Վիգեն Ավետիսին դատի կտան եւ նրա դեմ դատախազություն կդիմեն

Այսօր քանդակագործ Վիգեն Ավետիսը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ փաստաբան Երեմ Սարգսյանի կողմից նամակ է ստացել իր կողմից «Հայկական ժամանակ»-ի տաղավարում հնչեցված հայտարարությունները հերքելու պահանջով:

Հիշեցնենք, որ քանդակագործը հայտարարել էր, որ Ծառուկյանը տարիներ առաջ ինչ-որ մի քանդակագործի գցել էր առյուծի վանդակը, և քանդակագործը մահացել էր: Ավետիսը չի հիշում, թե ինչ էր այդ քանդակագործի անունը, սակայն վստահ է, որ եղել է նման դեպք:

Մեզ հետ զրույցում նա նաեւ ասաց, որ իրեն այդ մարդու մահվան մասին պատմող անձն էլ է մահացել եւ քննչական մարմիններն իրենք պետք է պարզեն, թե ինչ է եղել:

Իսկ Ծառուկյանի թիմից պնդում են, որ Վիգեն Ավետիսը զրպարտել է Գագիկ Ծառուկյանին, ինչի համար պետք է օրենքի առաջ պատասխան տա` եւ քրեական օրենսգրքով, եւ քաղաքացիական: Վիգեն Ավետիսը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս որևէ վարույթ չի հարուցվել, սակայն Երեմ Սարգսյանը պահանջում է հերքել Ծառուկյանի անունը արատավորող տեղեկությունը. «Չեմ հերքելու որևէ բան, սպասենք դեպքերի զարգացումներին», – ասաց քանդակագործը:

Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կարգն է այդպիսին, նախ հերքում են պահանջում, ապա նոր միայն դիմում դատարան: Փաստաբանի խոսքով շատ կարճ ժամանակում դիմելու են դատարան, և քանդակագործ Վիգեն Ավետիսից պատասխան են պահանջելու:

ԱՄՆ-ն ինքն էր մեզ աղաչում․ ի՞նչ է պնդում Արաղչին

ԱՄՆ-ն Իրանին խնդրել է բանակցություններ սկսել փետրվարի վերջին սկսված ռազմական հակամարտության սկսվելուց գրեթե 20 օր անց։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հայտնում է IRNA-ն։

«Պատերազմի հենց առաջին օրը ԱՄՆ նախագահը X-ի մեջ երկու բառ գրեց՝ «անվերապահ կապիտուլյացիա»։ Նրանց պահանջը մեզանից հետևյալն էր՝ անվերապահ կապիտուլյացիա։ Նույն հակառակորդը, գրեթե 20 օր անց, աղաչում էր բանակցություններ սկսել», – նշել է դիվանագետը։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը կարողացել է պաշտպանել իր իրավունքները ոչ միայն մարտերի ժամանակ, այլև դիվանագիտական ​​մակարդակով։

Նա հավելել է, որ տարբեր երկրների ներկայացուցիչները ճանաչել են Իրանի հաղթանակը թե՛ հակամարտության, թե՛ դիվանագիտության մեջ։

Իշխանությունը Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, բայց դատում որպես Կաթողիկոս․ Ղամբարյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է. «Քաղաքական իշխանությունը և նրանց ենթակա պաշտոնատար անձինք ղեկավարվում են տարօրինակ տրամաբանությամբ. մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ազգանունով (աշխարհիկ անունով)՝ իբր չեն ճանաչում նրան որպես Վեհափառ, մյուս կողմից նրան դատում են որպես Կաթողիկոս՝ դատական ակտը չկատարելու մեջ:

Համոզիչ չէ այն փաստարկը, թե սա ընդամենը քաղաքական խոսք կամ գնահատական է, քանի որ այդ գնահատականը տրվում է պետական մարմինների կողմից, որոնք միաժամանակ իրավաբանական հաստատություններ են և, հետևաբար, առաջին հերթին պարտավոր են առաջնորդվել տրամաբանության ու իրավունքի կանոններով»:

Շիրակի պատգամավորների թիվը 4-ից դարձավ 6․ ՔՊ-ի գերակշռությունն ու նոր դեմքերը

9-րդ գումարման Ազգային ժողովն արդեն սկսել է իր աշխատանքը, և նոր խորհրդարանում Շիրակի մարզը ներկայացնում է վեց պատգամավոր։ Եթե նախորդ գումարման խորհրդարանում մարզն ուներ չորս պատգամավոր, ապա այս անգամ նրանց թիվն ավելացել է երկուսով։

Ավելացել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների թիվը։ Շիրակի մարզից նոր խորհրդարանում ՔՊ-ն ունի չորս պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները՝ մեկական պատգամավոր։

ՔՊ-ի կազմում խորհրդարան են վերադարձել վարչապետի մամուլի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Սարիկ Մինասյանը։ Երկուսն էլ նախկինում արդեն եղել են պատգամավոր։ Սարիկ Մինասյանը, մասնավորապես, նախորդ տարիներին խորհրդարանում ներկայացրել է Շիրակի մարզը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, իսկ այս անգամ վերադարձել է արդեն իշխանական խմբակցության կազմում։

ՔՊ-ի մյուս երկու ներկայացուցիչները՝ Քնարիկ Հարությունյանը և Վոլոդյա Հակոբյանը, խորհրդարանում նոր դեմքեր են։ Քնարիկ Հարությունյանը մինչ պատգամավոր դառնալը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղարն էր և աչքի էր ընկնում հատկապես ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին իր կոշտ քննադատությամբ։

Վոլոդյա Հակոբյանը մինչ այս հայտնի էր լրագրողական գործունեությամբ և աշխատել է իշխանական Civic.am-ում։ Այսպիսով, ՔՊ-ի չորս ներկայացուցիչներից երկուսն ունեն խորհրդարանական աշխատանքի փորձ, իսկ երկուսի համար պատգամավորական աշխատանքը նոր փուլ է։

Միևնույն ժամանակ, իշխանական թիմում այս անգամ չկան նախորդ գումարման Շիրակի պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը։

Ընդդիմադիր դաշտում Շիրակը նոր խորհրդարանում ներկայացված է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների մեկական պատգամավորով՝ Ռուբեն Մխիթարյանով և Մեսրոպ Մանուկյանով։

Վերջինս ծնունդով Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից է և այս անգամ, ըստ էության, փոխարինում է նախորդ գումարման ԱԺ-ում Արթիկը ներկայացրած դաշնակցական Մհեր Մելքոնյանին, որից, ի դեպ, շիրակցիները դժգոհ չէին և մարզում նա բավականաչափ ճանաչում ուներ։

Իսկ ահա Ռուբեն Մխիթարյանը, որը մասնագիտությամբ իրավաբան և փաստաբան է, Գյումրիում շատերի կողմից դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտի ամենաուժեղ թեկնածուներից մեկը։ Նա Գյումրիում հայտնի մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է։
Մխիթարյանից բավական ակտիվ աշխատանք են սպասում նաև Գյումրիի ու Շիրակի մարզի խնդիրների ուղղությամբ։ Ինքը ևս հայտարարել է, որ ունի մարզին ու Գյումրիին վերաբերող մի շարք նախաձեռնություններ և պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։

Այսպիսով, նոր խորհրդարանի Շիրակի պատգամավորական քարտեզը էապես փոխվել է։ Նախորդ գումարման համեմատ՝ մարզն ունի ոչ միայն ավելի մեծ ներկայացվածություն, այլև նոր անուններ։ Միաժամանակ փոխվել է նաև քաղաքական համամասնությունը․ իշխանական ՔՊ-ն այժմ մարզից ունի չորս պատգամավոր, իսկ ընդդիմադիր ուժերից՝ երկու։

Հատկանշական է նաև, որ նախորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանն այս անգամ խորհրդարանում չկա։

Իսկ թե նոր պատգամավորներից ով որքանով կկարողանա իրականում ներկայացնել Շիրակի ու հատկապես Գյումրու խնդիրները՝ դա արդեն կերևա առաջիկայում։ Շիրակցիները, ինչպես միշտ, պատգամավորներից սպասում են ոչ միայն խոստումներ, այլև մարզի խնդիրների բարձրաձայնում և դրանց լուծման ուղղությամբ իրական աշխատանք։

