Բաքվից նոր հրահանգներ Փաշինյանին – Հրապարակ

Ադրբեջանական Minval.az-ի հեղինակ Մակսուդ Սալիմովը գրում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նոր էջ է բացվել, որը հնարավոր է դարձել չափազանց հեռատես ու խելացի քաղաքական առաջնորդ Իլհամ Ալիևի շնորհիվ, ով փոխանակ կոնֆլիկտը շարունակելու, որոշեց այն դադարեցնել՝ վերականգնելով Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը: Եվ հիմա, ինչպես շեշտում է ապշերոնյան հակահայկական քարոզչամեքենայի քարոզիչը, քայլեր անելու հերթը Երևանինն է։

Հակահայ քարոզչությամբ զբաղվող լրատվամիջոցի ու իր քարոզչի հիստերիայի պատճառն այն է, որ հայկական ԶԼՄ-ում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ օգոստոսի 18 –ին Արցախի ներկայացուցչության շենքում տեղի է ունենալու Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց, ԱՀ Ազգային Ժողովի խմբակցությունների հանդիպում, որոնց քննարկման օրակարգը Արցախի Հանրապետության նախագահ ընտրելու հարցն է: Ադրբեջանցի հեղինակը գրում է՝ այս հանդիպման առկայությունն ու դրա կյանքի կոչումը հարցեր են առաջացնում։ Սալիմովը երկար ու բոցաշունչ բացատրում է, թե ինչու չի կարող գոյություն ունենալ Արցախ, ու որ Արցախը սեպարատիստական ռեժիմ է:

Այն, որ Արցախի ցանկացած հիշատակում ադրբեջանական կողմի համար վտանգավոր է ու ցնցումներ առաջացնող, հասկանալի է՝ Արցախն իրենց բոլոր վախերի, մարդկության դեմ հանցագործությունների մասին է հիշեցնում, սակայն հեղինակը հարց է տալիս, իսկ ի՞նչ է մտածում այս ամենի մասին Երևանը։ Երևի հասկացաք այս տողերի իմաստը․ սովորաբար Բաքուն իր պահանջները նախ քարոզչական-լրատվական հարթակներով է հղում, պանդորայի արկղը բացելով, հետո նոր պաշտոնատար անձինք են սկսում Ալիևի աշխատասենյակից դուրս եկած տողերը կրկնել։
Ու ադրբեջանական ֆաշիզմի ներկայացուցիչը նորից երկար տեքստով փորձում է հիմնավորել, որ եթե Հայաստանը խաղաղության օրակարգի կողմնակից է, ապա չի կարող նման հանդիպումներ ու դրսևորումներ թույլ տալ, որ կողմերը պայմանավորվել են ճանաչել միմյանց սահմանների անձեռնմխելիությունը և այլն, և այլն։ Բայց այս տեքստերի մեջ կորչում է մի պարզ բան, Սալիմով, իսկ ադրբեջանական կողմը ճանաչո՞Ւմ է Հայաստանի Հանրապետության սահմանները։ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինուժը հակառակի մասին է վկայում: Ու դեռ շարունակում է նոր տարածքներ պահանջել Հայաստանից։

Սալիմովը գրում է․ «Եթե Հայաստանը իսկապես ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, եթե ՀՀ իշխանություններն իսկապես տարածքային հարցը համարում են փակված․ ապա ի՞նչ է նշանակում Արցախի ներկայացուցչություն Երևանում։ Ի՞նչ սուբյեկտ է այն ներկայացնում։ Ի՞նչ հիմքով են Հայաստանի տարածքում քնարկվելու հարցեր մի կազմավորման նախագահի շուրջ, որը հանդիսանում է հարևան պետության միջազգային ճանաչված տարածքի մի մասը»։
Ադրբեջանցի քարոզիչը Փաշինյանին անուղղակի ասում է, որ Երևանը հիմա դատարկ հայտարարություններից պետք է անցնի կոնկրետ գործերի ու հստակ հրահանգ է տալիս՝ այդ հանդիպում—քննարկումը չպետք է կայանա և Արցախի ներկայացուցչություն էլ Երևանում չպետք է լինի։ Սալիմովը շարունակում է ՀՀ իշխանություններին հրահանգավորել.«Եթե լուրերը կայանալիք ընտրությունների մասին իրական են, ապա Հայաստանի իշխանությունները պետք է տեղի ունեցողին տան քաղաքա-իրավական գնահատական։ Եվ չփորձեն թաքնվել անձնական նախաձեռնողականության մասին պատճառաբանության հետևում, դիրք չընդունեն, որ տեղի ունեցողը իրենց չի վերաբերվում, այլ ապացուցեն, որ Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել Ադրբեջանի սուվերենությունը հարցականի տակ դնող կառույցների գործունեության համար։ Հնարավոր չէ մեկ ձեռքով ստորագրել փաստաթղթեր սուվերենության փախադարձ ճանաչման ու տարածքային ամբողջականության մասին, իսկ մյուս ձեռքով թույլ տալ Երևանում անցկացնել Արցախի նախագահի ընտրություններ։ Դրանք մեկը մյուսին բացառող իրականություններ են», գրում է Սալիմովը։

Հետաքրքիր է, բացի օգոստոսության համաձայնագիրն ու մեզ հայտնի փաստաթղթերը, ուրիշ ի՞նչ փաստաթղթեր է ստորագրել Փաշինյանը, որոնց մասինակնարկ է անում Սալիմովը։

Հ․Գ․ Սպասենք օգոստոսի 18-ին ու հասկանանք, թե այս իշխանություններն այս անգամ ինչպես են փորձելու փակել Արցախի ներկայացուցչության շենքն ու խափանել Արցախի նախագահի ընտրությունները։ Փաշինյանը կկատարի՞ Սալիմովի հրահանգները՝ ժամանակը ցույց կտա, իսկ մենք կհետևենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *