Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական»։

Վարկանիշի «Դրական» հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Բանկի BCA գնահատականի և վարկանիշների վրա։ Յունիբանկի b2 BCA և Adjusted BCA գնահատականների վերահաստատումը պայմանավորված է Բանկի ակտիվների բարձր որակով, կայուն շահութաբերությամբ և ֆինանսավորման առավել անկայուն աղբյուրներից սահմանափակ կախվածությամբ։

Moody’s-ի գնահատմամբ՝ Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժն ամրապնդվել է՝ պայմանավորված կայուն կապիտալ ներդրումներով, որոնք նպաստում են արտադրողականության աճին և բարձրացնում տնտեսության դիմակայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ։

Moody’s-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը Ba3 մակարդակում և բարելավել կանխատեսումը՝ հասցնելով «դրականի»

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․  Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը  փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով ազգային և արտարժույթով թողարկողի երկարաժամկետ վարկանիշները Ba3 մակարդակում։

Ինչպես նշված է գործակալության զեկույցում, կանխատեսման բարելավումն արտացոլում է քաղաքական ռիսկերի նվազումը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ ռազմական բախման հավանականության նվազումը, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացումը և ներքաղաքական զսպված ռիսկերը։ Moody’s Ratings-ը նաև նշում է մեծացած հավանականությունը, որ տնտեսական աճի հեռանկարների ամրապնդումը կհանգեցնի Հայաստանի հիմնարար ցուցանիշների բարելավմանը։

«Ba3 վարկանիշի հաստատումը պայմանավորված է Հայաստանի աճի բարձր ներուժով և համեմատաբար ուժեղ ինստիտուտներով ու կառավարման որակով։ Այդ գործոնները, սակայն, հավասարակշռվում են տոկոսային ծախսերի աճով և պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերով»,- նշում են հետազոտության հեղինակները։

Moody’s-ի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական վերակողմնորոշման և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ անորոշությունը շարունակում է ռիսկեր ստեղծել երկրի տնտեսական անվտանգության համար՝ հաշվի առնելով երկու պետությունների միջև սերտ կապերը։

Նշվում է, որ Հայաստանի վարկանիշների երկրային առաստաղները պահպանվել են Baa2 մակարդակում՝ ազգային արժույթով, և Ba1 մակարդակում՝ արտարժույթով։ Գործակալությունում պարզաբանել են, որ դրանց և սուվերեն վարկանիշի միջև եղած խզումն արտացոլում է համեմատաբար ուժեղ ինստիտուտների և տնտեսության մեջ պետության փոքր դերի համադրությունը աշխարհաքաղաքական ռիսկերի, ընթացիկ հաշվի դեֆիցիտի և սթրեսային պայմաններում կապիտալի փոխանցման ու փոխարկման ռիսկերի հետ։

ՀԲ-ն զգալի ռիսկեր չի տեսնում Հայաստանի պետական պարտքի՝ մինչև ՀՆԱ-ի 50% աճի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետական պարտքը կարող է ավելանալ մինչև ՀՆԱ-ի մոտ 50%-ը 2026 թվականի վերջին, սակայն Համաշխարհային բանկը նման մակարդակը չի դիտարկում որպես էական սպառնալիք հանրապետության մակրոտնտեսական կայունության համար, հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը:

«2026 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 41,3%-ը, ինչը ցածր է անցյալ տարվա վերջի ցուցանիշից», — ասաց Մանուկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին ՀԲ «Հայաստանի տնտեսական զարկերակը. ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» զեկույցի ներկայացման ժամանակ:

Նրա խոսքով՝ տարվա երկրորդ կեսին պարտքային բեռի սպասվող ավելացումը կապված կլինի կապիտալ ծախսերի ակտիվացման, պետական բյուջեի դեֆիցիտի աճի և նոր վարկային միջոցների ներգրավման հետ, որոնց ստացումը նախկինում հետաձգվել էր:

 «Համաշխարհային բանկը զգալի ռիսկեր չի տեսնում, նույնիսկ եթե պետական պարտքը հասնի ՀՆԱ-ի 50%-ին: Հայաստանի իշխանությունները բավականին զգուշավոր են մոտենում պարտքի կառավարմանը և հանձնառություն են ցուցաբերում այն չափավոր մակարդակում պահպանելու հարցում», — ասաց Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՆԱ-ի 50% ցուցանիշը Հայաստանի բյուջետային կանոնով նախատեսված երկրորդ շեմային արժեքն է: Դրա գերազանցումն արգելված չէ, սակայն այս դեպքում կառավարությունը պետք է ներկայացնի պարտքային բեռի նվազեցման ծրագիր առաջիկա երկու տարիների ընթացքում:

Մանուկյանը նշեց, որ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագիրը նախատեսում է փոխառությունների ավելի մեծ ծավալ, սակայն միջոցների փաստացի ներգրավումը կախված կլինի բյուջեի կատարողականից:

«Անցյալ տարի նույնպես կանխատեսվում էր, որ պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 50%-ին, սակայն տարվա արդյունքներով ցուցանիշը կազմեց 46,7%», — ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության վրա ազդում է նաև տնտեսության դինամիկան. ՀՆԱ-ի աճի ավելի բարձր տեմպերի դեպքում պարտքային բեռը տնտեսության ծավալի համեմատ նվազում է:

«ՀՆԱ-ի 50% մակարդակին հասնելն ինքնին լուրջ վտանգ չի ներկայացնում, հատկապես եթե հետագայում նախատեսված է պարտքի կրճատում: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը երկրորդ կիսամյակում», — նշեց Մանուկյանը:

Հայաստանի պետական պարտքի մասին

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 45%-ի:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 77,1 մլն դոլար՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 13 մլրդ 906 մլն դոլարի դիմաց:

Պետական պարտքի կառուցվածքում կառավարության պարտքը կազմել է 14 մլրդ 68,95 մլն դոլար, որից արտաքին պարտքը՝ 6 մլրդ 672,6 մլն դոլար, ներքինը՝ 7 մլրդ 396,3 մլն դոլար: Համայնքների պարտքը կազմել է 8,18 մլն դոլար, այդ թվում՝ արտաքինը՝ 8,03 մլն դոլար, ներքինը՝ 0,15 մլն դոլար: Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2026 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 482,4 մլն դոլար:

ՀԲ–ն 2026թ․–ին Հայաստանում գնաճը կանխատեսում է 4,6%–ի մակարդակում․ ներկայացվել են հիմնական գործոնները

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Համաշխարհային բանկը 2026 թվականի արդյունքներով Հայաստանում կանխատեսում է 4,6% գնաճ՝ նախորդ տարվա 3,3%-ի դիմաց, հայտնել է ՀԲ ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը:

«Հունիսի դրությամբ գնաճի միջին ցուցանիշը կազմում է 4,6%: Մենք ակնկալում ենք, որ մոտավորապես այս մակարդակում այն կպահպանվի մինչև տարեվերջ, թեև անորոշությունը բարձր է մնում», — ասաց Մանուկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին ՀԲ «Հայաստանի տնտեսական զարկերակը. ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» զեկույցի ներկայացման ժամանակ:

Նրա խոսքով՝ 2024 թվականին ծայրահեղ ցածր գնաճի և գնանկումային միտումների շրջանից հետո Հայաստանում գները սկսել են աճել 2025 թվականին, իսկ 2026 թվականին դրանց աճի տեմպերն արագացել են:

Գնաճի հիմնական ավանդը, Մանուկյանի խոսքով, ներդնում են սննդամթերքը և ոչ ալկոհոլային լմպելիքները: Նա դա կապեց առաջին հերթին համաշխարհային գների աճի հետ:

Այլ գնաճային գործոնների շարքում տնտեսագետը նշեց առողջապահության ծախսերի ավելացումը և տրանսպորտային ծառայությունների արժեքի բարձրացումը:

«Մենք ակնկալում էինք, որ տրանսպորտի և էներգակիրների արժեքի աճն ավելի նշանակալի ազդեցություն կունենա գնաճի վրա, սակայն առայժմ Հայաստանում այդ էֆեկտն ավելի թույլ ստացվեց, քան մի շարք այլ երկրներում», — նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ կանխատեսումը հաշվի է առնում նաև Մերձավոր Արևելքում հակամարտության հնարավոր ազդեցությունը ներքին գների վրա: Ներկայումս այդ էֆեկտը մնում է չափավոր, սակայն կարող է ուժեղանալ հակամարտության ձգձգման, առևտրային երթուղիների խաթարման կամ մատակարարումների խափանումների դեպքում:

Միջնաժամկետ հեռանկարում Համաշխարհային բանկն ակնկալում է գնաճի աստիճանական դանդաղում մինչև Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախային 3% ցուցանիշը:

Գնաճի մասին

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունիսին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5,1%, իսկ ընթացիկ տարվա մայիսի համեմատ դիտվել է 0,5% գնանկում:

Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունվար-հունիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 4,6%-ով:

Հայաստանի 2026 թվականի պետբյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1,5%) մակարդակում: Ըստ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճն սպասվում է՝ կախված սցենարից (A-B), 4,4-3,3%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,5-3,1%, 2028 թվականին՝ 3,2-3,1%:

ՀՀ բանկերի կապիտալը հունիսի վերջին կազմել է գրեթե 2,23 տրլն դրամ՝ տարեկան 13,63% աճով

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․     Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2 տրլն 226,85 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 13,63%-ով, իսկ 2026 թ.-ի մարտի 31-ի համեմատ նվազելով 3,13%-ով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ ընդհանուր կապիտալի ցուցանիշով խոշորագույն լավագույն 3 բանկերի ցանկում ընդգրկված են.

Արդշինբանկը — 394,3 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 2,05%, եռամսյակային նվազումը՝ 14,01%), Ամերիաբանկը — 358,08 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 23,92%, եռամսյակային նվազումը՝ 0,04%), ԱՄԻՕ Բանկը — 203,7 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 17,01%, եռամսյակային աճը՝ 0,57%)։

/հազ․ դրամ/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆ ԸՍՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՑՈՒՑԱՆԻՇԻ
ՏԵՂ ԲԱՆԿ 30/06/2025 31/03/2026 30/06/2026 աճի համեմատում (%) 
նախորդ եռամսյակի համեմատ 2025 թվականի I կիսամյակի համեմատ
1 ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 386,364,336 458,521,483 394,300,801 -14.01% 2.05%
2 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 288,962,629 358,234,788 358,075,814 -0.04% 23.92%
3 ԱԿԲԱ ԲԱՆԿ 174,084,034 202,540,804 203,691,848 0.57% 17.01%
4 ԱՄԻՕ ԲԱՆԿ 181,988,043 218,930,060 200,427,286 -8.45% 10.13%
5 ԻՆԵԿՈԲԱՆԿ 110,285,756 128,140,905 127,802,898 -0.26% 15.88%
6 ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ 93,220,171 109,515,268 109,479,723 -0.03% 17.44%
7 ԷՎՈԿԱԲԱՆԿ 95,320,435 108,288,401 107,688,455 -0.55% 12.98%
8 IDBank 77,081,435 90,033,184 95,614,176 6.20% 24.04%
9 ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 75,846,329 92,960,735 95,009,650 2.20% 25.27%
10 ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 81,253,591 92,109,693 93,169,630 1.15% 14.67%
11 ՖԱՍԹ ԲԱՆԿ 72,770,165 85,777,109 90,661,466 5.69% 24.59%
12 ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ 72,757,364 84,092,661 83,958,969 -0.16% 15.40%
13  ВТБ ԲԱՆԿ (ՀԱՅԱՍՏԱՆ) 62,897,383 70,305,116 72,756,751 3.49% 15.68%
14 ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ 61,670,649 67,572,319 69,517,091 2.88% 12.72%
15 ՅՈՒՆԻԲԱՆԿ 52,865,321 54,450,111 45,339,208 -16.73% -14.24%
16 ԱՐՑԱԽԲԱՆԿ 37,728,086 41,083,417 42,614,285 3.73% 12.95%
17 ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ 34,618,237 36,197,741 36,742,782 1.51% 6.14%
ԲԱՆԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 1,959,713,964 2,298,753,795 2,226,850,833 -3.13% 13.63%

Բանկերի շահույթի ցուցանիշով վարկանիշային աղյուսակի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները։ Օպերատիվ տվյալներ 2026 թ.-ի II եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։

Սույն տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը II եռամսյակում գերազանցել է 8,56 տրլն դրամը, տարեկան աճը կազմել է 23.56%

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի համախառն վարկային պորտֆելը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 8,56 տրլն դրամ՝ 2025 թվականի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 23.56%-ով, իսկ 2026 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 6.8%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ 2026 թվականի II եռամսյակի վերջի դրությամբ վարկային պորտֆելի ծավալով Հայաստանի բանկերի շարքում առաջատար դիրքը պահպանում է Ամերիաբանկը: Նրա վարկային ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1,95 տրլն դրամ (տարեկան աճը՝ 33,59%, եռամսյակայինը՝ 10,93%):

Երկրորդ տեղում է Արդշինբանկը՝ ավելի քան 1,66 տրլն դրամ վարկային պորտֆելի ցուցանիշով (աճը տարվա կտրվածքով՝ 27.36%, եռամսյակի կտրվածքով՝ 7.39%):

Երրորդ տեղն է զբաղեցնում Ակբա բանկը, որի վարկային պորտֆելը կազմել է 810,7 մլրդ դրամ (աճն անցյալ տարվա հունիսի համեմատ՝ 19,53%, ընթացիկ տարվա մարտի համեմատ՝ 7,33%):

Չորրորդ տեղում է Ինեկոբանկն է՝ 591,4 մլրդ դրամով (տարեկան աճը՝ 25,61%, եռամսյակայինը՝ 10,14%):

Առաջատարների հնգյակը եզրափակում է Ամիօ Բանկը՝ 547,9 մլրդ դրամով (տարեկան աճը՝ 2,05%, եռամսյակի կտրվածքով արձանագրվել է 2,82% անկում):

/ հազ․ դրամ/

Բանկերի վարկանիշի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: Օպերատիվ տվյալներ 2026 թվականի II եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Սույն տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]): ($1 — 365.87 դրամ)

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 20–26)

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/ԱՌԿԱ/․   Ֆինանսական օրակարգը Հայաստանում անցած շաբաթ ձևավորվել է առաջին կիսամյակի բանկային ոլորտի արդյունքներով, դրամական փոխանցումների ոլորտի փոփոխություններով և արտարժույթի փոխարժեքների դինամիկայով։

Կապիտալի շուկայում ներկայացվել են կորպորատիվ պարտատոմսերի նոր թողարկումը և բորսաների ցանկը, որը հաշվի է առնվում բանկային շահաբաժինների հարկման նոր կանոնների կիրառման ժամանակ։

Միաժամանակ շարունակվել է թվային վճարային ծառայությունների ընդլայնումը և առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի գործնական ներդրումը։

  1. Բանկային ոլորտ. շահույթը և ակտիվները պահպանել են աճը

Հայաստանի 17 գործող բանկերի համախառն զուտ շահույթը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 219,72 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,48%-ով։ Բոլոր բանկերը կիսամյակն ավարտել են շահույթով։

Բանկերի ակտիվները հունիսի վերջի դրությամբ կազմել են 13,84 տրիլիոն դրամ (տարեկան աճը՝ 19,15%), վարկային ներդրումները՝ 8,56 տրիլիոն դրամ (աճը՝ 23,56%)։ Ընդհանուր կապիտալը հասել է 2,23 տրիլիոն դրամի՝ տարվա ընթացքում ավելանալով 13,63%-ով։

Տվյալներն արտացոլում են բանկային գործառնությունների և վարկավորման ընդլայնումը՝ երկրի բոլոր բանկերում դրական ֆինանսական արդյունքի պահպանման ֆոնին։

2.Արտարժույթի շուկա. դոլարի փոխարժեքը շաբաթվա ընթացքում գրեթե չի փոխվել

ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը հուլիսի 20-ին կազմել է 365,93 դրամ, իսկ հուլիսի 24-ին՝ 365,87 դրամ։ Այսպիսով, դիտարկվող ժամանակահատվածում ամերիկյան արժույթն էժանացել է 0,06 դրամով։

Հուլիսի 24-ի արդյունքներով եվրոյի փոխարժեքը կազմել է 416,43 դրամ՝ օրվա ընթացքում նվազելով 0,86 դրամով։ Ռուսական ռուբլին աճել է 0,0228 դրամով՝ հասնելով 4,6763 դրամի։

Դոլարի փոխարժեքի կայունությունը սահմանափակել է դոլարային ակտիվների և պարտավորությունների կարճաժամկետ վերագնահատման մասշտաբը, մինչդեռ եվրոյի և ռուբլու ավելի նկատելի փոփոխություններն էական են եղել այդ արժույթներով հաշվարկների համար։

