Աննա Հակոբյանի հասցեին հնչած բռնության կոչերի և կյանքից զրկելու սպառնալիքների մասին նրա հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ զարգացումների ֆոնին ABC Media-ն հարցում է ուղարկել ՀՀ պետական պահպանության ծառայություն՝ պարզելու, թե ինչ իրավական հիմքով է Աննա Հակոբյանը գտնվում պետական պահպանության ներքո և ինչ կարգավիճակով է օգտվում այդ պաշտպանությունից։
ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը հայտնել է, որ Աննա Հակոբյանը պետական պահպանության ներքո է և համարվում է վարչապետի ընտանիքի անդամ։ Մենք հետաքրքրվել էինք՝ արդյոք Աննա Հակոբյանը ներկայում կամ երբևէ գտնվել կամ գտնվո՞ւմ է պետական պահպանության ներքո, ինչպես նաև՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ, արդյոք նա օրենքի ուժով ունի՞ վարչապետի ընտանիքի անդամի կարգավիճակ։
Պետական պահպանության ծառայությունը պարզաբանել է, որ թեև նրանց ամուսնությունը գրանցված չէ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք մեկնաբանությունների համաձայն՝ համատեղ բնակությունը, ընդհանուր երեխաների առկայությունը, փոխադարձ խնամքը, ինչպես նաև տնտեսական և սոցիալական կապերը թույլ են տալիս նրանց հարաբերությունները դիտարկել որպես ընտանեկան հարաբերություններ։ Հենց այս հիմքով, ծառայության տեղեկացմամբ, Աննա Հակոբյանին տրամադրվում է պետական պահպանություն՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։Այդ դրույթը նախատեսում է, որ վարչապետի պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող և նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։ Այսպիսով, Պետական պահպանության ծառայությունը հաստատում է, որ Աննա Հակոբյանի պետական պահպանության իրավական հիմքը ոչ թե պաշտոնապես գրանցված ամուսնությունն է, այլ վարչապետի հետ նրա ընտանեկան հարաբերությունների իրավական գնահատականը և համատեղ բնակության փաստը։