ՀՀ-ն չունի տարածքային նկրտում՝ հարևան որևէ երկրի նկատմամբ. Նարեկ Կարապետյան

«Մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է:

Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծենակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Կարապետյանը:

«Եթե մեկը քեզ ստիպում է քո ազգի նշանակալի մասի ճակատագիրը մոռանալ սպանդից հետո ու դու ընդունում ես դա, ուրեմն դու ընդունում ես, որ քեզ հետ կարելի է այդ մեթոդներով վարվել:

Մենք պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց դրանք պիտի լինեն արդարության հիմքով ու ոչ արյան վրա: Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է:

Նարեկ Կարապետյանը նշեց, որ ՀՀ-ն չունի տարածքային նկրտումներ:

«ՀՀ-ն չունի տարածքային նկրտում՝ հարևան որևէ երկրի նկատմամբ: Իսկ Արցախն անկախ միավոր է եղել ու ՀՀ-ի մաս չի կազմել», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեր այսօրվա որոշումներից է կախված՝ ինչպիսի Հանրապետություն ենք թողնելու մեր երեխաներին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

111 տարի անց մենք խոնարհվում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի առջև։

Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք այսօր։

Պետությունը արժեք է, որը պետք է ամեն օր պահել ու ամրապնդել։

Խաղաղությունն է դրա հիմքը՝ որպես մեր ժողովրդի անվտանգության և կայուն զարգացման գլխավոր պայման։

Մեր այսօրվա որոշումներից է կախված՝ ինչպիսի Հայաստանի Հանրապետություն ենք թողնելու մեր երեխաներին։

Խոնարհում՝ մեր նահատակների հիշատակին»,- գրել է նա։

Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել. իրեն նետել է 4-րդ հարկից, երակները կտրված են

Ապրիլի 24-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-36-ամյա Աշոտ Խ․-ն է։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Քաղաքացին իրեն նետել է հյուրանոցի 4-րդ հարկից: Նրա երակների հատվածում կտրված հետքեր են հայտնաբերվել:

Մեր տեղեկություններով՝ նա մի քանի օր էր, ինչ մնում էր նշված հյուրանոցում:

ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանյան իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է։

Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա։

Թշնամական քաղաքականության ընդունումն ու իրացումը գործող իշխանության համոզմունքների և արժեհամակարգի հետ ներդաշնակ են, իսկ նրա գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»:

Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանի մտերիմ շրջապատից տեղեկանում ենք, որ վերջինս բավականին դժվար կացության մեջ է հայտնվել:

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիա մենեջեր Արամ Գաբրելիյանովին արձագանքելն էլ համարում է պահի ազդեցության տակ կատարած սխալ: «Իր համար հանգիստ լռված էր, սաղ մոռացել էին, հիմա մարդը չգիտի` ինչ անի, ում դեմ էլ հելնի լաբավոյ խոսա, կրկնակի ավելի մեծ հարվածի տակ է ընկնելու:

Մտածում է, որ Գաբրելիյանովին պատասխանելն էլ հեչ պետք չէր»,-ասաց Գասպարյանին մոտ կանգնած աղբյուրը:

Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» հետևից. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի մեջ

Դա վկայում են թե Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե ընդհանուր գործընթացները։

Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։

Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումը անմիջապես ազդում է մյուսների վրա։

Այս պահին TRIPP-ի ուղղությամբ էական առաջընթաց չի նկատվում, ինչը ենթադրում է նաև մյուս գործընթացների դանդաղում։ Նախագծի իրականացման հեռանկարները մասամբ կախված են նաև Իրան–ԱՄՆ հարաբերություններից։ Վերջին պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին է նաև TRIPP-ը։ Հետևաբար նախագծի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» հետևից։ Անկախ նրանից՝ այն կկոչվի TRIPP, թե «Զանգեզուրի միջանցք», դրա ռազմավարական նպատակը կմնա նույնը, սակայն մոդերատորն այլ կլինի:

Այսպիսով, ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը․ եթե չկա TRIPP, ապա դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։

Իսկ եթե TRIPP-ը չիրականացվի, ապա մեծանում է այլընտրանքային՝ ավելի ռիսկային սցենարների հավանականությունը։

Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է»:

Ցեղասպանության դասերը. չփախչե՛լ անկախությունից, չներքաշվե՛լ օտարի կռվին

Ասում են՝ պատմությունը կրկնվում է, երբ դասեր չես քաղում։ Ի՞նչ կարևոր դասեր պիտի քաղենք մեծ ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից, որի տարելիցն է այսօր՝ ապրիլի 24-ին։

Մինչև վերջերս կարծում էին, թե 21-րդ դարում մարդկության դեմ նման հանցագործություններ չեն լինի։ Սակայն մեր աչքի առաջ չբարեկամները զավթեցին Արցախը և բռնի տեղահանեցին հայերին, ինչը մարդկության դեմ հանցագործություն է։ Ենթադրելի է, որ եթե Հայաստանում և Արցախում քաղաքականություն որոշողները սերտած լինեին Ապրիլի 24-ի դասերը, ապա Արցախը կպահեին, գուցե նաև Արցախի ինքնորոշման իրավունքը կճանաչվեր աշխարհի կողմից։

Առաջին կարևոր դասը սերտել էին բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այն շատ պարզ, տարրական գիտելիք էր, Հայկ Նահապետից ավանդված։ Եթե Հայկը անկախության համար չկռվեր, ապա այսօր հայ չէր լինի։ Սեպտեմբերի 21-ից հետո հայերը հասկացան, որ ցեղասպանության ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ունենալ պետություն։ 19-րդ դարում Օսմանյան կայսրության բազմաթիվ ժողովուրդներ պայքարեցին ու անկախություն ստացան, հայերը չէին ուզում անկախություն։ Եթե 1876-ին Հայաստանն անկախանար, ապա 1915-ին թուրքերը չէին ցեղասպանի հայ ժողովրդին։ Հիմա ինչքան ամուր պաշտպանենք անկախությունն, այնքան փոքր կլինի ցեղասպանվելու վտանգը։ Ինչքան նահանջենք անկախությունից, այնքան ռիսկը կաճի։

Սա էր պատճառը, որ երբ 1995-ից սկսած ՀՀ իշխանությունն անկախությունից նահանջի քայլեր արեց՝ ռուսական ռազմակայան դրեց, հետո ռուսներին կոպեկով ծախեց կարևոր ենթակառուցվածքները, հետո տնտեսությունն ամբողջությամբ կապեց ռուսական սայլին, ապա ցեղասպանվելու ռիսկը մեծացավ։ Հավանաբար՝ սա գիատակցելով՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Հավանաբար, կարծում էին, թե եթե ամենուր խոսենք Հայոց ցեղասպանության մասին, ապա ռուս-թուրք չբարեկամները կխղճան ու չեն ցեղասպանի մեզ։

Ամեն ինչ փոխվեց 2018-ին, երբ ռուսների միջոցով ֆորպոստի վարչապետ կարգվեց Փաշինյանը, որն արհամարհում էր ՀՀ անկախության պաշտպանության խնդիրը մինչև 2023-ի սեպտեմբերի 24-ը։ Ոմանք կանխատեսում էին, որ այս պատճառով ազգային մեծ աղետ է լինելու, բայց Փաշինյանը շարունակում էր ապազգային կուրսը։

Նույնիսկ 2020-ի պատերազմի օրերին, երբ սահմանային իրավիճակ էր և թվում էր, թե պետք է ողջամիտ որոշումներ ընդունեն անկախության պաշտպանության հարցում և կանգնեցնեն պատերազմը, Փաշինյանը գերադասում էր սպասարկել ռուսական շահերը, ինչն էլ հայերի դեմ պատերազմի լեգիտիմացման հիմք տվեց, հետո նաև հայերի բռնի տեղահանման։

Ցեղասպանության երկրորդ կարևոր դասն այն է, որ մահացու վտանգավոր է ուրիշի պատերազմին մասնակցելը։ Այն արդրացված է մեծ տերությունների համար, որոնք շահ ունեն աշխարհի բոլոր անկյուններում։ Փոքր երկրի, առավել ևս՝ անկախություն չունեցող ժողովրդի համար օտարի կռվին մասնակցելը մահացու է ռիսկային է։ Այդ ռիսկը նվազեցնելու համար մասնակցության պատասխանատվությունն իր վրա է վերցնում առաջնորդը, ինչպես, օրինակ, Մելիք Եգանը պատասխանատվություն ստանձնեց Նադիր շահի անատոլիական արշավանքին հայկական 6 գումարտակով մասնակցելու ժամանակ։ Իսկ երբ պատասխանատվությունը դրվում է ժողովրդի վրա, ապա ժողովուրդն է դառնում թիրախ թշնամու համար։ 1914-ին հայկական 4 կամավորական գնդեր էին կռվում ռուսական բանակի առաջին շարքում։ Պարզ չէ՞ր, որ երիտթուրքը կարող էր վրեժ լուծել հայերից դրա համար։

Ներկայումս քաղաքական առաջնորդներն իրենց սխալների պատախանատվությունը փորձում են բարդել ժողովրդի վրա։ Փաշինյանն իր աղետալի սխալների մեծ մասը փորձում է ուղղակի կամ անուղղակի բարդել ժողովրդի վրա։ Եթե աշխարհում հիմք ընդունեն քաղաքական առաջնորդների մեղադրանքները հայ ժողովրդի հասցեին, ապա տպավորություն կստեղծվի, թե մենք այնքան սխալ ենք մտածում ու գործում, այն աստիճանի ռեալ վտանգ ենք ներկայացնում աշխարհի, մարդկության, խաղաղության համար, որ արժանի ենք ցեղասպանվելու։

Ինչևէ. Դառնանք զօղորմին տի տանք 1,5 միլիոն նահատակներին։ Նրանց սրբությանն արժանի լինենք։ Եվ հուսանք, որ վաղվա առաջնորդները կսերտեն այս դասերը՝ անկախության պաշտպանությանն ուղղված գործուն քայլեր կանեն։ Փոքրոգաբար չեն վախենան ու չեն փախչի անկախությունից, հաստատ կմնան ժողովրդի ազատության համար պայքարի դիրքերում, ամոթալի զիջումներ չեն անի, չեն նահանջի, ժողովրդի վրա չեն գցի իրենց խայտառակ սխալները, չեն ներքաշի ժողովրդին օտարի պատերազմի մեջ, չեն ստեղծի ցեղասպանության առիթ։

Թաթուլ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մյուս պաշտոնյաների հետ այսօր՝ ապրիլի 24-ին, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ասյօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը:

Իսրայել–Լիբանան հրադադարը կերկարաձգվի ևս երեք շաբաթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը
համաձայնել են երեք շաբաթով երկարաձգել Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը՝ հինգշաբթի
օրը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո։

 

Այս հանդիպումը երկու երկրների միջև անցյալ շաբաթվանից ի վեր անցկացված
բարձր մակարդակի երկրորդ բանակցությունն էր։ Նախնական 10-օրյա հրադադարը, որն ուժի
մեջ էր մտել անցյալ ուրբաթ, նախատեսվում էր ավարտվել երկուշաբթի օրը։