Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Նեթանյահուի ցեղասպանական կառավարությանը» մեղադրել է օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում անօրինական գործողությունները շարունակելու մեջ, հաղորդում է Anadolu.
«Ամբողջ աշխարհի աչքի առաջ շարունակվում են Նեթանյահուի ցեղասպանական կառավարության անօրինական գործողությունները օկուպացված Արևմտյան ափին և օկուպացված Արևելյան Երուսաղեմում։ Ինքնիշխան պաղեստինյան պետության գոյությունը խաթարվում է։ Անհնար է դա անտեսել կամ դրա նկատմամբ անտարբեր մնալ»,- Անկարայում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։
Թուրք առաջնորդը կոչ է արել հնարավորինս շուտ ստեղծել անհրաժեշտ պայմաններ Գազայի հատվածի վերականգնումը սկսելու և անկլավում անվտանգությունն ապահովելու համար։
«Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ Պաղեստինին աջակցելն ամբողջ մարդկության, հատկապես մահմեդական աշխարհի, ընդհանուր պատասխանատվությունն է»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի «վճռականորեն պաշտպանել պաղեստինյան գործը բոլոր հարթակներում»։
Էրդողանը հայտարարել է նաև, որ Անկարան կտրականապես մերժում է ցանկացած սադրանք, որն ուղղված է Ալ-Աքսա մզկիթի և մյուս սրբավայրերի շուրջ առկա իրավիճակը փոխելուն։
Նա շեշտել է, որ Թուրքիան կշարունակի ձգտել 1967 թվականի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ և տարածքային ամբողջական պաղեստինյան պետության ստեղծմանը։