Չինաստանի Գույան քաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Ցինյանի հնագույն քաղաքը՝ Գույչժոու նահանգի պատմական և մշակութային հայտնի կենտրոններից մեկը։

Քաղաքը հիմնադրվել է 1378 թվականին՝ Մին դինաստիայի օրոք: Ավելի քան վեց դար անց այստեղ դեռ պահպանվել են հին քաղաքային պարիսպները, դարպասները, քարե փողոցներն ու պատմական շինությունները։ Ցինյանը ստեղծվել է որպես ռազմական նշանակության ամրացված բնակավայր։ Նրա դիրքը ռազմավարական էր՝ Գույչժոուի տարածքով անցնող ճանապարհների վերահսկման տեսանկյունից։ Ժամանակի ընթացքում ռազմական հենակետը վերածվել է բնակելի և առևտրային կենտրոնի, իսկ քաղաքը բազմիցս ընդլայնվել ու վերակառուցվել է:

Հին քաղաքի կառուցապատումը հիմնականում պահպանել է Մին և Ցին դինաստիաների ճարտարապետական ոճը։ Ցինյանի պատմական կենտրոնում այսօր կարելի է տեսնել բազմաթիվ տաճարներ, նախնիների պաշտամունքին նվիրված սրահներ և այլ պատմական կառույցներ։ Քաղաքի առանձնահատկություններից է նաև տարբեր կրոնական ավանդույթների համադրությունը․ այստեղ կողք կողքի պահպանվել են բուդդայական և դաոսական կառույցներ, ինչպես նաև քրիստոնեական և կաթոլիկ եկեղեցիներ։ Այս բազմաշերտ մշակութային միջավայրը Ցինյանին առանձնահատուկ տեղ է տալիս Գույչժոուի պատմական քաղաքների շարքում։

Այսօր հին քաղաքը նաև զբոսաշրջային կենտրոն է, որտեղ պատմական շենքերի կողքին գործում են խանութներ, թեյատներ և տեղական սննդի կետեր։ Ցինյանի հայտնի տեղական արտադրանքներից են, օրինակ, Ցինյանի տոֆուն և վարդի շաքարը, որոնք դարձել են հին քաղաքի այցեքարտերը։

Մերի Հակոբյան Վազգեն Եթումյան