Մնալու իրավունք չունեցող միգրանտները պետք է լքեն Եվրոպան՝ առանց «եթե»-ների, «և»-երի կամ «բայց»-երի․ ԵՄ պահպանողական կուսակցության առաջնորդ

Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Ուեբերը կոչ է արել Աֆրիկայում արագորեն ստեղծել միգրանտների վերադարձի կենտրոններ, այն բանից հետո, երբ հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ ներխուժեցին Իսպանիայի Սեուտա էքսկլավ․ գրում է politico.eu-ն։

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար գրած իր հոդվածում պահպանողականների առաջնորդ Ուեբերը գրել է. «Սեուտան ցույց տվեց, որ հարևան երկրների հետ սերտ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել։ Մարոկկոն անմիջապես հետ ընդունեց իր քաղաքացիներին։ Ոչ ոք չկարողացավ շարունակել ճանապարհը դեպի Շենգենյան գոտի։ Եվրոպան պետք է արագորեն ստեղծի վերադարձի կենտրոններ Աֆրիկայում»։

Սեուտայի դեպքից հետո մի շարք միջազգային առաջնորդներ մեղադրել են Իսպանիայի ձախակողմյան կառավարությանը՝ նրա միգրացիոն քաղաքականության համար։ Մադրիդը նախկինում օրինական կարգավիճակ է շնորհել կես միլիոն անօրինական միգրանտների։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և նրա աջակողմյան կառավարությունն ամենակոշտ քննադատներից են, իսկ Հռոմն ուրբաթ օրը սահմանային վերահսկողություն է սահմանել Իսպանիայից եկող ճանապարհորդների համար։ Մադրիդը խոստացել է հակահարված տալ։

Ուեբերը կրկնել է ԵՄ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների արած առաջարկները՝ պնդելով, որ դաշինքից դուրս գտնվող երկրներին կարող են առաջարկվել ավելի սերտ առևտրային կապեր, տնտեսական համագործակցություն և օրինական միգրացիայի հնարավորություններ՝ իրենց երկրներում վերադարձի կենտրոններ ստեղծելու դիմաց։

«Մնալու իրավունք չունեցող միգրանտները պետք է լքեն Եվրոպան՝ առանց «եթե»-ների, «և»-երի կամ «բայց»-երի», – գրել է նա՝ հավելելով, որ վերադարձն այլևս չպետք է կախված լինի առանձին անդամ երկրների քաղաքական կամքից։

Ուեբերը նաև մերժել է Եվրոպայի ներսում ներքին սահմանային վերահսկողությունը որպես երկարաժամկետ լուծում։ «Դրանք կարող են անհրաժեշտ լինել բացառիկ իրավիճակներում։ Սակայն դրանք չեն լուծում խնդրի բուն պատճառը… Հետևաբար, կարող է լինել միայն մեկ պատասխան՝ արտաքին սահմանի ուժեղ, համատեղ եվրոպական պաշտպանություն»։

Հունիսի սկզբին Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհուրդը հայտարարել են միգրանտների վերադարձի վերաբերյալ ԵՄ նոր կանոնների մասին՝ ներառյալ արտաքսումը դաշինքից դուրս գտնվող երկրներ։

Ուեբերը նաև պնդել է, որ Սեուտայի ճգնաժամը, որը մոտ 100 մարդու կյանք խլեց, միակողմանի ազգային գործողությունների արդյունք էր, և Իսպանիայի կառավարության «քաղաքական ազդանշաններն» «անմիջական ազդեցություն են ունեցել միգրացիոն ուղիների վրա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *