Հայաստանում՝ Հրազդանում, բացվել է Firebird AI-ի արհեստական բանականության գործարանի առաջին փուլը։ Բացման արարողությամբ ազդարարվել է առաջին փուլի ավարտն ու նախագծի երկրորդ՝ ավելի մասշտաբային փուլի մեկնարկը։
«Ութ ամիս առաջ ես կանգնած էի գրեթե ճիշտ այն նույն վայրում, որտեղ դուք հիմա նստած եք։ Այստեղ շենք չկար, դաշտ էր։ Միայն երազանքն ու մի գաղափար կար, որը շատերը քաղաքավարի կերպով ասում էին, թե իրատեսական չէ։ Այսօր դուք կանգնած եք տարածաշրջանի արհեստական բանականության ամենամեծ գործարանի ներսում»,– ասել է Firebird-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Եսայանը։
Նրա խոսքով՝ նախագծի հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել արդեն հաջորդ տարի։ Ըստ նրա՝ եթե առաջին փուլը գործարանի ներկայիս չափն է, ապա երկրորդ փուլը թե՛ չափերով, թե՛ ներդրումների ծավալով մոտ տասն անգամ ավելի մեծ կլինի։
Firebird-ի առաջին փուլում տեղադրվել է 6144 NVIDIA Blackwell GPU, իսկ նախագծի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը։
Firebird AI-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը նշել է, որ ներկայում գործող ենթակառուցվածքը ընդհանուր ծրագրի միայն մի մասն է։
«Firebird-ը, ինչպես գիտեք, ամերիկյան ընկերություն է։ Մենք ասել ենք՝ ԱՄՆ-ից Հայաստան, իսկ Հայաստանից՝ դեպի աշխարհի մնացած մասը։ Հայաստանում մեր հաջորդ փուլը նախատեսում է մոտ 300 մեգավատ հզորություն և 70 հազար GPU՝ Blackwell-ի վերջին սերնդից մինչև Vera Rubin-ի նորագույն հաշվարկային հարթակներ»,– ասել է նա։
Հովակիմյանի խոսքով՝ Հայաստանում ձևավորվելու է ամերիկյան տեխնոլոգիաների հզոր էկոհամակարգ՝ Vertiv-ից մինչև Dell և NVIDIA, որը նախատեսված կլինի ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հաճախորդների սպասարկման համար։ Firebird-ը նախատեսում է նաև ընդլայնվել դեպի այլ շուկաներ․ ընկերության նախագծերի ընդհանուր պորտֆելը առաջիկա տարիներին կարող է հասնել մոտ 2 գիգավատ հզորության։
Firebird-ի գաղափարը՝ 2019 թվականից
Firebird-ի ստեղծման գաղափարը ձևավորվել է դեռևս 2019 թվականին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր NVIDIA-ի գրասենյակ և հանդիպել ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ։
NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլյացիաների տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանի խոսքով՝ Փաշինյանն առաջին պետության ղեկավարն էր, որն այցելել էր NVIDIA, և հենց այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել էր Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգիչ ստեղծելու գաղափարը։
«Թվում է՝ ամեն ինչ տեղի ունեցավ շատ-շատ արագ։ Firebird-ը կարծես ոչ մի տեղից հայտնվեց։ Մոտ մեկ տարի առաջ էր, որ մենք սկսեցինք խոսել դրա մասին։ Բայց իրականում այս ճանապարհը սկսվել էր դեռ 2018 թվականին՝ Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված պայմանների շնորհիվ»,– նշել է Լեբարեդյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում այժմ տեղի է ունենում մարդկության պատմության խոշորագույն տեխնոլոգիական և արդյունաբերական հեղափոխություններից մեկը, որը հնարավորություն է տալիս այն երկրներին, որոնք նախկինում հետ էին մնացել, նոր տեխնոլոգիական փուլում սկսել համեմատաբար հավասար մեկնարկային պայմաններից։
Լեբարեդյանը ընդգծել է, որ արհեստական բանականության ոլորտի զարգացումը Հայաստանի համար կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից։
«Խաղաղություն ունենալու համար անհրաժեշտ է, որ որևէ երկիր կարևոր լինի ոչ միայն ինքն իր, այլև մյուսների համար։ Մենք պետք է կարևոր լինենք մեր հարևանների, ամբողջ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Եվ այն, ինչ այսօր տեսնում եք այստեղ, հենց դրա դրսևորումն է։ Այստեղ ներկայացվածը միայն Հայաստանը չէ։ Այստեղ մենք ունենք Հայաստանի աջակցող Միացյալ Նահանգները, աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ ամերիկյան NVIDIA-ն, Dell-ը։ Սա Հայաստանի համար ազդանշան է, որ մենք ներուժ ունենք և սկսում ենք կարևոր դառնալ»,– ասել է նա։
Նախագիծը ընդլայնվում է դեպի Ղազախստան
Firebird-ի զարգացման հաջորդ ուղղությունը Ղազախստանն է։ Ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունից ստացել է Ղազախստան NVIDIA-ի համապատասխան տեխնոլոգիաներ արտահանելու լիցենզիա և նախատեսում է այնտեղ ևս նմանատիպ ենթակառուցվածք կառուցել։
Բացման արարողությանը ներկա է եղել Ղազախստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Ժասլան Մադիևի գլխավորությամբ։
Ըստ Firebird-ի՝ առաջիկա 12 ամիսների ընթացքում Հայաստանում և Ղազախստանում նախատեսվում է տեղակայել NVIDIA-ի արհեստական բանականության ենթակառուցվածք՝ ընդհանուր 250 մեգավատ հզորությամբ։
NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որը միջոցառմանը մասնակցել է տեսակապով, նշել է, որ արհեստական բանականության պահանջարկն այսօր վերածվում է հաշվողական հզորությունների պահանջարկի։
«Արհեստական բանականությունը, ինչպես նախկինում էլեկտրականությունն ու համացանցը, կդառնա ենթակառուցվածքի նոր տեսակ՝ ստեղծելով բանականություն յուրաքանչյուր թվային հավելվածի, յուրաքանչյուր ընկերության և յուրաքանչյուր քաղաքացու համար»,– ասել է Հուանգը։
Նրա խոսքով՝ Firebird-ի կառուցվող ենթակառուցվածքը կարող է դառնալ միջազգային ընկերությունների համար Հայաստանի և Ղազախստանի շուկաներ գալու և այստեղ իրենց արհեստական բանականության համակարգերը կառուցելու ու գործարկելու խթան։
Հաշվողական հզորությունները՝ հայկական էկոհամակարգի համար
Firebird-ի գործարանի հաշվարկային հզորությունները նախատեսված են ոչ միայն միջազգային, այլև Հայաստանի տեղական տեխնոլոգիական և գիտական էկոհամակարգի զարգացման համար։
Առաջին փուլում գործարանում կաշխատի շուրջ 100 մասնագետ, իսկ նախագծի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ։
Հաշվողական ռեսուրսների մի մասը նախատեսված է Հայաստանի էկոհամակարգի զարգացման համար։ Դրանք հասանելի կլինեն տեղական ստարտափներին, համալսարաններին, հետազոտական կենտրոններին և գիտակրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։
823 միլիոն դրամ՝ հարկերի տեսքով
Նախագծի տնտեսական ազդեցությունն արդեն արտացոլվում է նաև պաշտոնական ցուցանիշներում։ 2026 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է Firebird AI ընկերությունը՝ պետական բյուջե վճարելով 823 միլիոն դրամ հարկ։
Firebird-ի ղեկավարության ներկայացմամբ՝ Հրազդանում ներկայում գործող ենթակառուցվածքը միայն ծրագրի սկիզբն է։ Ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել նախագիծը Հայաստանում, Ղազախստանում և այլ զարգացող շուկաներում։
Նախագծի հեղինակները Firebird-ի հայաստանյան ուղղությունը դիտարկում են ոչ միայն որպես արհեստական բանականության ենթակառուցվածք, այլև որպես Հայաստանի՝ տարածաշրջանային և համաշխարհային տեխնոլոգիական շղթաներին միանալու հնարավորություն։
«Հենց այստեղով է անցել Մետաքսի մեծ ճանապարհը, և մեզ համար շատ խորհրդանշական է, որ դրա էությունն այսօր էլ պահպանվում է՝ մենք կապում ենք աշխարհը»,– ասել է Ռազմիկ Հովակիմյանը։