TikTok-ի հիմնադիրը դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Սիսիան քաղաքի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 45-ամյա տղամարդու տանը և կից օժանդակ շինությունում հայտնաբերվել են ընդհանուր 102,56 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և տարաներ, թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված, կանեփի թուփ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք։
65-ամյա տղամարդու տանը և կից օժանդակ շինությունում հայտնաբերվել են հակատանկային նռնականետ, նռնակի և այլ պայթուցիչներ, իսկ Արևիս գյուղի՝ նրա կողմից տնօրինվող տանը հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ։ Իսկ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է դանակ։
Նախաքննությունը շարունակվում է։

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։
Ողջունելով հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց պատվիրակության անդամներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության, առկա հիմնախնդիրների՝ միջազգային հարթակներում բարձրաձայնման համար։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքնրի պաշտպանության հրամայականին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը՝ կարևորելով այս առնչությամբ միջազգային իրավասու կառույցների, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների առավել գործուն հասցեական արձագանքը։
Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ իրական և տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, մարդկային արժանապատվության, կրոնական ազատության և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա։
Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր գնահատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր հոգևոր ու ազգապահպան առաքելությունը և պատմական ծանրագույն փորձությունների պայմաններում համաքրիստոնեական աշխարհին բերած հավատի աննահանջ վկայությունը։ Հյուրերն ընդգծեցին, որ Հայաստանի և Հայոց Եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է առավել ճանաչված և ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից` պատրաստակամություն հայտնելով շարունակելու իրենց ջանքերը՝ միջազգային տարբեր հարթակներում հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։ Վերջիններս ներկայացրեցին նաև հայ գերիների իրավունքների խախտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների վերաբերյալ իրենց նախաձեռնած իրազեկման աշխատանքները։ Պատվիրակության անդամները նաև հավաստիացրեցին Նորին Սրբությանը, որ հետևողականորեն բարձրաձայնելու են հայ գերիների խնդիրը Միացյալ Նահանգների պետական կառույցներում և միջազգային կրոնական ազատության հարցերով զբաղվող համապատասխան մարմիններում։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդների հոգևոր կյանքի և հավատքի զորացման, ինչպես նաև ատելության ու թշնամանքի հաղթահարման և ժողովուրդների միջև արդարության հաստաման շուրջ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության անդամներին մաղթեց արդյունավոր առաքելություն՝ հայցելով Աստծո օրհնությունն ու զորակցությունն իրենց առաքելության մեջ։


«CEE Bankwatch Network» միջազգային բնապահպանական ցանցի թիմն այցելել է Հայաստան՝ ֆինանսական զարգացման բանկերի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով։
«CEE Bankwatch Network»-ն ավելի քան 30 տարի մոնիթորինգ է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերը՝ ուսումնասիրելով դրանց համապատասխանությունը բնապահպանական, սոցիալական և մարդու իրավունքների չափանիշներին։ Ցանցը կարևորում է ֆինանսավորման գործընթացների թափանցիկությունը, հանրային մասնակցությունն ու հաշվետվողականությունը։
Երևանում «CEE Bankwatch Network»-ի թիմը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։ ՎԶԵԲ-ի գրասենյակում քննարկվել են բանկի կողմից ֆինանսավորվող թափոնների կառավարման ծրագրերը, ինչպես նաև Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցեր։
ՎԶԵԲ-ը մինչև 2020 թվականը եղել է «Լիդիան Ինթերնեյշնլ» (Lydian International) ընկերության բաժնետեր՝ 6․5 տոկոս մասնաբաժնով։ Այն ժամանակ «Lydian International»-ի ակտիվներում միայն մեկ նախագիծ կար՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը։ 2020 թվականին ՎԶԵԲ-ը դադարեցրեց իր ֆինանսական մասնակցությունը և դուրս եկավ ծրագրից՝ «Lydian International»-ի վերակառուցման և անվճարունակության գործընթացի ընթացքում։
Չնայած նրան, որ ներկայում ՎԶԵԲ-ն ուղիղ ֆինանսավորում Ամուլսարի ծրագրում չունի, սակայն տիրապետում է «Ամերիաբանկի» 10 տոկոս բաժնեմասը, այսինքն, այն բանկի, որը 2025 թվականին 150 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ամուլսարի ծրագրին։ Նույն թվականին ՎԶԵՎ-ը հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ «Ամերիաբանկ»-ի համար՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին վերավարկավորելու նպատակով։
CEE Bankwatch Network միջազգային ցանցի «Քաղաքները մարդկանց համար» ռազմավարական ուղղության առաջնորդ Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթի խոսքով՝ «CEE Bankwatch Network»-ը ներգրավված է Ամուլսարի վերաբերյալ մի շարք բողոքների գործընթացներում, այդ թվում՝ ՎԶԵԲ-ի հաշվետվողականության մեխանիզմի շրջանակում համապատասխանության ստուգում և Բնության և վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) կողմից «stand-by» ակտիվ դիտարկման գործընթացներում։
«Կարևոր է նշել, որ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն առաջարկություն է ներկայացրել, ըստ որի Ամուլսարի հանքին անհրաժեշտ է նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)։ Իր վերջին հաղորդագրության մեջ քարտուղարությունը կոչ է արել Հայաստանին ապահովել, որ հանքավայրի շահագործման ծրագրի առաջընթացը կասեցվի մինչև նման գնահատման իրականացումը։ Ցավոք, դա դեռ չի արվել», – նշել է նա։

Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթի խոսքով՝ «Ամերիաբանկի» կողմից Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը պահանջում է գնահատել ռիսկերը։ «Այժմ Ամերիաբանկն է Ամուլսարի ներդրողը, և պետությունը երաշխավորել է այդ ներդրումը։ Մենք հասկանում ենք, որ պետական երաշխավորության պայմաններում, կարծես թե, ֆինանսական մեծ ռիսկ չկա։ Սակայն կարծում ենք, որ պետք է հաշվի առնել բնապահպանական, սոցիալական, մարդու իրավունքների հետ կապված ռիսկերը», – ասել է նա։
Ըստ Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթի՝ որպես ֆինանսական միջնորդ «Ամերիաբանկը» պետք է կիրառի զարգացման բանկերի համապատասխան չափանիշները, որոնք ներառում են ազդեցությունների և ռիսկերի գնահատում, մեղմացման միջոցառումներ, շահագրգիռ կողմերի ներգրավում, աշխատանքային և հողի իրավունքների, ինչպես նաև կենսապահովման հետ կապված հարցեր։
«Այս հարցերի շուրջ մինչ այժմ բավարար թափանցիկություն չի եղել», – նշել է նա և հավելել, որ «CEE Bankwatch Network»-ը փորձում է երկխոսություն սկսել «Ամերիաբանկի» հետ՝ հասկանալու, թե ինչպես են կառավարվում Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ռիսկերը։ «Մենք հանդիպում ենք խնդրել բանկից, սակայն այն չի կայացել», – նշել է Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթը։
«CEE Bankwatch Network»-ի կենսաբազմազանության փորձագետ Անդրեյ Ռալևն ուսումնասիրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հնարավոր ազդեցությունը կենսաբազմազանության և Հայաստանում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների վրա։
Ռալևը «CEE Bankwatch Network»-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի և «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի անունից բողոք է ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն։
Բողոքում նշվում է, որ ՀՀ կառավարությունը հաշվի չի առել Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ում ներկայացված այն տվյալները, որոնք մատնանշում էին ծրագրի հնարավոր էական ազդեցությունը «Էմերալդ» բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող թեկնածու տարածքների՝ «Ջերմուկ»-ի, «Գորայք»-ի և «Սևան»-ի բուսական ու կենդանական աշխարհի վրա։
Անդրեյ Ռալևի գնահատմամբ՝ հանքի շահագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ավելի քան 70 պաշտպանվող կենդանատեսակների, տասնյակ էնդեմիկ բուսատեսակների, ինչպես նաև Սևանա լճի վրա։
Հայաստանը 2016 թվականին առաջարկել էր 23 «Էմերալդ» թեկնածու տարածք, որոնք միասին զբաղեցնում էին երկրի տարածքի 34,8 տոկոսը՝ 1 033 719,5 հեկտար։ 2023 թվականին տարածքների վերանայման արդյունքում առաջարկվել է 30 թեկնածու տարածք, բայց ավելի քիչ մակերեսով՝ ընդհանուր 707 739,22 հեկտար կամ երկրի տարածքի 23,8 տոկոսը։
«CEE Bankwatch Network»-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Ամուլսարի ծրագրի ազդակիր Ջերմուկ համայնք և հանդիպել տեղի բնակիչների հետ։

Գնդեվազ բնակավայրի բնակիչ Միհրդատ Ներսիսյանը, ով տարիներ շարունակ դեմ է արտահայտվում Ամուլսարի ծրագրին, ասում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները զգալիորեն ակտիվացել են։ Նրա խոսքով՝ կառուցվել են ճանապարհներ, հարթակ և ջրամբար, իսկ հանքի տարածքում իրականացվում են ապարների հեռացման աշխատանքներ։ «Մարդկանց մոտ հիասթափություն է, քանի որ պետական մարմինները ոչինչ չեն անում։ Իսկ մեզ պետք է, որ բոլոր ռիսկերը մեզ հետ քննարկվեն։ Մեր Արփա գետն իրենց հարթակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է, իսկ այդ ջրով սնվում է մի ամբողջ մարզ։ Դա մեծ վտանգ է։ Այլ վտանգներ էլ կան՝ փոշին, ցիանիդի օգտագործումը։ Մոտ 1000 տոննա նատրիումի ցիանիդ պետք է բերեն և պահեստավորեն այստեղ։ Մեծ ռիսկեր ենք տեսնում», – նշել է Գնդեվազի բնակիչը և հավելել՝ համայնքում կարծիքները բաժանվել են։ Մի մասը հանքի շահագործման արդյունքում ակնկալում է աշխատատեղեր, մյուս մասը մտահոգված է բնապահպանական հետևանքներով։
«Ես՝ ինքս, մտածում եմ, որ սա մեծ աղետ է և ակնկալում եմ աջակցություն միջազգային կազմակերպություններից, նախարարություններից, որպեսզի մեր պայքարն ակտիվանա։ Այսօր էլ նոր ՇՄԱԳ ենք պահանջում, թող ապացուցեն, որ անվտանգ է, բայց գիտենք, որ անհնար է դա ապացուցել», – ասել է Միհրդատ Ներսիսյանը։

Մյուս բնակիչները նշում են, որ գյուղում ավանդաբար զբաղվել են գյուղատնտեսությամբ, սակայն հանքի շահագործման պայմաններում գյուղատնտեսության ապագան անորոշ են համարում։ Նրանց խոսքով՝ հանքը կարող է ժամանակավորապես աշխատատեղեր ստեղծել, սակայն շահագործումից հետո համայնքը կանգնելու է նոր եկամտի աղբյուր փնտրելու հարցի առաջ։
Բնակիչների խոսքով՝ առավել խոցելի վիճակում են այն մարդիկ, որոնք ոչ հող են վաճառել հանքարդյունաբերական ծրագրի համար, ոչ էլ աշխատանք ստացել։ Նրանք մտահոգված են շրջակա միջավայրի աղտոտմամբ և նշում են, որ այդ պայմաններում դժվար է պատկերացնել գյուղատնտեսության շարունակական զարգացում։
Մտահոգություններ կան նաև զբոսաշրջային և առողջարանային Ջերմուկի ապագայի վերաբերյալ։ Բնակիչների գնահատմամբ՝ տարածաշրջանում զարգացած զբոսաշրջությունը կարող է տուժել հանքավայրի շահագործման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերից։
Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթի խոսքով՝ Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթերն արդեն մի քանի տարվա վաղեմություն ունեն, ինչն առավել կարևոր է դարձնում դրանց վերանայումը։