Ո՞վ այս անգամ կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը

Տիգրան Քեոսայանի անվան 23-րդ մրցանակը կստանա Սանկտ Պետերբուրգի լողափերից մեկում երեխայի փրկած տղամարդը։

Այս մասին հայտնել է լուսահոգի հայ ռեժիսորի, հասարակական գործչի կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Սանկտ Պետերբուրգի Կրեստովսկի կղզու լողափին 11-ամյա տղան հոսանքահարվել է։ Նա ափի մոտ ընկել է ջուրը և չորս րոպե տանջվել բոլորի աչքի առաջ: Մի քանի հոգի փորձել են դուրս բերել, բայց չեն կարողացել։ Մեկը ինչ–որ կերպ բարձրացել է կոճղի վրա և դուրս բերել երեխային։ Նրան խոնարհում և պարգևավճար իմ ու Տիգրանի կողմից»,- գրել է Սիմոնյանը տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը սահմանել է Բուգուրուսլանի մանկապարտեզի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի ու Լյուդմիլա Պլատոնովայի խիզախ քայլի մասին իմանալուց հետո: Նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել էին դանակով զինված հանցագործից։
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։

Եթե քաղաքական չի, ապա ի՞նչ անուն ունի այս  հետապնդումը…. հարց Արուսյակ Ջուլհակյանին

Ըստ Արուսյակ Ջուլհակյանի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան։

▪️Քաղբանտարկյալն այն անձն է, որ գտնվում է անազատության մեջ իր քաղաքական հայացքների, խոսքի, գործունեության կամ իշխանություններին քննադատելու համար։
ԵԽ-ի եւ միջազգային իրավապաշտպանների սահմանմամբ անձը համարվում է քաղբանտարկյալ, եթե.
▪️Անազատության մեջ է հայտնվել մարդու հիմնարար իրավունքների (խոսքի, հավաքների, միավորումների ազատություն) իրացման համար։
▪️Ձերբակալությունը կամ կալանավորումը պայմանավորված է զուտ քաղաքական պատճառներով՝ առանց իրական հանցագործության։
▪️Քննչական կամ դատական ընթացքն ակնհայտ խտրական է կամ շինծու՝ համեմատած այլ անձանց նկատմամբ կիրառվող մոտեցումների հետ։
▪️Պատժի չափը կամ պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են կատարվածին՝ քաղաքական դրդապատճառներով։

Սամվել Կարապետյանն ասում է, որ իրենց ձեւով պաշտպանելու են եկեղեցուն եւ դրան հետեւում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի՝ «Պետության համը բերաններդ կմնա» արտահայտությունը, որից անմիջապես հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվում է եւ սկսվում են ՀԷՑ-ի շուրջ հայտնի պրոցեսները։
Եթե քաղաքական չի, ապա ի՞նչ անուն ունի այս հետապնդումը….

Երբ Անդրանիկ Թեւանյանը ընտրվելու հայտ է ներկայացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ նույն ցուցակով, պարզվում է, որ նա մեղադրվում է ծանր հանցագործության մեջ։

Քաղաքակա՞ն է հետապնդումը, թե՞ պատահական համընկում….

Մինչ ընտրությունները ըստ դե ֆակտո վարչապետի Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր, քարոզարշավի ընթացքում նա սպառնում էր «բոմժ սարքել», կոտրել Ծառուկյանի բիզնեսի ողնաշարը՝ ինչին էլ հետեւեցին վերջինիս ձերբակալությունը եւ ունեցվածքի «հանրայնացումը»….

Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում։

Ես կարող եմ բերել առնվազն եւս երկու տասնյակ օրինակ, երբ ակնհայտ է, որ մարդը թիրախավորվում, հետապնդվում է բացառապես այն պահից, երբ իր պլանները կամ նպատակները անհարմար են դառնում գործող իշխանությունների համար, խանգարում են նրանց։

Իսկ դուք իրավիճակին (կոնյունկտուրա) գերի շարունակեք պնդել, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, չէ՞որ ձեր կուսակցական համախոհությունը եւ մյուս «շատ ժողովրդավար անաչառների» լռությունը գին ունի, ըստ ամենայնի՝ բարձր գին…..

Քաղաքական գործիչ Սուսաննա Մուրադյան

Ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի…

Պարզվեց՝ կա: Եվ ոչ միայն մեկը, երկուսը… Վստահ եմ՝ տասնյակ դատավորներ կան, որոնց, եթե էշություն պարտադրեն, պարզապես կհրաժարվեն տվյալ գործը քննել: Նիկոլը, ուզում է պապի ձեռքն էլ բռնած գա, չի կարող նրանց պարտադրել՝ որեւէ սխալ ու անարդար որոշում կայացնել: Այլ հարց է, թե ինչ մարտավարություն կորդեգրի դատավորը, մերժելու ինչ ձեւ կընտրի, ինչ պատճառաբանություն կբերի: Դատավոր կլինի, որ կասի՝ այս գործը հում է, մեկ ուրիշը մատնացույց կանի օրենքի կետը, երրորդն ուղղակի, եթե շատ զզվեցնեն, կասի՝ ս. արեք, այդ ապուշ գործը ես քննողը չեմ: Սրանք էն գլխից մարդուն մեղավոր նշանակած բերում են դատարան, թե՝ դատավոր ախպեր, դատիր: Նիկոլն է ասել: Չդատես՝ վերջդ լավ չի լինի: Եվ այս «արդարադատության բաստիոնում», պատկերացրեք, կան դատավորներ, որոնք ոչ միայն չեն քննում գործը, այլեւ թքած ունեն, թե ով է ասել:

Օրերս մենք ականատես եղանք, չէ՞, թե ինչպես դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվեց քննել Ամենայն հայոց կաթողիկոսի գործը: Ես այս դատավորին չեմ ճանաչում, առիթ չեմ ունեցել դատվել «նրա մոտ», բայց որ նա ինքնաբացարկ տվեց ու հրաժարվեց դատել կաթողիկոսին, արդեն շատ մեծ բան է: Կգտնվե՞ն այլ դատավորներ, որ հանձն կառնեն այս խայտառակ գործի քննությունը՝ չեմ կարող ասել, բայց եթե գտնվեն էլ, որեմն դրանք ո՛չ մեր եկեղեցու, ո՛չ էլ նույնիսկ իրենց մասնագիտության հանդեպ նշույլաչափ հարգանք ու ակնածանք չունեն:

Դատավոր, իրավաբան, փաստաբան ընկերներս կարող են ասել, թե դատավոր Հակոբ Մանուկյանը ոչ թե ինքնաբացարկի ճանապարհով պիտի հրաժարվեր գործը քննելուց, այլ պիտի հիմնավորեր իր քայլը սահմանադրությամբ, չգիտեմ ինչ օրենքներով ու կոնվենցիաներով, հայտարարեր, որ սա կարող է վատ նախադեպ դառնալ, եւ այլն, եւ այլն: Ես անչափ հարգում եմ իմ իրավաբան ընկերներին եւ նրանց մասնագիտությունը, բայց կարծում եմ, որ այս դեպքում կարեւորն արդյունքն է՝ դատավորի ինքնաբացարկը կամ, որ շատ նման է՝ Նիկոլի բերած հերթական գործը քննելուց հրաժարվելը: Փաստն է կարեւոր, սիրելիներս… Դատը չկայացավ, եւ հայտնի էլ չէ՝ երբեւէ կկայանա՞, թե՞ ոչ:

Իսկ հիմա այլ կողմից մոտենանք հարցին: Հավանաբար, քչերն ուշադրություն դարձրին, որ կաթողիկոսին «դատարան տանելու» օրը Նիկոլը հանրապետությունում չէր: Նույն օրն առավոտյան թռել էր Ղրղզստան, ավելի ստույգ՝ Չոլպոն Աթա: Այսինքն, եթե կաթողիկոսին դատարան տանելու առիթով Արմավիրում եւ Հայաստանի մյուս մարզերում անկարգություններ սկսվեին, Նիկոլը լինելու էր Լուկաշենկոյի եւ Պուտինի «ապահով ձեռքերում»: Մենք գիտենք, որ Պուտինն ու Լուկաշենկոն, առհասարակ, աստվածավախ մարդիկ են եւ մեծ հարգանք ունեն իրենց եկեղեցու նկատմամբ: Ու մեկ էլ Չոլպոն Աթայում իմանային, որ Նիկոլը հենց այդ օրը կաթողիկոս է դատում, այսինքն՝ ուկրաինական սցենար է խաղարկում Հայաստանում: Բնականաբար՝ ամոթանք կտային, իսկ Լուկաշենկոն, որ Պուտինի չափ բարեկիրթ չէ, գուցե հարցներ՝ հո դու էշ չե՞ս, արա, էս լուսավոր 21-րդ դարում կաթողիկոս կդատե՞ն, որ դու դատում ես: Ինձ թվում է, որ Նիկոլը մեծ, շատ մեծ ջանքեր գործադրեց, որ բանը դրան չհասնի: Նույնիսկ ցիլոն հանեց, տեսաք, չէ՞: Ուրեմն ինչո՞ւ բացառել, որ հենց Նիկոլի հրահանգով չդադարեցվեց դատավարությունը, ու չհայտնվեց ինքնաբացարկի այս պատմությունը: Մտածելու բան է, ի վերջո, մարդը լուրջ դժվարությունների մեջ է ԵԱՏՄ-ում, ամեն կողմից կսմթում են, սպառնում վռնդել կազմակերպությունից, ստիպում հանրաքվե անել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ, Եվրոպան էլ բերանը ջուր է առել, նստել, ասես իրենց պատճառով չէ, որ Նիկոլը հայտնվել է այս վիճակում, ասես իրենց հորդորով չէ, որ Նիկոլը կաթողիկոս է քաշքշում: Այսքանից հետո մի հատ էլ դատեի՞ն կաթողիկոսին: Կարող եմ ասել՝ վախեցավ, տակն արեց, կասեցրեց բոլոր ժամանակների այդ նոնսենսը:

Եթե անգամ սա է ճշմարտությունը, ես ողջունում են դատավոր Հակոբ Մանուկյանի քայլը: Դուք, հարգելի պարոն Մանուկյան, ոչ միայն փրկեցիք Նիկոլի հետույքը Չոլպոն Աթայում, այլեւ հրաշալի նախադեպ ստեղծեցիք, որից կարող են օգտվել հետայսու բոլոր դատավորները, որոնց երբեւէ կհրահանգեն դատել կաթողիկոսին: Ձեր պարագայում դա ինքնաբացարկն էր, մյուսները կարող են հղում կատարել իրենց քրիստոնեական զգացմունքներին, Հայ եկեղեցու հանդեպ ունեցած ակնածանքին: Նրանք, ի վերջո, հոգի ունեն Աստծուն տալու, եւ դա ծանրակշիռ փաստարկ է՝ գրողի ծոցն ուղարկելու բոլոր նրանց, ովքեր ձեռք կբարձրացնեն Աստծո տան եւ այդ տան կառավարչի վրա:

Ողբերգական դեպք՝ թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում

Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։

Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։

Երևանի ավտոբուս ՓԲԸ

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 169-ի

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 169-ի։ Այս մասին հայտնում է «Bluradio» ռադիոկայանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 132 զոհի մասին:

«Կոլումբիայում երկրաշարժից գրեթե 24 ժամ անց զոհերի թիվը հասել է 169-ի», – ասվում է հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 10-ի առավոտյան: Էպիկենտրոնը գտնվել է Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար շրջանում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կոլումբիայի տարածքի մեծ մասում, ինչպես նաև հարևան Վենեսուելայում, Էկվադորում և Պանամայում:

Փոխվում են գաղութարարները, նրանց հոգեբանությունը մնում է նույնը

Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Սպիտակ տանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախաստորագրեցին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր, ինչպես նաեւ Սյունիքի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» Trump Route for International Peace and Prosperity – TRIPP անունով ենթակառուցվածքային նախագիծ իրականացնելու համաձայնագիր: Սա Հայաստանի համար խայտառակ նվաստացում էր, Հայաստանի անկախության փաստացի ոչնչացում` ամերիկյան գաղութի կարգավիճակ տալու մասին իրավական հաստատում: Հայաստանի տարածքը պետք է օգտագործվեր տրանսպորտային միջանցք կառուցելու համար, որից ստացվող եկամուտը պետք է բաժանվեր 74/26 հարաբերակցությամբ, 74 տոկոսը՝ գաղութատեր ԱՄՆ-ին, իսկ 26-ը՝ գաղութի կարգավիճակ ստացած Հայաստանին: Նման կերպ վարվում են միայն գաղութների հետ, այն էլ՝ բացարձակ իրավազուրկ գաղութների հետ: Պանաման իր տարածքով անցնող ջրանցքն ազատագրել է ամերիկյան գաղութարարներից 1977 թվականին, Եգիպտոսը Սուեզի ջրանցքն ազգայնացրել է 1956 թվականին՝ վերջ դնելով ջրանցքի նկատմամբ բրիտանա-ֆրանսիական գաղութատիրությանը:

