Ֆրանսիան Ուկրաինայի պատերազմից քաղած դասերից հետո ավտոգործարանները վերածում է ռազմական անօդաչուների գործարանների

Ֆրանսիան գործնական փուլ է տեղափոխում ավտոմոբիլային արդյունաբերությունը ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավելու ծրագրերը, գրում է Reuters գործակալությունը։

Ավտոարտադրողները, ավտոբաղադրիչների մատակարարները և պաշտպանական ընկերությունները համատեղ նախագծեր են ստեղծում՝ փորձելով Ուկրաինայի պատերազմի փորձը տեղափոխել անօդաչուների զանգվածային արտադրություն։

Տարվա սկզբից Ֆրանսիայում հայտարարվել է առնվազն նման վեց գործընկերության մասին։ Նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը հույս ունի օգտագործել ավտոարդյունաբերության հնարավորությունները՝ արտադրության մասշտաբը, ավտոմատացումը և ինքնարժեքն արագ նվազեցնելու ունակությունը, ռազմական տեխնոլոգիաների ամենաարագ աճող ուղղություններից մեկը զարգացնելու համար։

Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական գործողությունների փորձը ցույց է տվել, թե որքան կարևոր դեր են անօդաչու թռչող սարքերը խաղում ժամանակակից հակամարտություններում։ Դա Ֆրանսիային և եվրոպական մյուս դաշնակիցներին ստիպել է արագացնել սեփական անօդաչուների արտադրության զարգացումը՝ Եվրոպայից պաշտպանական հնարավորությունները ամրապնդել պահանջող ԱՄՆ-ի ճնշման պայմաններում։

Ֆրանսիական իշխանությունները հույս ունեն ստեղծել արդյունաբերական բազա, որն ի վիճակի կլինի տարեկան տասնյակ հազարավոր անօդաչու սարքեր արտադրել։ Սակայն այդ ծավալները դեռևս զգալիորեն զիջում են Ուկրաինայի և Ռուսաստանի արտադրության մասշտաբներին։

«Ինչո՞ւ հենց հիմա։ Որովհետև պահանջարկը կա արդեն հիմա՝ անօդաչուները հիմա են պետք։ Եվ ինչո՞ւ Ֆրանսիայում։ Որովհետև մեզ խնդրում են երաշխավորել մեր սեփական ինքնիշխանությունը»,- հայտարարել է ֆրանսիական ավտոբաղադրիչներ արտադրող Valeo ընկերության ղեկավար Քրիստոֆ Պերիյան։

Ֆրանսիական զինվորականները երկրի տարածքի վրա շուտով մեծ թվով անօդաչուների տեղակայում չեն ակնկալում, սակայն անհրաժեշտ են համարում ճգնաժամի դեպքում արտադրությունը շեշտակի մեծացնելու հնարավորություն ունենալը։ Ֆրանսիայի Սենատն ավելի վաղ հայտարարել էր, որ մի քանի հազար անօդաչու սարքից բաղկացած առկա պաշարը բավարար չէ «կրիտիկական զանգվածի» հասնելու համար։

Valeo ավտոմատակարարը Ֆրանսիայում էլեկտրաշարժիչներ կարտադրի Harmattan AI պաշտպանական ընկերության անօդաչուների համար։ Forvia ընկերությունը հայտարարել է անօդաչուների դեմ պայքարի համակարգերի եվրոպական մշակողի հետ համագործակցության մասին և դիտարկում է ամսական մինչև 1000 որսացող անօդաչու արտադրելու հնարավորությունը։

Renault-ը Thales պաշտպանական ընկերության հետ համատեղ ծրագրում է Toutatis հարվածային անօդաչուի արդյունաբերական արտադրություն կազմակերպել՝ 2027 թվականից այն հասցնելով ամսական շուրջ 1000 միավորի։ Բացի դրանից, ֆրանսիական անօդաչու արտադրող Delair-ը գերմանական Schaeffler ավտոբաղադրիչների կոնցեռնի հետ միասին ստեղծում է արտադրական հոսքագիծ, որը պետք է օրական մոտ 100 անօդաչու սարք արտադրի։

Եթե Renault-ի, Schaeffler-ի և Forvia-ի ծրագրերն իրականացվեն, համախառն արտադրանքը կարող է հասնել տարեկան մոտ 60 հազար անօդաչուի։ Սակայն լայնածավալ պատերազմի պայմաններում դա կարող է բավարար չլինել․ Ուկրաինան հայտարարել էր տարեկան միլիոնավոր անօդաչուներ արտադրելու ծրագրերի մասին։

Ֆրանսիական իշխանությունները շեշտը դնում են հենց զանգվածային արտադրության վրա։ Ֆրանսիայի պաշտպանական գնումների գործակալության ղեկավար Պատրիկ Պայուն հայտարարել է, որ խնդիրը միայն առանձին մոդելներ ստեղծելը չէ, այլ այնպիսի անօդաչուների մշակումը, որոնք կարելի է մեծ սերիաներով արտադրել ավտոմատացված հոսքագծերի վրա։

«Պաշտպանական ստարտափի կողմից մեկ անօդաչուի արտադրությունը և այնպիսի արտադրանքի ստեղծումը, որը կարելի է վերարտադրել հսկայական ծավալներով՝ արդյունաբերական ռոբոտների օգնությամբ, տարբեր բաներ են», — նշել է նա։

Renault-ի գլխավոր տնօրեն Ֆրանսուա Պրովոն հայտնել է, որ Toutatis հարվածային անօդաչուի կառուցվածքը պարզեցվում է․ 3D տպագրության փոխարեն ավելի քիչ մասեր կօգտագործվեն և պլաստմասե ձուլում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել արժեքը և մեծացնել արտադրության ծավալները։

Միաժամանակ, ֆրանսիական զինվորականները նշում են, որ խնդիրը արագ տեխնոլոգիական զարգացման պատճառով շուտ հնացող անօդաչուների հսկայական պահեստներ ստեղծելը չէ, այլ ուսուցման համար բավարար պաշարներ ապահովելը և սպառնալիքի դեպքում արտադրությունն արագ մեծացնելու կարողությունը։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հայտարարել էր ազգային անօդաչու ոլորտի զարգացման համար 150 միլիոն եվրո (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին։ Սակայն ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ Ֆրանսիան դեռ զիջում է Գերմանիային փոքր տակտիկական անօդաչուների ֆինանսավորման հարցում, և որ շուկայում պակասում են խոշոր պետական պատվերները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *