«Մոսադ»-ի նախկին տնօրեն Յոսի Քոհենը հայտարարել է, որ բազմիցս այցելել է Իրանի Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման օբյեկտը՝ այն ուսումնասիրելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։
«Մենք բազմիցս այցելել ենք Ֆորդոյի միջուկային օբյեկտ՝ հասկանալու, թե ինչպես է այն կառուցված»,- նրա խոսքերը մեջբերում է իսրայելական մամուլը։ Քոհենը չի հստակեցրել, թե երբ են հենց տեղի ունեցել այդ այցերը և էլ ովքեր են դրանց մասնակցել։
«Այն, որ ամերիկացիները հարված հասցրին դրան, դարձավ իմ բոլոր երազանքների իրականացումը»,- հավելել է նա՝ ելույթ ունենալով Ցֆատում անցկացված Գալիլեայի ֆորումում։
Ֆորդոն, ինչպես նաև Իսֆահանի և Նաթանզի միջուկային օբյեկտները, լրջորեն վնասվել էին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով՝ 2025 թվականի հունիսին Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցած 12-օրյա հակամարտության ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ օբյեկտներում պահվող շուրջ 440 կիլոգրամ բարձր հարստացված ուրանը թաղված է եղել։ Միաժամանակ Իսրայելը կարծում է, որ հակամարտության ավարտից հետո Իրանը պաշարների մի մասը տեղափոխել է «Պիկեքս-Մաունթին» օբյեկտ։
Քոհենը հայտարարել է նաև, որ մինչև 60% հարստացված ուրանը «դեռ շատ հեռու է ռումբից»։ Այդ պնդումը հակասում է մի շարք փորձագետներիմ նրանց թվում՝ Դևիդ Օլբրայթի գնահատականներին. վերջինս կարծում է, որ 60% հարստացման մակարդակ ունեցող ուրանը հնարավոր է մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրերի ընթացքում հասցնել զենքի մակարդակի։
Քոհենը նախկինում ևս հրապարակայնորեն պատմել էր Իրանում «Մոսադ»-ի գործունեության մասին։ 2021 թվականին գերատեսչության ղեկավարի պաշտոնից հեռանալուց մի քանի օր անց նա հարցազրույց էր տվել իսրայելական հեռուստատեսությանը, որտեղ բացահայտել էր Իրանի միջուկային ծրագրի դեմ իրականացված գործողությունների մի շարք մանրամասներ։
Մասնավորապես, Քոհենը ակնարկել էր «Մոսադ»-ի առնչությունը Նաթանզում ցենտրիֆուգների արտադրության ստորգետնյա օբյեկտում տեղի ունեցած պայթյունին, մանրամասն պատմել էր 2018 թվականի գործողության մասին, որի ընթացքում Իրանի միջուկային արխիվը դուրս էր բերվել Թեհրանում գտնվող պահոցից, ինչպես նաև հաստատել էր, որ հետագայում սպանված իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն մի քանի տարի գտնվել է իսրայելական հետախուզության ուշադրության կենտրոնում։
Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի «Ուվդա» («Փաստ») վավերագրական ծրագրում Քոհենը ասել էր, որ լավ ծանոթ է Իրանի տարբեր միջուկային օբյեկտներին։ Նա հայտարարել էր, որ հնարավորության դեպքում հաղորդավար Իլանա Դայանին ցույց կտար Նաթանզի օբյեկտի ստորգետնյա տարածքը, որտեղ, նրա ասելով, գտնվում էին ցենտրիֆուգները։