ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տան տարածքում իրականացվող շինարարական նախագծերի վրա ծախսել առնվազն 900 միլիոն դոլար, ընդ որում այդ միջոցների զգալի մասը, ենթադրաբար, կվճարեն հարկատուները, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով պարբերականի ուսումնասիրած փաստաթղթերին։
Պարբերականի տվյալներով՝ Կոնգրեսից միջոցներ անմիջապես խնդրելու փոխարեն վարչակազմը մտադիր է ֆինանսավորում ապահովել այլ դաշնային գերատեսչությունների և մասնավոր դոնորների միջոցով՝ գումարներն ուղղելով հատուկ հաշվեհամարի, որը սովորաբար պարունակում է ընդամենը մի քանի միլիոն դոլար և օգտագործվում է Սպիտակ տան ընթացիկ վերանորոգման համար։
Գաղտնի պայմանագրերն ու պլանավորման փաստաթղթերը ցույց են տալիս, որ միջոցները նախատեսվում է օգտագործել Սպիտակ տան, այսպես կոչված, «արդիականացման» համար։ Կենտրոնական նախագիծը շենքի արևելյան թևում նոր պարահանդեսների սրահի կառուցումն է։
Ըստ փաստաթղթերի՝ ծրագրված աշխատանքների ընդհանուր արժեքը կարող է կազմել առնվազն 927 միլիոն դոլար։ Պարահանդեսների սրահից բացի, խոսքը վերաբերում է նաև հարակից Լաֆայեթ-սկվերի վերակառուցմանը, ուղղաթիռային հարթակի, այցելուների զննման նոր կենտրոնի և այլ օբյեկտների կառուցմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն պարահանդեսների սրահի կառուցումը գնահատվում է մոտ 600 միլիոն դոլար, ընդ որում այդ գումարի մոտ կեսը պետք է հոգան հարկատուները։ Ինքը՝ Թրամփը, բազմիցս հայտարարել է, որ պարահանդեսների սրահի նախագիծը կֆինանսավորվի մասնավոր նվիրատվությունների հաշվին։
Միաժամանակ դաշնային վերաքննիչ դատարանը վերջերս որոշել է, որ պարահանդեսների սրահի շինարարությունը շարունակելու համար վարչակազմը պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը։ Թրամփը հայտարարել է որոշումը բողոքարկելու մտադրության մասին։
«Կոնգրեսն ունի բացառիկ լիազորություններ՝ կարգավորելու Սպիտակ տան շինությունների կառուցումն ու քանդումը», — ասվում է դատարանի եզրակացության մեջ։
The Washington Post-ի տվյալներով՝ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր վարչակազմը «Սպիտակ տան վերանորոգում և վերականգնում» հաշվեհամարին ուղղել է 875 մլն դոլար։ Համեմատության համար՝ վերջին տարիներին Կոնգրեսը տարեկան այս հաշվեհամարին հատկացնում էր մոտ 2,5 մլն դոլար։
Ընդհանուր գումարից մոտ 500 մլն դոլարը փոխանցվել է ԱՄՆ Գաղտնի ծառայության և Սպիտակ տան ռազմական վարչության հաշիվներից։ Եվս 305 մլն դոլար մուտք է գործել մասնավոր նվիրատվությունների տեսքով։ Ուսումնասիրված փաստաթղթերում ևս մոտ 70 մլն դոլարի աղբյուրը նշված չէ։
Գաղտնի ծառայության միջոցների մեծ մասը՝ մոտ 415 մլն դոլարը, փոխանցվել է հաշվեհամարին հունիսին՝ այն բանից հետո, երբ Թրամփի դաշնակիցներին Կոնգրեսում չհաջողվեց անցկացնել օրինագիծ, որով նախատեսվում էր 400 մլն դոլար հատկացնել արևելյան թևի և այցելուների զննման նոր կենտրոնի կառուցման համար։
Այս միջոցների մի մասը Կոնգրեսն ի սկզբանե հատկացրել էր Գաղտնի ծառայությանը՝ աշխատակիցների հավաքագրման և պատրաստման համար։ Սա մտահոգություն է առաջացրել երկու կուսակցությունների օրենսդիրների շրջանում, որոնք կասկածի տակ են դրել Սպիտակ տանը շինարարության համար այդ գումարների օգտագործման իրավաչափությունը։
Թրամփի վարչակազմը պնդում է, որ ծախսերը համապատասխանում են միջոցների սկզբնական նպատակային նշանակությանը։ Սպիտակ տանը նաև հայտարարում են, որ շինարարությունը ներառում է անվտանգության անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ անօդաչու սարքերից պաշտպանություն։
Իր մասշտաբներով Թրամփի ներկայիս ծրագրերը կարող են դառնալ Սպիտակ տան ամենախոշոր վերակառուցումը ավելի քան 80 տարվա ընթացքում։ Պատմաբանները նշում են, որ ծավալով նախագիծը համեմատելի է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի օրոք իրականացված խոշոր շինարարական աշխատանքների հետ։
Միաժամանակ փորձագետները ներկայիս նախագծերի ֆինանսավորման եղանակը համարում են անսովոր։ ԱՄՆ Սահմանադրությունը Կոնգրեսին է վերապահում դաշնային միջոցների բաշխման լիազորությունը, իսկ վարչակազմը կարող է գումարներ փոխանցել հաշիվների միջև միայն հատկացված ասիգնավորումների սկզբնական նպատակային նշանակության շրջանակում։