Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում ներկա դրությամբ երաշտ է, երկուշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ Դա ընդգծում է երկարատև չոր եղանակի խորացող ազդեցությունը գյուղատնտեսության, բնակչության ջրամատակարարման համակարգերի և վայրի բնության վրա։
Պաշտոնական տվյալներով՝ երաշտը մոլոեգնում է երկրի տարածքի 71,3%-ում։ Իրավիճակը զգալիորեն վատթարացել է հուլիսի վերջի համեմատ, երբ երաշտի ռեժիմը գործում էր պետության տարածքի մոտավորապես կեսում։
Երաշտի գոտում բնակվում է շուրջ 45 միլիոն մարդ, ընդ որում 27 միլիոն մարդ արդեն բախվել է ջրի օգտագործման պաշտոնական սահմանափակումների։
Մեծ Բրիտանիան այս տարի արդեն շոգի հինգերորդ ալիքն է։ Անգլիայում և Ուելսում հուլիսը վերջին 190 տարվա ընթացքում ամենաչորն էր, իսկ Անգլիայի հարավ-արևելքում ամսվա ընթացքում տեղացել է կլիմայական նորմային համապատասխան տեղումների ընդամենը 1%-ը։
Գետերում, ջրամբարներում և ստորերկրյա ջրային աղբյուրներում ջրի մակարդակը շարունակում է նվազել։ Շոգ և չոր պայմանները բազմակիորեն մեծացնում են անտառային հրդեհների վտանգը։
Կառավարության տվյալներով՝ անոմալ շոգը բացասաբար է ազդում բազմացման շրջանում գտնվող թռչունների պոպուլյացիաների, երկկենցաղների և քաղցրահամ ձկների պաշարների վրա։
Ըստ Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինների՝ անցյալ ամիս հրապարակած տվյալների, երկրում շոգի հետ կապված պատճառներով արդեն շուրջ 2877 մարդ է մահացել։
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում ճգնաժամի հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Ինչպես հայտարարել է ջրային ռեսուրսների հարցերով նախարար Էմմա Հարդին, կառավարությունը մեծացնում է բնակչությանը ցուցաբերվող աջակցությունը և հեշտացնում է ֆերմերների համար տեղում լրացուցիչ ոռոգման ջրամբարների կառուցման գործընթացը։