
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի և Կիևի մարզի վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 44-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում արձակվել է 24 բալիստիկ հրթիռ, չորս «Ցիրկոն/Օնիքս» հրթիռ և 115 անօդաչու թռչող սարք, որոնցից զգալի մասը ռեակտիվ շարժիչով էին։
Զելենսկին նշել է, որ հարձակման հիմնական թիրախներն են եղել քաղաքացիական պահեստները, ենթակառուցվածքային օբյեկտները և երկաթուղային կայարանը։ Նա նաև նշել է, որ վնասվել են ոչ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ գարեջրատուն, շինանյութերի պահեստներ և քաղաքացիական լոգիստիկ օբյեկտներ։
Ուկրաինայի նախագահը կրկին կոչ է արել արևմտյան գործընկերներին արագացնել բալիստիկ հրթիռները որսալու ունակ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։ Նա կարծում է, որ նման համակարգերի մատակարարման ուշացումները հանգեցնում են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի։
Զելենսկին նաև կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը՝ նշելով, որ բալիստիկ հրթիռների արտադրությամբ զբաղվող որոշ ընկերություններ դեռևս չեն ենթարկվում միջազգային սահմանափակումների։ Նա կոչ է արել G7 երկրներին, Եվրամիությանը և Ուկրաինայի մյուս դաշնակիցներին ձեռնարկել լրացուցիչ միջոցներ։