«Բեսամթ կուլտուրական» ՔՊ-ն Էդգար է գզում․․․

Ութ տարի խորհրդարանում հայհոյող ու ընդդիմախոսներին «պատին ծեփող» իշխանությունը հանկարծ այս նստաշրջանում որոշեց «բեսամթ կուլտուրական» դառնալ։ Այնքան կուլտուրական, որ Վահագն Ալեքսանյանին ընտրեց ԱԺ փոխխոսնակ, որպեսզի տեղն ընկած ժամանակ լեզվից բացի՝ գործի դնի նաև ոտքերը։

Կա՞ մեկը, որ հավատում է այս թատրոնին։ Չե՞ք ուզում մտածել՝ իշխանությունն ինչո՞ւ հանկարծ ընտրեց այս ուղին։ Պատերին ծեփող, ասֆալտին փռող, մարդկանց «ԿԳԲ-ի ծակերը լցնող» իշխանության ղեկավարը հանկարծ որոշեց, որ Ազգային ժողովում պիտի «բեսամթ կուլտուրական» լինեն։ Էթիկայի հանձնաժողո՜վ են ստեղծում։ Ականջդ կանչի, Փաշինյան Նիկոլ։

Իսկ թե ինչի համար է պետք այս ամբողջ «կուլտուրականությունը», հենց այսօրվա նիստում շատ լավ ցույց տվեցին։ ՔՊ խմբով Էդգար Ղազարյանին էին գզում։ ՔՊ-ի ձեռքը «փափուկ թիքա» էր ընկել՝ թիմով «ճաշակում էին»։ Մեկը մի կողմից, մյուսը՝ մյուս, մինչև բանը հասավ այնտեղ, որ ԱԺ փոխխոսնակի աթոռից հարկ համարեց բարձրանալ Վահագն Ալեքսանյանը և մոլեգին գոռալ՝ Պետք է ներողություն խնդրե՜ս։
Իսկ իրենք՝ ՔՊ-ի թիմը, ներողություն խնդրելու բան չունե՞ն։

Ես դեմ չեմ ոչ մեկի ներողությանը։ Եթե մարդը սխալ է արել՝ թող ներողություն խնդրի։ Բայց մի տեսակ թատերական է ստացվում, երբ ներողության պահանջը հանկարծ դառնում է բացառապես Էդգար Ղազարյանի պարտականությունը։
Այդ դեպքում Էդգարի հետ հատ-հատ ներողություն պիտի խնդրեն ԱԺ ամբիոնից խոսող ու դահլիճում իրար քաշքշող բոլոր այն պատգամավորները, պաշտոնյաները, որոնք տարիներ շարունակ վիրավորել, հայհոյել, սպառնացել են, քաղաքացիների արժանապատվությունն են նվաստացրել, ԱԺ-ում լրագրողների են քաշքշել և հետո էլ մեզ բացատրել, թե իրենք են քաղաքական նոր մշակույթի կրողները։

Հիմա հանկարծ «բեսամթ կուլտուրական» ԱԺ են ստեղծել ու դեռ չստեղծած՝ Էդգա՞ր են գզում։ Ձեզ թողած, ձեր արած-չարածը թողած՝ Էդգա՞ր եք գզում։ Ու այստեղ արդեն հարցը միայն Էդգարը չէ։ Այս «կուլտուրականացման» տակ մի ուրիշ հաշվարկ կա։
Որովհետև երբ իշխանությունը հանկարծ սկսում է շատ խոսել էթիկայից, կանոններից, ներողությունից ու պատշաճ վարքից, բայց այդ ամենը կիրառվում է հիմնականում նրանց նկատմամբ, ովքեր իրենց հետ համաձայն չեն, հարց է առաջանում՝ էթիկա՞ են հաստատում, թե՞ անհնազանդներին պատժելու նոր մեխանիզմ։ Նախկինում ասում էին՝ «պատին կծեփենք», «ասֆալտին կփռենք»։

Հիմա նույն գործը կարելի է անել ավելի կոկիկ՝ հանձնաժողովով, կանոնակարգով, արձանագրությամբ ու օրինական ընթացակարգով։ Այսինքն՝ նախկինում գզում էին առանց փաթեթավորման, հիմա ուզում են նույնը անել՝ օրինական փաթեթավորմամբ։
Ով չի լռում՝ էթիկայի խնդիր ունի։
Ով չի համաձայնում՝ վարքագծի խնդիր ունի։
Ով քննադատում է՝ պիտի ներողություն խնդրի։
Ով իրենցը չէ՝ մի օր էլ կարող է հայտնվել այն հանձնաժողովի առաջ, որի անունը շատ գեղեցիկ է՝ «Էթիկա»։
Ու այսպես, կամաց-կամաց, անհնազանդին պատժելու ցանկությունը կարող է ներկայացվել ոչ թե որպես քաղաքական հաշվեհարդար, այլ որպես օրինական կարգապահություն։ Ահա թե որտեղ է ամբողջ «բեսամթ կուլտուրականության» հումորը։ Նույն հին ձեռագիրը՝ նոր կազմով։ Նույն գզելը՝ նոր կանոնակարգով։ Նույն անհնազանդներին պատժելու ցանկությունը՝ այս անգամ «էթիկայի» գեղեցիկ փաթեթավորմամբ։

Բեսամթ կուլտուրական, իհարկե։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *