«Ալտա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Ալտա») իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
– արտադրական շինության հատակի, պատերի, դուռան մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա է եղել մասնիկների թափվելու հավանականություն,- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: