայտնել են, որ ակցիայի ընթացքում մասնակիցները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել, այդ թվում՝ «ջախջախել ԱՄՆ ռազմաօդային ուժերի 7-րդ օդային հրամանատարությունը» կոչերը։

Ամերիկացի զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ խումբը փորձել է առանց թույլտվության բազայի տարածք մտնել գլխավոր մուտքով։ Պենտագոնում ընդգծել են, որ ռազմական օբյեկտներ ներթափանցելու նման փորձերը «գնահատվում են ծայրահեղ լրջությամբ»։

Ակցիայի պատասխանատվությունը ստանձնել է Կորեական առաջադեմ ուսանողական միությունը։ Կազմակերպությունում հայտնել են, որ ձերբակալվածները բողոքում էին Հարավային Կորեայում կիսահաղորդիչների արտադրության կլաստերի ստեղծման նախագծի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման դեմ։

Հարավային Կորեայում տեղակայված է մոտ 28,5 հազար ամերիկացի զինծառայող։ Նրանց ներկայությունը Կորեական 1950–1953 թվականների պատերազմից հետո ԿԺԴՀ-ի զսպման համակարգի մի մասն է, որն ավարտվել է զինադադարով, սակայն ոչ թե խաղաղության պայմանագրով։

Չնայած նրան, որ Հարավային Կորեայի բնակիչների մեծամասնությունն աջակցում է ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքին, ամերիկյան ռազմական ներկայությունը հասարակության մի մասի շրջանում շարունակում է մնալ քննադատության պատճառ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *