Մումբայում սողանքի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Ուժեղ մուսոնային անձրևները սողանք են առաջացրել Մումբայի խիտ բնակեցված շրջանում, որի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, չորսն էլ վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Սողանքը տեղի է ունեցել լուսաբացից առաջ՝ Ղաթքոպար արվարձանում։ Լանջի մի մասը փլուզվել է խիտ կառուցապատված թաղամասում գտնվող երկու-երեք բնակելի տան վրա։

Դեպքի վայրում անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն՝ հրշեջների, ոստիկանության, Աղետների արձագանքման ազգային ուժերի և քաղաքային ծառայությունների մասնակցությամբ։ Փրկարարների աշխատանքը բարդացրել են նեղ անցումները, ինչի պատճառով դեպքի վայր հնարավոր չի եղել ծանր տեխնիկա հասցնել։

Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել առնվազն 10 մարդու։ Նրանցից վեցը, նրանց թվում՝ երկու երեխա և երկու դեռահաս, տեղափոխվել են պետական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանց մահը։ Տուժած ևս չորս մարդ գտնվում է հիվանդանոցում։

Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են ևս մեկ զոհվածի մարմին։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է յոթի։ Տեղի բնակիչների կարծիքով՝ փլատակների տակ կարող է ևս մեկ մարդ լինել։

Մումբայի քաղաքապետ Ռիտու Թավդեն այցելել է ողբերգության վայրը և հայտարարել զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու մասին։

Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է մուսոնային անձրևների ուժգնացում երկրի արևմտյան շրջաններում և ջրհեղեղների և սողանքների ենթակա տարածքների բնակիչներին կոչ է անում զգույշ լինել։

Մումբայը, որտեղ ապրում է ավելի քան 20 միլիոն մարդ, ամեն տարի հունիսից սեպտեմբեր մուսոնների շրջանում բախվում է հորդառատ անձրևների։ Դրանք պարբերաբար հանգեցնում են ճանապարհների և երկաթուղային գծերի ջրածածկման, տրանսպորտի աշխատանքի խափանումների, սողանքների և շենքերի փլուզումների։

Փորձագետները քաղաքի խոցելիությունը կապում են նաև կառուցապատման արագ աճի, անկայուն լանջերին շինարարության և ջրահեռացման համակարգի անբավարար արդյունավետության հետ։ Ռիսկի լրացուցիչ գործոն է նաև կլիմայի փոփոխությունը, որը նպաստում է ավելի ինտենսիվ և անկանխատեսելի տեղումների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *