Ավելի քան 60 հազար կանադացիներ միջնորդագիր են ստորագրել՝ պահանջելով արտաքսել Կանադայում ԱՄՆ դեսպան Փիթ Հեքստրային՝ նրան մեղադրելով երկրի ներքին քաղաքական գործերին միջամտելու և երկու պետությունների միջև հարաբերությունները խաթարելու մեջ, հայտնում է BBC News-ը։
Կալգարիի բնակչուհու նախաձեռնած միջնորդագրում նշվում է, որ Հեքստրան բազմիցս միջամտել է կանադական քաղաքական բանավեճին և փաստացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգի կարգավիճակով միացնելու սպառնալիքները սովորական երևույթ է դարձրել։
Փաստաթղթի հեղինակները նաև մտահոգություն են հայտնել Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հանդիպումների կապակցությամբ Ալբերտայի որոշ բնակիչների հետ, որոնք հանդես են գալիս նահանգը Կանադայից անջատելու օգտին։ Միջնորդագիրը պահանջում է պաշտոնապես հետ կանչել Հեքստրային պաշտոնից և խորհրդարանական հետաքննություն անցկացնել՝ Կանադայի ներքին գործերին ԱՄՆ հնարավոր միջամտության առնչությամբ։
ԱՄՆ դեսպանատանը BBC-ին հայտնել են, որ տեղյակ են միջնորդագրից, սակայն հրաժարվել են հետագա մեկնաբանություններից։
Փիթ Հեքստրան՝ հանրապետական և Դոնալդ Թրամփի կողմնակից, բազմիցս պաշտպանել է ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, նրա գործունեությունը Կանադայում արդեն իսկ դարձել էր քննադատության պատճառ։ Մասնավորապես, դեսպանին մեղադրել էին Թրամփի՝ Կանադան 51-րդ նահանգ դարձնելու մասին հայտարարությունները հրապարակելու, ինչպես նաև այն խոսքերի համար, թե դա կարող էր երկու երկրների առաջնորդների միջև «քննարկման հիանալի թեմա» դառնալ։
Վերջերս Հեքստրան նաև քննադատության էր ենթարկվել, երբ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը հրավիրել էր Freedom Convoy բողոքական շարժման առաջնորդներից մեկին։
Միջնորդագիրը հավաքել է պահանջվող 500 ստորագրություններից զգալիորեն ավելին, ինչից հետո այն կարող է ներկայացվել Կանադայի Համայնքների պալատում։ Միջնորդագիրը խորհրդարան ներկայացնելու մտադրություն ունի այս տարվա ավելի ուշ Կանաչների կուսակցության առաջնորդ Էլիզաբեթ Մեյը։
Իրավիճակը զարգանում է Օտտավայի և Վաշինգտոնի միջև լարված առևտրային բանակցությունների հետնապատկերին։ Կանադական իշխանությունները փորձում են կանխել ԱՄՆ-ի՝ կանադական ներմուծման մոտ 20–28 միլիարդ դոլարի նկատմամբ 50-տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումը։ Կանադական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրների միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը կարող է ձեռք բերվել առաջիկա օրերին։