Լեհաստանի պատմության մեջ տվյալների ամենախոշոր արտահոսքից գրեթե 19 միլիոն մարդ է տուժել

Լեհաստանում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ տվյալների ամենախոշոր արտահոսքերից մեկը․ բժիշկներին և բժշկական կաբինետներին սպասարկող MyDr ընկերության համակարգի վրա հարձակման հետևանքով գրեթե 19 միլիոն մարդու վերաբերող տվյալներ են գողացվել։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի թվայնացման նախարար Քշիշտոֆ Գավկովսկին, հաղորդում է RMF 24-ը։

«Մենք գործ ունենք տվյալների արտահոսքի արտակարգ դեպքի հետ, որը վերաբերում է գրեթե 19 միլիոն մարդու։ Դա Լեհաստանի պատմության ամենախոշոր միջադեպերից մեկն է»,- հայտարարել է նախարարը։

Նրա տվյալներով՝ ընկերության համակարգից գողացվել է շուրջ 19 միլիոն գրառում, իսկ տվյալների բազայի ընդհանուր ծավալը գերազանցում է 2 տերաբայթը։ Դրանում եղել է բուժառուների մասին գաղտնի տեղեկություններ, ներառյալ՝ դեղատոմսերի, նշանակված դեղերի, բժշկական փաստաթղթերի և նախատեսված այցելությունների տվյալները։

Գավկովսկին նշել է, որ առայժմ հիմքեր չկան պնդելու, թե միջադեպի պատճառը արտաքին հաքերային հարձակումն է եղել։ Հնարավոր պատճառների թվում դիտարկվում են մարդկային սխալի գործոնը, համակարգի խափանումը, ընկերության կողմից անուշադրությունը կամ սաբոտաժը։

«Այսօր ոչինչ չի մատնանշում, որ մենք գործ ունենք արտաքին հարձակման հետ»,- ասել է նախարարը։

MyDr համակարգից օգտվում էին մոտ 12 հազար բժշկական հաստատություններ։ Լեհական իշխանությունները սկսել են տեղեկացնել հարթակի հետ աշխատած բժիշկներին։ Միաժամանակ բժշկական հաստատությունները շարունակում են գործել սովորական ռեժիմով։

Միջադեպի քննությամբ զբաղվում են Լեհաստանի կիբեռանվտանգության մարմինները և Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական գրասենյակը։ Թվայնացման նախարարությունում մտադիր են նաև քաղաքացիներին հնարավորություն տալ ստուգելու՝ արդյոք իրենց տվյալները հայտնվե՞լ են գողացված տվյալների բազայում։

Իշխանությունները նախազգուշացնում են, որ արտահոսքը կարող է հանգեցնել խարդախության նոր ալիքի։ Եթե չարագործները հնարավորություն են ստացել կոնկրետ անձին կապել բժշկական հաստատության, այցի կամ դեղատոմսի հետ, ուրեմն նրանք կկարողանան այդ տեղեկվություններն օգտագործել ավելի համոզիչ ֆիշինգային հաղորդագրությունների, ինչպես նաև գումար կորզելու կամ հաշիվներին հասանելիություն ստանալու փորձերի համար։

Նախարարը քաղաքացիներին, որոնց տվյալները կարող էին արատավորվել, նախևառաջ խորհուրդ է տվել արգելափակել իրենց PESEL համարը։ Միաժամանակ կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել կիբեռհանցագործների հետ կամ հետ գնել գողացված տվյալների բազան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *