Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պահվում է «փոքր, մութ, ուտիճներով լի և վատ օդափոխվող» խցում, իսկ զուգարանի փոխարեն այնտեղ օգտագործվում է այսպես կոչված «չեչման», հաղորդում է Georgia Online-ը։
Ըստ նրա՝ նմանատիպ պայմաններում են նաև այլ քաղաքական բանտարկյալներ։
Սահակաշվիլին նշել է, որ հոկտեմբերի 1-ին կլրանա նրա բանտարկության հինգ տարին։ Նա պնդում է, որ մենախցում այսքան երկար պահվելը, ըստ միջազգային նորմերի, հավասարեցվում է խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի։
Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ բանտը Ռուսթավիում ցեմենտի գործարանի հարևանությամբ է, որն, ըստ նրա, պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին։ Սահակաշվիլիի պնդմամբ՝ կալանավորները մշտապես ենթարկվում են ցեմենտի փոշու ազդեցությանը, ինչի պատճառով նրանց համար դժվար է շնչելը։
Բացի դրանից, նա հայտնել է, որ, ի տարբերություն կալանավորների մեծամասնության, իրեն արգելված է օգտվել հեռախոսից, թեև դա նախատեսված է օրենքով։ Ըստ Սահակաշվիլիի՝ միայն վերջերս են իրեն թույլ տվել շաբաթը մի քանի րոպե խոսել դստեր՝ Ալիսայի հետ։ Նա նաև հայտարարել է, որ իրեն մերժում են Ուկրաինայի հյուպատոսի հետ հանդիպումները, թույլ չեն տալիս ստանալ ուկրաինական տպագիր հրատարակություններ և տեսանյութեր, իսկ փաստաբաններին արգելում են բերել լուսանկարներ, ներառյալ՝ իր երեխաների և թոռան նկարները։
Սահակաշվիլին պնդում է, որ միջազգային, կառավարական և խորհրդարանական պատվիրակություններին բազմիցս մերժել են իրեն այցելելու հնարավորությունը։
«Ինձ հետ վարվում են ինչպես ռազմագերու հետ, միայն թե չեն պահպանում Ժնևյան կոնվենցիան»,- հայտարարել է նախկին նախագահը։ Նա նաև կրկին մեղադրել է վրացական իշխանություններին բանտարկության սկզբում խոշտանգումների և թունավորման մեջ՝ հայտարարելով, որ այս ամենը միտված է կոտրելու իր կամքը։