Դրոշ այրելը ես համարում եմ ճղճիմ. Ալեն Սիմոնյան

«Շատ անտեղի եմ համարում դրոշ այրելը եկեղեցին քանդելու հետ համեմատելը»,-լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն։ Այն գործողությունը, որը արվել ա ես իմ գնահատականը տվել եմ՝ համարում եմ ճղճիմ, թույլ, Հայասատանի Հանրապետությանը և հայ ժողովրդին վնասող։

Բա Ադրբեջանի դրոշը խի՞ չվառեցին, պա՞րզ ա չէ, որ սարկազմով եմ ասում։ Չի կարող ամեն մի կրպակ ունենա իր արտաքին քաղաքականությունը։ Պետությունն ունի իր արտաքին քաղաքականությունը»,-հայտարարեց Սիմոնյանը։

«Երկու օր առաջ ես Թուրքիայում ունեցել եմ շատ լավ հանդիպումներ, ունենք խաղաղության օրակարգ։

Վառել եմ դրոշ, ի՞նչ, էդ ա իրանց հերոսությունը, պետք եղած ժամանակ էլ 220 արագությամբ վազել հակառակ ուղղությամբ»,-հավելեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը քննադատել էր Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրելը՝ այն  որակելով անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն։

Եթե Արցախի մայր տաճարին են վնաս տվել՝ դա արդեն գնահատական ունի. Խաչատուր Սուքիասյան

«Պետք ա մի հատ ճշտենք՝ ի՞նչ աստիճանի ա էդ ամեն ինչը, եթե Արցախի մայր տաճարին են վնաս տվել՝ դա արդեն գնահատական ունի»,-այս մասին՝ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարեց  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Ամեն քարի կտոր, ինչը մշակութային կոթող է՝  պետք է պաշտպանվի Յունեսկոյի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից, որպեսզի նման բաներ տեղի չունենան։ Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ ցանկանա միջամտել, դա այլ երկրի տարածքում  և պետք է միջազգային  կառույցներից արձագանք ստանա»,-նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Հիշեցենենք, որ Ադրբեջանը պարբերաբար ոչնչացնում է Արցախի մշակութային կոթողները։

Հայաստանում ծայրահեղ աղքատություն այլևս չկա, իսկ խորոված ուտել-չուտելը քաղաքացու որոշելիքն է. Արսեն Թորոսյան

Հեղափոխության ծրագրերից  շատ բաներ կատարվել են, որոշ բաներ դեռ չեն կատարվել, առհասարակ ցանկացած բարեփոխումից հետո նոր անելիքներ են հայտնվում, սակայն մի բան հստակ ՝  ծայրահեղ աղքատություն Հայաստանում էլ չկա․ այս մասին  հայտարարեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառման ժամանակ։

«Խորոված ուտել-չուտելը քաղաքացու որոշելիքն է, բայց քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում և վաղը ավելի լավ է ապրելու քան այսօր։ Աղքատությունն այսօր հաղթահարված է մեր բոլորի ջանքերի շնորհիվ։  2024 թվականի տվյալներով մենք 0,6 տոկոս ծայրահեղ աղքատություն ունենք, 2025-ին՝ վստահ եմ՝ ավելի քիչ»,- հավելեց Արսեն Թորոսյանը

ԱՄՆ-ն թույլատրել է Մադուրոյին օգտագործել վենեսուելական միջոցներ փաստաբանների վճարման համար

ԱՄՆ-ն թույլատրել է Նիկոլաս Մադուրոյին և Սիլիա Ֆլորեսին վճարել իրենց փաստաբաններին վենեսուելական միջոցներով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով․ հաղորդում է Bloomberg-ը։

Մեղադրող կողմը պնդում է, որ Մադուրոն ներգրավված է եղել կոկաինի մաքսանենգության մեջ և համագործակցել է ահաբեկչական կազմակերպությունների հետ։

Մադուրոն և Ֆլորեսը հերքում են մեղադրանքները։ Մեղադրողը խնդրել է, որ առաջին լսումը նշանակվի 60 օրվա ընթացքում։

Միացյալ Նահանգներում կվերականգնվեն դաշնային մահապատիժները

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկել դաշնային մակարդակով մահապատիժը վերականգնելու համար: Այդ միջոցառումները ներառում են մահացու ներարկման արձանագրության վերականգնում, մահապատժի մեթոդների շրջանակի ընդլայնումը, այդ թվում՝ գնդակահարությունը․ հայտնում  է նախարարությունը։

«Նախորդ վարչակազմը ձախողվել է ամերիկյան ժողովրդին պաշտպանելու իր պարտականության մեջ՝ չկարողանալով հետապնդել ամենավտանգավոր հանցագործներին, այդ թվում՝ ահաբեկիչներին, մանկասպաններին և ոստիկաններին սպանողներին, և նրանց նկատմամբ մահապատիժ կիրառել», – ասել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։

Սխալ դրոշներ Վաշինգտոնում՝ Չարլզ III-ի այցից առաջ․ CBC

Կանադական CBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի փողոցներում Չարլզ III թագավորի ԱՄՆ այցից առաջ բրիտանական դրոշների փոխարեն սխալմամբ բարձրացվել են ավստրալական դրոշներ։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թագավորի երթուղու երկայնքով բարձրացվել է ավելի քան 230 դրոշ, որոնցից առնվազն 15-ը՝ ինչ-որ մեկի սխալի պատճառով, նույնականացվել են որպես ավստրալական դրոշներ։ Ավելի ուշ դրանք փոխարինվել են բրիտանական դրոշներով։

CBC-ն նշել է, որ Չարլզ III-ը նաև Կանադայի և Ավստրալիայի պետության ղեկավարն է՝ համաձայն այդ երկրների սահմանադրությունների։

Չարլզ III-ը պետական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ՝ ապրիլի 27-30-ը։ Նախատեսվում է, որ նա ելույթ կունենա Կոնգրեսում և կընդունվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանը։

Ցեղասպանությունների կանխարգելման հարցում հանձնառություն ստանձնող իշխանությունը պետք է բավարար արժեքներ, մաքրություն, սկզբունքներ, վճռականություն ու հետևողականություն ունենա թե՛ ներքին և թե՛ արտաքին հարաբերություններում․ Բեգլարյան

Փաշինյանական իշխանության հանցավոր ժխտողականությունն ու փարիսեցիությունը. գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մինչ Փաշինյանը ադրբեջանական թեզերով ու  հանցավոր ժխտողականությամբ հրաժարվում է ոչ միայն արդարության համար պայքարից, այլև՝ հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների արձանագրումից և ցեղասպանական նոր ակտերի կանխման քայլերից, նրա ԱԳՆ-ը նշում է՝

«Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների (զանգվածային ոճրագործությունների) նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին»:

Սա հերիք չէ, նրանք հպարտանում են՝

«2025 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն  ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը»:

Մի քանի հարց ԱԳՆ-ին՝

  1. Որտե՞ղ և ու՞մ հանդեպ եք ստանձնում պատասխանատվություն ցեղասպանությունների կանխարգելման հարցում. դա ներառու՞մ է նաև հայ ժողովրդին, այդ թվում՝ արցախյան հատվածին, թե՞ նկատի ունեք միայն Մարս մոլորակի վրա:
  2. Ինչպե՞ս եք կանխարգելում՝ բոլոր բանակցություններից ու փաստաթղթերից այդ թեմաները բացառելո՞վ, ադրբեջանական «հայելային» փաստարկներով հանցագործներին պատժելու պարտավորությունից հրաժարվելո՞վ, պաղեստինյան մշակութային ժառանգության պաշտպանության հանձնառություն ստանձնելո՞վ, իսկ հայկականը՝ անտեսելո՞վ, թե՞ էժան բենզին ներկրելով:
  3. Ինչպե՞ս եք վաղ ահազանգում՝ հայատյացության ադրբեջանական քաղաքականությունն անտեսելո՞վ, ցեղասպանության զոհերի դեմ ներքին ատելության քարոզչություն վարելո՞վ, թե՞ ցեղասպանական ռեժիմի բոլոր պահանջները կատարելով:
  4. Ինչպե՞ս եք վերացնում հետևանքները՝ միջազգային դատական հայցերից հրաժարվելո՞վ, Միջազգային քրեական դատարան չդիմելո՞վ, ցեղասպանության մեղքը այլ պետությունների ու զոհերի վրա գցելո՞վ, բռնի տեղահանվածների վերադարձի թեման փակելո՞վ, թե՞ զոհերի հայրենիքում իրենց հետքերի վերացման հանցավոր ջանքերին աջակցելով:
  5. Ինչպե՞ս եք հարգում ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակն ու արժանապատվությունը՝ դրա մասին խոսող գիտնականին աշխատանքից ազատելո՞վ, ոճրագործություններից մազապուրծ փրկվածներին շարունակաբար վիրավորելո՞վ, թե՞ դրանց կատարողների Երևանում հյուրընկալելով:
  6. Բոնուս հարց. իսկ ինչու՞ այդ «խիզախ կեցվածքով» Արցախի շրջափակման ժամանակ այդպես էլ պաշտոնապես չդիմեցիք ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականին՝ որպես վաղ ահազանգման ու կանխարգելման միջազգային մեխանիզմ՝ չնայած 2023թ. Մարտի 15-ի կառավարության նիստում Փաշինյանի հրապարակային և ուղիղ հանձնարարությանը: Դե էլ չհարցնեմ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժման մասին կոնվենցիայի մեխանիզմների չկիրառման պատճառների վերաբերյալ:

Ցեղասպանությունների կանխարգելման հարցում հանձնառություն ստանձնող իշխանությունը պետք է բավարար արժեքներ, մաքրություն, սկզբունքներ, վճռականություն ու հետևողականություն ունենա թե՛ ներքին և թե՛ արտաքին հարաբերություններում, ոչ թե մի ձեռքով աջակցի սեփական ժողովրդի ցեղասպանությանը և դրա լեգիտիմացմանը, իսկ մյուսով՝ տեսական պայքար մղի տեսական ոճրագործությունների դեմ»,- գրել է Բեգլարյանը։

Պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի․ Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում։

«Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում` մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա: 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 000 հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ»,- գրել է նա։

Զոհրան Մամդանին վերահաստատել է հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը:

Պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի․ Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել

Ազատագրված հայրենիքում հիշատակի օրերն այլ իմաստ ունեին

«Հաղթես հավիտյան, բանակ հաղթական, դեռ պիտի մտնես Վան, Կարին, Արդահան»։ Այս տողերը գրված էին ազատագրված Քարվաճառի միջնակարգ դպրոցի մուտքի մոտ. առաջին բանն էր, որ աչքի էր զարնում դպրոց մտնելիս։ 

Այս տողերը Քարվաճառում պաթետիկ չէին հնչում։ Հայոց հաղթական բանակն ազատագրել էր Քարվաճառը։ 

Դարերի ընդմիջումից հետո, շարունակաբար հող ու պետականություն կորցնելուց հետո, հայոց բանակը հայրենի հող էր ազատագրել՝ Շուշի ու Քարվաճառ, Դադիվանք ու Գանձասար։ 

Ազատագրված հայրենիքում ամեն ինչ այլ իմաստ ուներ. ազատագրված հայրենիքում կառուցված դպրոցը, մշակույթի կենտրոնը, մարզադաշտն ու ամեն վերաբնակչի տունը հաղթանակի ու վերահայացման իմաստ ունեին։ 

Քարվաճառում այլ կերպ էին ընկալվում նաև մեծ կորուստների ու հիշատակների օրերը։ 

Հայոց ցեղասպանության ոգեկոչումն ամեն տարի տեղի էր ունենում նույն սցենարով. ապրիլի 23-ի երեկոյան՝ ջահերթ քաղաքի մի ծայրից մյուսը՝ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։ Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, երթ դեպի նույն հուշարձանն ու հիշատակի միջոցառում՝ Քարվաճառի մշակույթի տանը։ 

Երթի հիմնական մասնակիցները Քարվաճառի երեխաներն էին. հայոց ազատագրված հողում ծնված երեխաները, որոնք իրենց գոյությամբ ու Քարվաճառում ապրելով՝ ցեղասպանության հրեշավոր նպատակի լավագույն պատասխանն էին. մենք ոչ միայն չէինք ոչնչացել որպես ազգ, այլ նաև հայրենիք էինք ազատագրել, որտեղ հայ երեխաներ էին ծնվում։ 

Քարվաճառի մշակույթի տան սաները, թեկուզ երբեմն անվարժ, ազգային պարեր էին պարում ու հայրենասիրական երգեր երգում։ Այդ երգերը ազատագրված հայրենիքի լիիրավ տերերի շուրթերից հնչում էին ամենաանկեղծ ու ազդեցիկ ձայնով, ու լսածս բոլոր երգերից ամենահուզիչն էին։

Ազատագրված հայրենիքն իրենց ծննդավայր ունեցող երեխաներն ու պատանիներն այսօր տեղահանված են ու հայրենազուրկ, նրանց ծննդավայրը՝ կորցնելուց զատ նաև մոռացման մեծ վտանգի առաջ։

Ցեղասպանության տարելիցի օրերն առավել հուսաբեկ ու անպատասխան են դարձել…

Թամարա Գրիգորյան

Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ

Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։ Այս մասին ահանզանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, շուրջ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։

Քանդակը ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, հպարտ ու անսասան կեցվածքով։ Այն չունի պատվանդան, կարծես բխում է հենց հողից՝ մարմնավորելով ժողովրդի խոր արմատներն ու անքակտելի կապը հայրենիքի հետ։ Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը միջազգային հարթակներում ևս արժանացել է բարձր գնահատականի՝ ներկայացվելով իտալական Կարարա քաղաքում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսում և ճանաչվելով որպես համաշխարհային մշակութային արժեք։

Սակայն հուշարձանի պատմությունը չի սահմանափակվում միայն մշակութային ձեռքբերումներով։ Դեռևս խորհրդային տարիներին այն բախվել է քաղաքական դիմադրության՝ Սովետական Ադրբեջանի ղեկավարության բացահայտ ընդդիմության պայմաններում։ Չնայած այդ ճնշումներին, հուշարձանը կանգնեցվեց՝ դառնալով ոչ միայն արվեստի, այլև դիմադրության խորհրդանիշ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից և դրան հաջորդած Արցախի ամբողջական բռնազավթումից ու արցախաայության բռնի տեղահանումից ընդամենը օրեր անց՝ սեպտեմբերի 29-ին, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոշը՝ ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։

2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքեր․ հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ։

Հատկանշական է, որ նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև։