ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից կպահանջի փոխհատուցում վճարել «բոլոր սպանված և ծանր վիրավորված մարդկանց համար»։ Դա պատասխան էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով իրեն պատճառված վնասը փոխհատուցելու Իրանի պահանջին, հաղորդում է Reuters-ը։
Թրամփի հրապարակումը սոցցանցերում հայտնվել է այն բանից հետո, երբ Իրանը անցած հանգստյան օրերին հայտարարեց Օմանի հետ գործարքի մոտալուտ կնքման մասին, որը սահմանում է նրանց միջև նոր նավարկային ուղիներ Հորմուզի նեղուցով, սակայն միաժամանակ կրկնել է, որ ԱՄՆ-ը պետք է մի շարք պայմաններ կատարի, դրանց թվում՝ վճարի փոխհատուցում, պատժամիջոցների չեղարկում և ռազմական սպառնալիքների դադարեցում, նախքան ռազմավարական ջրային ուղին կրկին կբացվի։
«Սա հետաքրքիր գաղափար է, որովհետև հիմա ես, իմ հերթին, Իրանից փոխհատուցում եմ պահանջում բոլոր այն մարդկանց համար, որոնց նրանք սպանել և ծանր վիրավորել են իրենց ճանապարհամերձ ռումբերի միջոցով և բազմաթիվ հակամարտությունների ընթացքում»,- Truth Social-ում գրել է նա։
Թրամփը նաև հիշատակել և Իրանից պահանջել է փոխհատուցում 2000 թվականի հոկտեմբերին Եմենի նավահանգստում ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Cole հրթիռակիր կործանիչի մահաբեր պայթյունի համար։ ՀԴԲ-ն այդ պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր 17 նավաստի, իսկ ավելի քան երեք տասնյակ մարդ վիրավորվել էր, վերագրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցին։
Թրամփը հավելել է, որ Թեհրանը նաև պետք է փոխհատուցում վճարի այս տարվա հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհված հազարավոր մարդկանց ընտանիքներին։