3.Դրամական փոխանցումներ. «Զոլոտայա կորոնան» սահմանափակել է մի շարք ուղղություններ

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ «Золотая корона» վճարային համակարգը սահմանափակել է փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, Վրաստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ այն բանից հետո, երբ համակարգի օպերատոր և հաշվարկային կենտրոն հանդիսացող «Платёжный центр» ոչ բանկային վարկային կազմակերպությունը ներառվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում։

Աջակցման ծառայությունը հաստատել է որոշ ուղղությունների անհասանելիությունը, սակայն չի նշել երկրների ամբողջական ցանկը, սահմանափակումների պատճառներն ու դրանց վերացման ժամկետները։ Դեպի Հայաստան փոխանցումների ամբողջական դադարեցման մասին պաշտոնական հայտարարություն օպերատորը չի արել։

Սահմանափակումները նվազեցրել են Ռուսաստանից դրամական փոխանցումների ալիքներից մեկի հասանելիությունը, ինչի հետևանքով հաճախորդներից պահանջվել է օգտագործել այլընտրանքային վճարային համակարգեր և բանկային ծառայություններ։

4.Վճարումներ և ֆինտեխ. Т-Բանկը Հայաստանում գործարկել է QR-վճարումներ

Т-Բանկի հաճախորդները հնարավորություն են ստացել Հայաստանում գնումների դիմաց վճարել QR-կոդով՝ բջջային հավելվածի միջոցով։ Ծառայությունն հասանելի է առանց միջնորդավճարի առևտրի կետերի մեծ մասում, իսկ ռուբլու փոխանակումը դրամի իրականացվում է գործարքի պահին բանկի ներքին փոխարժեքով։

Մեկ գնման առավելագույն գումարը կազմում է 1 միլիոն ռուբլուն համարժեք դրամ։ Ծառայությունից կարող են օգտվել բանկի այն հաճախորդները, ովքեր Ռուսաստանի և բանկի կողմից բարեկամական դասվող երկրների քաղաքացիներ են։

Գործիքն ընդլայնում է օտարերկրյա հաճախորդների համար անկանխիկ հաշվարկների հնարավորությունները և բջջային հավելվածների օգտագործումը անդրսահմանային մանրածախ վճարումներում։

5.Կապիտալի շուկա. ML Fashion-ը տեղաբաշխում է 500 միլիոն դրամի պարտատոմսեր

«Էմ Էլ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին, որոնց տեղաբաշխման կազմակերպիչն է «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը։ Ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի 2026 թ.-ի հուլիսի 8-ի որոշմամբ։

Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիոն դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 13%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Տեղաբաշխումը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 16:30-ը։

Թողարկումն ընդլայնում է կորպորատիվ դրամային պարտատոմսերի առաջարկը և ընկերությանը տրամադրում ֆինանսավորման ներգրավման շուկայական գործիք։

6.Շահաբաժինների հարկում. հաստատվել է 42 բորսաների ցանկը

Հայաստանի կառավարությունը հաստատել է 42 ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում ցուցակման առկայությունը կամ բացակայությունը հաշվի է առնվելու բանկերի բաժնետոմսերի շահաբաժինների հարկման տարբերակված կարգի կիրառման ժամանակ։ Ցուցակում ներառվել են Հայաստանի, ԵՄ մի շարք երկրների և Ասիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հարթակները։

2026 թ.-ի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նման շահաբաժինների նկատմամբ նախատեսվում է նաև պետական տուրքի հաշվարկման տարբերակված կարգ։ Օրենսդրական քննարկվող փոփոխությունները նախատեսում են 15% դրույքաչափ բանկերի այն բաժնետոմսերի շահաբաժինների համար, որոնք ներառված չեն հաստատված ցանկի բորսաների ցուցակներում։

Որոշումը սահմանում է առևտրային հարթակների ցանկը, որն օգտագործվելու է բանկային շահաբաժինների հարկային ռեժիմը որոշելիս։

7.Առողջության համընդհանուր ապահովագրություն. ծառայություններից օգտվել է ավելի քան 762 հազար մարդ

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը հունիսի դրությամբ հասել է շուրջ 1,8 միլիոն մարդու։ Ապահովագրական փաթեթի ծառայություններից օգտվել է 762 404 մարդ, ևս 35 961 շահառու ստացել է միայն դեղորայք։

Առաջին վեց ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցումների ծավալը կազմել է 102,4 միլիարդ դրամ։ Հիմնադրամի միջին ծախսը մեկ շահառուի հաշվով, ով օգտվել է ծառայություններից՝ առանց դեղորայքի, հունիսին հասել է 61 հազար դրամի։

Ապահովագրական փաթեթի օգտագործման ընդլայնումն ավելացնում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հաշվարկների ծավալը բժշկական կազմակերպությունների հետ և ծախսերի վերահսկման նշանակությունը։

Շաբաթվա ամփոփում

Շաբաթը ցույց տվեց, որ Հայաստանի ֆինանսական շուկան պահպանում է ինստիտուցիոնալ կարգավորման ռեժիմը՝ բանկային գործառնությունների աճի և դոլարի փոխարժեքի կայուն դինամիկայի ֆոնին։ Բանկային համակարգն առաջին կիսամյակն ավարտել է շահույթի, ակտիվների և վարկային պորտֆելի ավելացմամբ, միաժամանակ շարունակվել է թվային վճարումների և կորպորատիվ պարտքային շուկայի զարգացումը։

Հիմնական շեշտը տեղափոխվել է անդրսահմանային փոխանցումների ուղիների հասանելիության, բանկային կապիտալի դինամիկայի և շահաբաժինների հարկման կարգավորման վրա։ Ուշադրության կենտրոնում են մնում վարկային պորտֆելի որակը, վճարային ծառայությունների հասանելիությունը և առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսական վարչարարությունը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026 թ.-ի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են փոխանցել 116,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/ԱՌԿԱ/․    Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ընդգրկվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Բոլոր 17 առևտրային բանկերի կողմից փոխանցված հարկային և մաքսային վճարումների ընդհանուր գումարը կազմել է 116,16 միլիարդ դրամ, որից շուրջ 115 միլիարդ դրամը բաժին է ընկել հարկային վճարումներին, իսկ 1,16 միլիարդ դրամը՝ մաքսային։

Բանկերի շարքում խոշորագույն հարկատուն դարձել է Արդշինբանկը, որն ընդհանուր վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը՝ պետական բյուջե վճարելով 33,6 միլիարդ դրամ։ Առաջին տասնյակում է ընդգրկվել նաև Ամերիաբանկը, որը գտնվում է վեցերորդ հորիզոնականում՝ 22,15 միլիարդ դրամ վճարումներով։

Երկրի 20 խոշորագույն հարկատուների թվին է դասվել նաև Ակբա Բանկը՝ զբաղեցնելով 18-րդ տեղը (10,62 միլիարդ դրամ)։

ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ Ինեկոբանկը զբաղեցրել է 21-րդ տեղը (8,03 միլիարդ դրամ), Կոնվերս Բանկը՝ 30-րդ (5,55 միլիարդ դրամ), Էվոկաբանկը՝ 31-րդ (5,49 միլիարդ դրամ), ԱյԴի Բանկը՝ 34-րդ (4,96 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 37-րդ (4,65 միլիարդ դրամ), Հայէկոնոմբանկը՝ 43-րդ (4,20 միլիարդ դրամ), ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ՝ 51-րդ (3,74 միլիարդ դրամ), Արմսվիսբանկը՝ 61-րդ (3,09 միլիարդ դրամ), ԱՄԻՕ ԲԱՆԿԸ՝ 72-րդ (2,56 միլիարդ դրամ), Ֆասթ Բանկը՝ 82-րդ (2,29 միլիարդ դրամ), Մելլաթ Բանկը՝ 111-րդ (1,65 միլիարդ դրամ), Յունիբանկը՝ 117-րդ (1,56 միլիարդ դրամ), Արցախբանկը՝ 139-րդ (1,32 միլիարդ դրամ), իսկ Բիբլոս Բանկ Արմենիան՝ 290-րդ տեղը (697,59 միլիոն դրամ)։

Հայաստանի Կենտրոնական բանկը նույնպես ներառված է երկրի խոշորագույն հարկատուների ցանկում՝ զբաղեցնելով 141-րդ տեղը 1,28 միլիարդ դրամի վճարումներով։

Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ի տվյալներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2026 թ.-ի առաջին կիսամյակում հանրապետության պետական բյուջե են փոխանցել ավելի քան 1,109 տրիլիոն դրամի հարկային և մաքսային վճարումներ։ Ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (վճարումների ծավալը՝ 41,61 միլիարդ դրամ), երկրորդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթ»-ը (38,16 միլիարդ դրամ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արդշինբանկը (33,60 միլիարդ դրամ)։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն ըստ՝ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի առաջին կիսամյակի վերջին կազմել են 13,84 տրլն դրամ՝ 2025 թվականի առաջին կիսամյակի վերջի 11,61 տրլն դրամի համեմատ (տարեկան աճը՝ 19,15%) և 2026 թվականի առաջին եռամսյակի վերջի 13,15 տրլն դրամի համեմատ (եռամսյակային աճը՝ 5,21%)։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ ակտիվների ծավալով Հայաստանի խոշորագույն բանկերի հնգյակում ներառվել են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ակբա բանկը, Ինեկոբանկը և ԱՄԻՕ բանկը։

Հաշվետու ամսաթվի դրությամբ ակտիվների ծավալով Հայաստանի խոշորագույն բանկն Արդշինբանկն է։ Բանկի ակտիվները ընթացիկ տարվա հունիսի վերջին կազմել են 2,87 տրլն դրամ (անցյալ տարվա հունիսի վերջի համեմատ աճը՝ 19,58%, իսկ ընթացիկ տարվա մարտի վերջի համեմատ՝ 2,09%)։

Երկրորդ տեղում Ամերիաբանկն է՝ 2,64 տրլն դրամ ակտիվներով (տարեկան աճը՝ 30,60%, եռամսյակայինը՝ 9,38%)։

Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ակբա բանկը՝ 1,14 տրլն դրամի չափով ակտիվներով (անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճը՝ 20,47%, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 4,17%)։

Չորրորդ տեղը զբաղեցնում է Ինեկոբանկը՝ 1,02 տրլն դրամ ակտիվների ծավալով (անցյալ տարվա հունիսի վերջի համեմատ աճը՝ 28,21%, իսկ ընթացիկ տարվա մարտի վերջի համեմատ՝ 11,07%)։

Ակտիվների մեծությամբ խոշորագույն բանկերի հնգյակը եզրափակում է ԱՄԻՕ բանկը, որի ակտիվները կազմել են 952,2 մլրդ դրամ՝ տարեկան 5,26% աճով և եռամսյակային 2,27% անկումով։

Ըստ շահույթի բանկերի վարկանիշի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները։ Օպերատիվ տվյալներ 2026 թ. II եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։

Սույն տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (էլ. հասցե՝ [email protected])։ ($1 – 365,93 դրամ)

Հայաստանում Т-Банк–ի հաճախորդների համար արդեն հասանելի է գնումների վճարումը QR կոդի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Т-Банк–ի հաճախորդներին հասանելի է դարձել Հայաստանում գնումների դիմաց QR կոդով վճարումը բջջային հավելվածի միջոցով, հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է սկանավորել դրամարկղի մոտ կամ վճարային տերմինալի վրա տեղադրված QR կոդը: Բանկի տվյալներով՝ ծառայությունը հասանելի է առանց միջնորդավճարի առևտրի կետերի մեծ մասում, որոնք ընդունում են վճարման այս եղանակը:

Ծառայությունից օգտվելու համար արտարժույթով հաշիվ բացել չի պահանջվում։ Ռուբլու փոխարկումը հայկական դրամի իրականացվում է Т-Банк–ի ներքին փոխարժեքով գործարքի պահին: Կիրառվող փոխարժեքը հաճախորդը կարող է ճշտել բջջային հավելվածի վճարման էկրանին:

Մեկ գնման առավելագույն գումարը կազմում է 1 միլիոն ռուբլուն համարժեք դրամ։ Ծառայությունը հասանելի է բանկի հաճախորդներին՝ Ռուսաստանի և այն երկրների քաղաքացիներին, որոնց բանկը դասում է բարեկամական երկրների շարքին:

Հայաստանից բացի, Т-Банк–ի հավելվածի միջոցով QR կոդով վճարումը հասանելի է դարձել նաև Վիետնամում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ադրբեջանում: Ընկերությունում հայտարարել են, որ հետագայում նախատեսում են ընդլայնել ծառայության աշխարհագրությունը: