ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է, որ Իրանը Վաշինգտոնին հավաստիացրել է՝ Հորմուզի նեղուցով նավերի անցնելու համար վճար գանձելու ծրագրեր չունի, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է գնահատել Թեհրանի գործողությունները, ոչ թե նրա հայտարարությունները։
«Իրանցիներն ասել են մեզ, որ չեն ծրագրում վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Բայց, կրկին, մենք կտեսնենք, թե ինչ գործողություններ կհետևեն», — ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից նավթի և գազի մատակարարումների նախկին ծավալները կվերականգնվեն։ Վենսը նշել է, որ դա են ցանկանում նաև տարածաշրջանի երկրները։
«Մեր ակնկալիքն այն է, որ ծոցով կանցնի նույն ծավալի նավթ և գազ, ինչ եղել է մինչև հակամարտության սկիզբը», — հայտնել է ԱՄՆ փոխնախագահը։
Միևնույն ժամանակ, Վենսը հայտնել է, որ Իրանը և Պարսից ծոցի երկրները, առաջին հերթին Օմանը, վերջին օրերին քննարկում են նեղուցով անվտանգ նավարկության ապահովման հարցը։ Նա գլխավոր խնդիրներից մեկն անվանել է ականները, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, Իրանը տեղադրել է պատերազմի սկզբում։
«Մենք հիմա փաստացի մշակում ենք այն հարցը, թե ինչպես կազմակերպել նավերի տեղաշարժը, որպեսզի դրանք կարողանան անվտանգ անցնել։ Սա, իհարկե, ներառում է նաև ականազերծումը», — ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև Իրանից պահանջում է երաշխիքներ, որ առևտրանավերը չեն ենթարկվի հարձակումների։
Վենսը նշել է, որ Իրանը լրջորեն տուժել է ԱՄՆ գործողության ընթացքում և շահագրգռված է հակամարտության ավարտով։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ առայժմ պարզ չէ, թե արդյոք Թեհրանը պատրաստ է կատարել Վաշինգտոնի համար դիմակայությունը դադարեցնելուն անհրաժեշտ բոլոր պայմանները։
«Դա դեռ պետք է պարզել։ Բայց ես իսկապես կարծում եմ, որ վերջին մի քանի օրում մենք հասել ենք որոշակի առաջընթացի», — հայտնել է ԱՄՆ փոխնախագահը։