Վիեննայում գողացել են Եգիպտոսի թագուհու 4,3 մլն դոլարանոց վզնոցը

Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանից (MAK) գողացել են Եգիպտոսի թագուհի Նազլի Սաբրիին պատկանող արժեքավոր վզնոցը, որի գինը վերջին աճուրդում գնահատվել էր շուրջ 4,3 միլիոն դոլար։

Ֆրանսիական «Van Cleef & Arpels» ոսկերչական տան կողմից պատրաստված այս բացառիկ զարդը զարդարված է ավելի քան 200 կարատ ընդհանուր քաշով 673 ադամանդներով։

Թանգարանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ցուցահանդեսի ընթացքում, և, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության տվյալներով՝ երկու անհայտ անձինք թանգարանի աշխատանքային ժամերին կոտրել են ցուցափեղկը, հափշտակել վզնոցն ու դիմել փախուստի։

Իրավապահ մարմիններն արդեն հրապարակել են տեսախցիկների արձանագրած լուսանկարները, որտեղ երևում են մուգ հագուստով երկու կասկածյալները։

20 սմ ոսկոր հեռացվեց․ Ֆելոն հաղթահարեց երկար սպասված վիրահատությունը. Գոռ Հակոբյանի գրառումը

Դերասան Գոռ Հակոբյանն իր սոցցանցի էջում հայտնել է, որ տեղի է ունեցել որդու՝ Ֆելիքսի երկար սպասված վիրահատությունը։

«Օգոստոսի 24-ին 5 ժամից ավել տևած վիրահատությունն անցավ ըստ բժիշկների պլանավորածի: Ոտքի ոսկորից (Fibula) հեռացվեց 20սմ և Աստծո կամքով պահպանվեցին բոլոր կարևոր նյարդերը, որոնք պատասխանատու են մարդու քայլելու համար: Առջևում 9-12 ամիսների ընթացքում նորից քայլել պետք է սովորենք և ևս 5 քիմիաթերապիայի կուրսեր: Այս պահին Ֆելոն իրեն լավ է զգում »,- գրել է դերասանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Գոռ Հակոբյանը հայտնել էր, որ որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա։ Մոսկվայում անցկացված բազմաթիվ հետազոտություններից հետո հիվանդությունը հաստատվել էր, ինչից հետո ընտանիքն սկսել էր բուժման ընթացքը։

Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ մինչև տարեվերջ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները ամբողջությամբ թվայնացված են լինելու։

Ողբերգական վրաերթ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս բնակավայրի հատվածում Արմավիրի մարզի 43-ամյա բնակիչ Հմայակ Կ․-ն իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել դեպքի վայրից և իսկույն ահազանգել է շտապօգնություն։ Սակայն օպերատիվորեն տեղ հասած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Ուղիղ չվերթներ Կրասնոդարից Գյումրի՝ շաբաթական 2 անգամ

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից  դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: 

 

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Թբիլիսիի կենտրոնում 40-ամյա տղամարդ է սպանվել

Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ՝ Թբիլիսիի Բարաթաշվիլի կամրջին հարող այգում հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի։

Ըստ նախնական տվյալների՝ տղամարդու մարմնի վրա առկա են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր։

Տեղի բնակիչները պատմել են, որ դեպքից առաջ տղամարդը սուպերմարկետում վիճաբանել է մի քանի անձանց հետ, ինչից հետո վեճը շարունակվել է փողոցում։

Հայտնի է դարձել նաև, որ սպանվածը Վրաստան էր ժամանել օգոստոսի 26-ին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով («Դիտավորյալ սպանություն»): Այս պահին իրավապահները դեռևս չեն հայտնել ենթադրյալ հանցագործի ինքնության կամ որևէ մեկին ձերբակալելու մասին։

Մեր նպատակը խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումն է․ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Գյումրիում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովը, որի բացմանը ելույթով հանդես է եկել նախարար Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս տարվա աշխատաժողովն առանձնահատուկ է երկու հիմնական պատճառով․ այն անցկացվում է խորհրդարանական ընտրություններից հետո և ձևավորված նոր իրողությունների ֆոնին։ Այս համատեքստում նա շեշտել է արտաքին քաղաքականության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ ուղղված Հայաստանի շուրջ խաղաղ ու համագործակցային միջավայրի հետևողական ձևավորմանը, խաղաղության ինստիտուցիոնալացմանն ու գործընկերային կապերի զարգացմանը։

Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, ինչը լիովին համահունչ է նախարարությանը վերապահված նոր գործառույթներին։

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում ուղերձներով հանդես են եկել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Աշխատաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրում տեղ գտած արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց իրագործման գործում դիվանագիտական ներկայացուցչությունների ու ԱԳՆ-ի դերին։

Վարչապետը նշել է, որ նախարարության անվանափոխության հիմքում ընկած է հստակ հայեցակարգ, որի նպատակն է արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հասնել շոշափելի արդյունքների և բարձրացնել բարեկեցությունը։ Ելույթից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների հարցերին։

Միջոցառման մեկնարկին ներկա են եղել նաև Ազգային ժողովի և Կառավարության անդամներ։

Կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը․ գահը կստանձնի նրա որդին

BBC-ն հայտնում է, որ 89 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, ով անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր արյան հազվադեպ հիվանդության բուժման նպատակով։

 

Օսլոյի թագավորական պալատը տեղեկացրել է, որ նա հեռացել է կյանքից ուրբաթ օրը՝ Օսլոյի ազգային հիվանդանոցում։

Պալատի տանիքին գտնվող թագավորական դրոշն իջեցվել է, և մինչև հուղարկավորության օրը երկրում ազգային սգո օրեր են հայտարարվել։ Սգացողների բազմությունը շարունակում է հավաքվել թագավորական պալատի մոտ՝ ծաղիկներ ու դրոշներ դնելով։

Հարալդը երկրի առաջին միապետն էր 14-րդ դարից ի վեր, ով ծնվել էր հենց Նորվեգիայում։ Նրան հաջորդել է 53-ամյա որդին՝ Հոկոնը, ով ուրբաթ օրը ավելի ուշ կառավարության հետ միասին պետական արտահերթ խորհրդակցություն կանցկացնի։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր «խորին ցավակցություններն» է հղել «սիրելի հորեղբորորդու» մահվան կապակցությամբ (նա Եղիսաբեթ II թագուհու երկրորդ կարգի զարմիկն էր)։ Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը հիշատակել է նրան որպես «իր, իր ընտանիքի և Շվեդիայի լավ բարեկամ»՝ հաջողություն ու բարօրություն մաղթելով իր սանահորը՝ Հոկոնին։

Հարալդ V-ը կհիշվի որպես ժողովրդականություն վայելող և բարեփոխիչ գործիչ, ով արդիականացրեց միապետությունը, կոտրեց ավանդույթները՝ ամուսնանալով հասարակ ժողովրդի ներկայացուցչի հետ, և հանդիսացավ միավորող ուժ Նորվեգիայի համար ամենածանր պահերին։

Թագավորական ընտանիքի հարցերով փորձագետները նշում են, որ նա անմիջական էր, հարգված ու սիրված․ նրան նկարագրում են որպես ազգի «պապիկ» և «Ժողովրդական թագավոր» (տիտղոս, որը կրում էր նաև նրա հայրը՝ Հակոն V թագավորը)։

Նրանից հետո մնացել են կինը՝ Թագուհի Սոնյան (ում հետ ամուսնացած է եղել մոտ 58 տարի), դուստրը՝ Արքայադուստր Մարթա Լուիզան, որդին՝ նորանշանակ Թագավոր Հոկոնը, և վեց թոռները։

ԵՄ 4 երկրներ առաջարկում են ռուսական սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային

Շվեդիայի, Լեհաստանի, Նիդերլանդների և Իսպանիայի արտգործնախարարները Եվրամիությանը կոչ են արել վերանայել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը՝ Ուկրաինային ֆինանսավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում անելով չորս երկրների համատեղ նամակին։

Նամակի հեղինակներն առաջարկում են Եվրահանձնաժողովի տեխնիկական փորձագետներին ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ մշակել ռուսական ակտիվների օգտագործման նոր մեխանիզմներ։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ հնարավոր ռիսկերը պետք է հավասարաչափ բաշխվեն ԵՄ բոլոր անդամների միջև, որպեսզի որևէ երկիր անհամաչափ ֆինանսական բեռ չկրի։

Չորս երկրների արտգործնախարարներն այս հարցին վերադառնալու անհրաժեշտությունը հիմնավորում են Ուկրաինայի ֆինանսական աճող կարիքներով։ Փաստաթղթում նշվում է, որ թեև Եվրամիության կողմից 2026-2027 թվականների համար համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի վարկը խիստ կարևոր է, սակայն ակնհայտ է, որ այն անբավարար է լինելու։

Ըստ դիվանագետների՝ ռուսական շարունակական հարձակումների ֆոնին պատերազմի ծախսերն ավելանում են, իսկ Մոսկվայի կողմից ագրեսիան դադարեցնելու որևէ ազդակ չկա։ Հետևաբար, Կիևին լրացուցիչ ֆինանսական աջակցություն կպահանջվի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով։

Նրանց համոզմամբ՝ սառեցված ակտիվների ներգրավումը թույլ կտա ստիպել Ռուսաստանին վճարել պատճառված վնասների համար, թեթևացնել եվրոպացի հարկատուների բեռը, ինչպես նաև լրացուցիչ ճնշում գործադրել Մոսկվայի վրա։

Վարորդական իրավունքի տեսական քննությունները սեպտեմբերի 1-ից կանցկացվեն նոր կարգով․ ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտնում են, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվելու են նոր ձևաչափով։ Գործող հարցաշարի հարցերն առանց ավելացումների բաժանվել են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։

Փոփոխության հիմնական նպատակը քննական գործընթացն առավել հասցեական դարձնելն է, որպեսզի հնարավոր լինի ստուգել հենց տվյալ խմբի տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։

Ի՞նչ է փոխվել

Եթե նախկինում բոլոր կարգերի և ենթակարգերի համար գործում էր մեկ միասնական հարցաշար, ապա նոր կարգով՝

  • A, B կամ C կարգեր ստանալու համար դիմորդները քննություն կհանձնեն A, B, C խմբի համար նախատեսված հարցաշարով։

  • D կամ T կարգեր ստանալու համար քննական հարցերը կլինեն D, T խմբի ընդհանուր հարցաշարից։

  • Բացի այդ, զգալիորեն բարելավվել է հարցերին կից նկարների որակը։

Նոր մոտեցումը հնարավորություն կտա առավել ճշգրիտ գնահատել ապագա վարորդների պատրաստվածությունը՝ ըստ իրենց ընտրած տրանսպորտային միջոցի տեսակի։