Չորեքշաբթի Լիտվայի կառավարությունը ճշգրտել է Բելառուսի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին հակաշարժունակության ինժեներական միջոցների տեղակայման ծրագիրը։ Փաստաթուղթը սահմանամերձ գոտում նոր պաշտպանական գոտու ստեղծում է նախատեսում, հայտնում է LRT-ն։
Ըստ ընդունված որոշման՝ Լիտվայի տարածքում, սահմանապահ պարեկային ճանապարհի գծից անմիջապես հետո, նախատեսվում է ստեղծել 20 մետր լայնությամբ ինժեներական արգելապատնեշների գոտի։ Բանակի սահմանած առանձին օպերատիվ շրջաններում նման գոտիները կընդլայնվեն մինչև 150 մետր՝ երկրի խորքը։
«Կազմվել է ամբողջ կոնկրետ ծրագիրը՝ ինչպես է այն երևում հինգ, 20 և 50 կիլոմետր հեռավորության վրա, ինչպիսի ամրություններ պետք է լինեն և ինչ որոշումներ է անհրաժեշտ ընդունել»,- չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։
Լիտվայի բանակի որոշած վայրերում հակաշարժունակության ինժեներական պարկերը պետք է կահավորվեն մինչև 2028 թվականի վերջը։ Ավելի վաղ կառավարությունը նախատեսում էր այդ աշխատանքներն ավարտել մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։
Լիտվայի պաշտպանության նախարարությունում ժամկետների հետաձգումը բացատրել են ինժեներական միջոցների պարկերի թվի աճով՝ 27-ից մինչև 50։
LTG Infra ընկերությունը պարտավոր է ապահովել ռազմական նշանակության ինժեներական միջոցների պահպանման և պահեստավորման հնարավորությունը։
Մինչև 2028 թվականի վերջը միաժամանակ երկարացվել է պետական նշանակության ճանապարհների հատվածներում, կամուրջների մուտքերի մոտ պահեստային արգելապատնեշների ստեղծման և կամուրջների վրա պայթուցիկ նյութերի ամրացման համար ինժեներական կառույցների տեղադրման ժամկետը։
Միևնույն ժամանակ, նախկինում նախատեսված ծառաշերտերի փոխարեն իշխանությունները մտադիր են ճահճացած տարածքներ ստեղծել։ Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030 թվականի վերջը։ Պաշտպանության նախարարությունում այդ միջոցն արդյունավետ են համարում՝ դրա համեմատաբար արագ իրականացման հնարավորության շնորհիվ։ Բնական հիդրոլոգիական ռեժիմի վերականգնումից հետո տարածքը մի քանի տարվա ընթացքում պետք է դառնա դժվարանցանելի ծանր տեխնիկայի համար՝ առանց բարդ ինժեներական սարքավորումների կիրառման։
Բացի դրանից, իշխանությունները հրաժարվել են Մարիյամպոլեի ինքնակառավարման տարածքում պաշտպանական նպատակներով մելիորատիվ ջրանցքների և առուների ցանց ստեղծելու ծրագրերից։ Պաշտպանության նախարարությունում կարծում են, որ դրա համար ավելի հարմար են Վիլկավիշկիսի և Շաքյայի շրջանների տարածքները։
Գերատեսչության գնահատականներով՝ կատարված փոփոխությունների պատճառով 2026–2030 թվականներին ռազմական հակաշարժունակության միջոցառումների իրականացման համար կարող է լրացուցիչ պահանջվել մոտ 50 միլիոն եվրո՝ Պետական պաշտպանության հիմնադրամի միջոցներից։
Հակաշարժունակության միջոցառումների իրականացման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը ընդունել է 2024 թվականի հուլիսին։ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների մոտ ստեղծվող պարկերն արդեն համալրվում են հակատանկային արգելապատնեշներով, դրանց թվում՝ բետոնե «վիշապի ատամներով», «ոզնիներ» և «իսպանական ձիեր» անուններով հայտնի մետաղական կառույցներով, ճանապարհային բլոկներով, կոնտեյներներով և փշալարով։
Լիտվայում հակաշարժունակության պարկերի ստեղծումը սկսվել է 2023 թվականին՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի փորձը։ Իշխանությունների գնահատմամբ՝ նման միջոցները հնարավորություն են տալիս դանդաղեցնել, ուղղորդել և տրոհել հակառակորդի ուժերը։
Անցյալ տարվա օգոստոսին Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր առանձին ինժեներական միջոցներից անցումը դեպի միասնական պաշտպանական գիծ, որը բաղկացած է երեք էշելոնից։ Դրանք նախատեսում են տարբեր պաշտպանական միջոցների տեղակայում Լիտվայի արտաքին սահմանից մինչև 3, 20 և 50 կիլոմետր հեռավորության վրա։