«Առանց ՇՄԱԳ-ի վերանայման հնարավոր չէ քննարկել այս հարցերը։ Եվ մենք գիտենք, որ խնդիրներ վաղ թե ուշ ի հայտ են գալու։ Կլինեն խնդիրներ աշխատողների կրճատումների հետ կապված, քանի որ հայտնի է՝ շինարարության փուլում սովորաբար ավելի շատ աշխատուժ է պահանջվում, քան շահագործման փուլում։
Մի խնդիր էլ կա՝ կապված ապարների կուտակման վայրերի և դրանցից առաջացող թթվային դրենաժի հետ։ Սա այն հարցերից մեկն էր, որը նշված էր Ամուլսարի ծրագրի գնահատում իրականացրած միջազգային ELARD կազմակերպության զեկույցում։ Սակայն այդ հարցի վերաբերյալ թարմացում չի եղել՝ արդյոք նախատեսվում են լրացուցիչ միջոցառումներ այս խնդիրը կառավարելու համար, թե ոչ», – նշել է Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը։
Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է նաև պատշաճ կերպով արձագանքել Բեռնի կոնվենցիայի քարտուղարության առաջարկություններին, շարունակել հանրային խորհրդակցությունները և ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցությունների կառավարման լիարժեք գործընթաց։
Սեպտեմբեր 18, 2026 at 19:20

Պայթյուն է որոտացել Պակիստանի Խայբեր-Փայթունխվա նահանգի մզկիթներից մեկի մոտ։ Զոհվել է առնվազն 15 մարդ։ Կան նաեւ ավելի քան հիսուն վիրավորներ։ Այս մասին հայտնո…
Ռուսաստանում մինչև 2026 թվականի վերջ 300 հազար մարդու մոբիլիզացնելու ծրագրեր չկան, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ RTVI-ին տված մեկնաբանությունում։
Ավելի վաղ Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի անվտանգության ոլորտի պաշտոնյայի, հայտնել էր, որ Ռուսաստանը հնարավոր է՝ նախապատրաստվում է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչման։ Պեսկովը հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և Ռուսաստանի իշխանությունները նման ծրագրեր չունեն։
Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա Վլադիմիր Պուտինը հայտարարել էր 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։ Իշխանությունները նույն տարվա հոկտեմբերի 31-ին հայտնել էին զորակոչի միջոցառումների ավարտի մասին, սակայն մոբիլիզացիայի ավարտի վերաբերյալ նախագահի առանձին հրամանագիր չի հրապարակվել։ 2026 թվականի սեպտեմբերի սկզբին նախագահը հերքել էր մոբիլիզացիայի նոր ալիքի նախապատրաստման մասին տեղեկությունները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն ու խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ խմբակցության անդամները խոսել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին, անդրադարձել արտաքին մարտահրավերներին։
Խորհրդարանականները ներկայացրել են, իրենց կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության հետընթացին առնչվող դեպքեր, բարձրաձայնել, իրենց դիտարկմամբ, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հարցերում արձանագրված որոշ խախտումներ։
Հյուրերի ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին:
Օգոստոսի 8-ին պատմել էինք Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում «Սանի Լենդ» ընկերության ծավալած գործունեության մասին․ գրում է «Հետք»-ը։
«Ընկերությունը լճից 1500 մետր հեռավարության վրա՝ Սևան ազգային պարկի հարևանությամբ (600մ) և Ձկնագետ գետին անմիջապես հարող տարածքում, առանց բնապահպանական թույլտվության՝ ասֆալտի գործարան է աշխատեցնում և ծրագրում էր նույն տարածքում կազմակերպել ցեմենտի արտադրություն։
Սեպտեմբերի 18-ին Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվեցին «Սանի Լենդ» ընկերության հանքային փոշու, գիպսի, ցեմենտի արտադրություն կազմակերպելու վերաբերյալ՝ նախարարությանն ուղարկված հաշվետվության ուսումնասիրության արդյունքները։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունը «Սանի Լենդ» ընկերության նախագծին տվել է բացասական եզրակացություն»,- նշում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։