Կանադային Եվրոմիության ասոցացված անդամ դառնալու թույլտվությունը կարող է դիտարկվել որպես «թշնամական ակտ»


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադային Եվրոպական միության ասոցացված անդամ դառնալու թույլտվությունը կարող է դիտարկվել որպես «թշնամական ակտ»։ Նա սպառնացել է առաջարկված քայլին արձագանքել այդ բլոկից ներմուծվող ապրանքների վրա հավելյալ մաքսատուրքերի սահմանմամբ:

«Եթե մտադրությունները բարի են, ապա ամեն ինչ կարգին է: Եթե մտադրությունները վատն են, մենք Եվրոպայից ներմուծվող ապրանքների վրա շատ բարձր մաքսատուրքեր կսահմանենք»,- ասել է նա՝ չբացառելով, որ եվրոպական որոշ երկրների հետ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել առևտուրը։

Թրամփը ԵՄ-ին Կանադայի անդամակցության հեռանկարն անվանել է «ծիծաղելի» և Ամերիկայի հարևանին բնութագրել որպես «սարսափելի առևտրային գործընկեր»:



Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ. Որ փողոցները փակ կլինեն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

Դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Սկզբում լավ հնարավորություններ ունեինք, եթե իրացնեինք պահերը, խաղը կփոխվեր։ Մենք գիտեինք, որ մրցակիցը լավ է գործում օդային մենապայքարներում: Մրցակիցը իսկապես մասնագետ էր ստանդարտ դիրքերի ժամանակ: Մեր այսօրվա պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր, մեզ համար դժվար էր վերականգնվել բաց թողած գոլերից հետո, որոնք երկու րոպեի տարբերությամբ էին: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն»,- լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:

Վերջինիս խոսքով` Եվրոպայի լիգայի հաջորդ խաղերում էլ հեշտ մրցակիցներ չեն լինելու բոլոր մասնակից ակումբները բարձրակարգ են: 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունելով Պրահայի «Սպարտա»-ին՝ զիջեց 1:4 հաշվով:

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք Կառավարությունը մտադիր է շարունակել Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության՝ տարեվերջին ավարտվող ծրագրերը։

«30 հազար դրամի աջակցությունը, որը տրվում է Ղարաբաղից տեղահանված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, դեկտեմբերից հետո կշարունակվի ևս երեք ամիս, հետո կձևափոխվի։ Երբ ասում ենք՝ կշարունակվի կամ չի շարունակվի, խոսքն այն մասին է, որ նրանք արդեն՝ որպես Հայաստանի լիարժեք բնակիչներ, կօգտվեն այն սոցիալական ծրագրերից, որոնցից օգտվում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները»,- պատասխանել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ փախստականի կարգավիճակից բխող հատուկ ծրագրերը չեն կարող անժամկետ գործել, և որոշակի փուլում տեղահանված անձինք պետք է անցում կատարեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսված ընդհանուր սոցիալական ծրագրերին։

«Ինչ-որ ժամանակ ծրագիրը պետք է գործի՝ փախստականի կարգավիճակից բխելով, իսկ մի պահի մարդիկ պետք է լիարժեք օգտվեն այն սոցիալական ծրագրերից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Իսկ 40 հազար դրամ՝ գումարած 10 հազար դրամ աջակցությունը, նախնական ծրագրով, կշարունակվի ևս մեկ տարի։ Սա է այս պահի մեր պլանը»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ այդ ընթացքում Կառավարությունը պետք է հնարավորինս արդյունավետ դարձնի քաղաքացիության ընդունման և բնակարանային ապահովման ծրագրերը։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի քաղաքացիության ընդունման և բնակարանային ապահովման մեր ծրագրերը հնարավորինս արդյունավետ լինեն, որպեսզի մարդիկ անցում կատարեն Հայաստանի Հանրապետությունում գործող սոցիալական ծրագրերի շահառուի կարգավիճակին, եթե համապատասխանում են այդ կարգավիճակին։ Ղարաբաղից տեղահանվածների դեպքում այդ ծրագրերը կգործեն այնպես, ինչպես գործում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը։

Նազելի Բաղդասարյանն արձագանքել է, որ կարևոր էր հատկապես ձմռան ընթացքում աջակցության ծրագրերը չընդհատելը։ Նա նաև բարձրացրել է մեկից երեք անդամ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման հարցը՝ նշելով, որ, օրինակ, մեկ անձին տրամադրվող 4 միլիոն դրամով դժվար է բնակարան ձեռք բերել։

Փաշինյանը հայտնել է, որ միայնակ անձանց համար գործում է ոչ թե բնակարան ձեռք բերելու, այլ երկարաժամկետ վարձակալության աջակցության ծրագիր։

«Դուք ինքներդ արդեն նշեցիք ռիսկերը։ Երբեմն լավ մտադրություններով մենք վատ արդյունքների ենք հասնում։ Ամեն դեպքում, ծրագիրը դինամիկ է։ Նախորդ քննարկումների ընթացքում Ղարաբաղից մեր քույրերի և եղբայրների ներկայացուցիչների ներկայացրած որոշ ծանրակշիռ փաստարկներ հաշվի առնելով՝ փոփոխություններ արեցինք»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ եթե ծրագրի իրականացման ընթացքում կառավարությունը տեսնի հասցեական խնդիրները լուծող հիմնավորված և արդյունավետ մոտեցումներ, հետագա փոփոխությունները չեն բացառվում։

«Ընթացքում, եթե տեսնենք, որ կան արդարացված և արդյունավետ մոտեցումներ, որոնք կարող են լուծել հասցեական խնդիրները, փոփոխությունները չենք բացառում։ Բայց այս պահին մեր բանաձևերն այն են, որոնք հրապարակեցի»,- եզրափակել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է գալիս «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին (տեսանյութ)


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է գալիս «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է վարչապետը։

Գրառմանը կից՝ վարչապետը տեսանյութ է հրապարակել։



ԱՄՆ- ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը՝ կենտրոնական բանկը, բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 3,5-3,75%-ից հասցնելով 3,75-4%-ի։ Մինչ այդ՝ երեք տարվա ընթացքում, տոկոսադրույքը 5,5%-ից նվազել էր։ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Քեւին Ուորշը այս բարձրացումը բացատրել է չափազանց բարձր գնաճի դեմ պայքարի հանգամանքով, հայտնում է BBC- ին։

«Ավելի քան հինգ տարի գնաճը բարձր է եղել թիրախային ցուցանիշներից։ Ակնհայտ է, որ գնաճը չափազանց բարձր է եւ չափազանց երկար ժամանակ է բարձր եղել։ Այս ամռանը գնաճի ցուցանիշների հիման վրա ես չեմ տեսնում, որ դրա հիմքում ընկած միտումները բարելավվել են»,- ճեպազրույցում ասել է Ուորշը։

Տոկոսադրույքը բարձրացնելու որոշման հետ մեկտեղ հրապարակվել է նաեւ պահուստային համակարգի կանխատեսումը։ Նշվում է, որ այս տարի տոկոսադրույքը եւս մեկ անգամ կբարձրացվի՝ մինչեւ 4- 4,25%, իսկ հաջորդ տարի, հավանաբար, եւս մեկ անգամ՝ մինչեւ 4,25- 4,5%։ Դրանից հետո, ԴՊՀ-ի ծրագրերի համաձայն, այն պետք է սկսի նվազել եւ 2029 թվականին հասնի 2% թիրախային ցուցանիշին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ հիմնական տոկոսադրույքը պետք է լինի 1% կամ ավելի ցածր։

«ԱՄՆ-ում տոկոսադրույքները պետք է լինեն 1% կամ ավելի ցածր, քանի որ մենք աշխարհում ամենալավ վարկային ռեսուրսն ենք՝ մեծ առավելությամբ։ Մեր երկիրը բարգավաճում է նոր ներդրումների շնորհիվ»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաեւ կրկնել է այն երկրների հետ առեւտուրը դադարեցնելու սպառնալիքը, որոնց հետ ԱՄՆ-ն առեւտրային դեֆիցիտ ունի։

Կոսովոյում բողոքի բազմամարդ ցույցեր են՝ ի պաշտպանություն Հաագայում դատապարտված իրենց առաջնորդի


Աշխարհ


Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում՝ աջակցություն հայտնելու նախկին նախագահ Հաշիմ Տաչիին։ Կոսովոյում ԵՄ առաքելության շտաբի մոտ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, հայտնում է BBC- ին։

Սեպտեմբերի 16-ին Հաագայի տրիբունալը Տաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ 1990-ականների վերջին Սերբիայից անկախանալու համար մղված պատերազմի ընթացքում կատարված սպանությունների, խոշտանգումների եւ այլ հանցագործությունների համար։ Ազատազրկման են դատապարտվել նաեւ Կոսովոյի ազատագրական բանակի երեք առաջնորդներ։

Տաչին գլխավորել է կառավարությունը, երբ Կոսովոն 2008 թվականին հայտարարել է իր անկախության մասին։ Ավելի ուշ նա դարձել է նախագահ, սակայն 2020 թվականին հրաժարական է տվել Հաագայի դատարանի առջեւ կանգնելու համար։ Նա իր մեղքը չի ընդունել։



Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվում


Հայաստան


Կապսում ՀՀ կառավարության միջոցներով հիմնանորոգվում են բնակավայրի 2-րդ, 9-րդ և 11-րդ փողոցները։ Երեք ճանապարհներն էլ տանում են դեպի նորակառույց դպրոց՝ ապահովելով դպրոցի համար ավելի հարմար և անվտանգ ճանապարհային կապ։ Այս մասին հայտնում է Ախուրյանի համայնքապետարանը։
 
Հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը շուրջ 700 մետր է, ծրագրի արժեքը՝ մոտ 130 միլիոն դրամ։
 
Ասֆալտապատմանը նախորդում են անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ․ վերանորոգվում է ջրահեռացման ցանցը, նորոգվում և ամրացվում է ճանապարհի հիմքը, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ։



Կոնգրեսն ընդունեց Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցները»


Աշխարհ


Վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմի նախաձեռնած օրինագծին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 262 անդամ, դեմ՝ 159-ը։ Փաստաթուղթը նախատեսում է 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի եւ գազի խոշորագույն գնորդների, ինչպես նաեւ Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնող երկրների նկատմամբ։

Օրինագծի նպատակը, ինչպես նշված է հենց փաստաթղթում, «Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու եկամուտներից զրկելն է»։

Օրինագիծը գրվել էր վաղուց եւ փոքր-ինչ այլ տեսք ուներ։ «Դժոխային պատժամիջոցները» առաջ էր մղում սենատոր Գրեհեմը, սակայն դրան ընթացք տրվեց նրա մահից հետո։ Փաստաթղթում այս ընթացքում  ավելացվել են ստվերային նավատորմի, Իրանի դեմ պատժամիջոցների դրույթները, իսկ գլխավոր փոփոխությունն այն է, որ Թրամփին տրվել է արտոնություններ եւ բացառություններ սահմանելու իրավունք։

Ավելի վաղ՝ օրինագծին հավանություն էր տվել Սենատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 86 կողմ, 11 դեմ։ Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը, որից հետո օրենքը կմտնի ուժի մեջ։ Հետագայում ԱՄՆ նախագահը պարտավոր կլինի սահմանել պատժամիջոցները եւ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ վերանայել դրանք։