Իր մասնակցությամբ տեղի ունեցած խայտառակությունն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը 99 տարով ապահովում է իր անվտանգությունը՝ նկատի ունենալով, որ փաստաթուղթը ստորագրվել է 99 տարի ժամկետով, եւ դրա գործողության ընթացքում որեւէ այլ երկիր չի համարձակվի հարձակվել գերտերություն համարվող ԱՄՆ-ի գաղութ Հայաստանի վրա․ գաղութ ենք, բայց՝ անվտանգ: Անցած մեկ տարվա ընթացքում TRIPP-ի կառուցման ուղղությամբ որեւէ իրական քայլ այդպես էլ տեղի չունեցավ, չնայած կողմերը փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ամեն ինչ վերահսկողության տակ է, տորագրվել են ինչ-որ փաստթաթղթեր, նույնիսկ կառավարիչ նշանակվեց, բայց իրական աշխատանք չկա:

Այս նախագծի իրական նպատակը Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքների կառուցումն էր, որը հնարավորություն կտար Կենտրոնական Ասիայի հանքահումքային հանածոները, թուրքմենական գազը, ղազախական նավթն ո տիտանն ԱՄՆ վերահսկողության տակ տեղափոխել Եվրոպա: Բնական է, որ նախագծի իրականացմանը դեմ են Ռուսաստանը եւ Իրանը, բայց Փաշինյանի տրամաբանությամբ՝ նրանց հարցնողն ով է, երբ նախագծի իրականացման հետեւում կանգնած է գերտերություն ԱՄՆ-ն, ԱՄՆ-ն հրամայում է, ինքը՝ կատարում: Ռուսաստանը բացահայտ դեմ չէր արտահայտվում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները հույս ունեին նույն Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասնել Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցմանը, Իրանը սկզբում զգուշավոր զգուշացնում էր դրա հետ կաված ռիսկերի մասին՝ գտնվելով ԱՄՆ-ի հետ կիսապատերազմական վիճակի մեջ: 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ նպատակ դնելով ոչնչացնել Իրանի անկախությունը`գաղութացնել Իրանը, այդ երկրում նշանակել գաղութային վարչակազմ եւ դրածո իշխանության միջոցով տնօրինել Իրանի հարստությունները: Իրանը ոչ միայն հաջողությամբ դիմագրավեց ամերիկյան հարձակումը, այլեւ փաստացի պարտության մատնեց ԱՄՆ-ին, ամերիկյան կողմի ոչ մի նպատակ չիրագործվեց: Բանակցությունները մտել են փակուղի, քանի որ ԱՄՆ իշխանությունները չգիտեն, թե ինչպես դուրս գան պատերազմից, առանց իրենց առջեւ դրված խնդիրները կատարելու եւ ամենակարեւորը՝ առանց խայտառակության, որը կսասանի այդ երկրի աշխարհակալ կարգավիճակը: Պատերազմում հաղթանակը Իրանին հնարավորություն տվեց ավելի հստակ եւ ավելի վճռական իր տեսակետն արտահայտել նախագծի նկատմամբ՝ ասելով, որ այն հակասում է իրենց շահերին, եւ իրենք թույլ չեն տա այդ նախագծի իրականացումը: Իրանի եւ նրա ժողովրդի հերոսական դիմադրությունը եւ հաղթանակն ամերիկյան գաղութարարների նկատմամբ Հայաստանին օգնում է ազատվել ամերիկյան գաղութի կարգավիճակից:

Իրանի հոգեւոր եւ փաստացի նաեւ աշխարհիկ առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իրանին սահմանակից 15 երկրներին, որոնց մեջ է նաեւ Հայաստանը, կոչ է արել՝ իրենց վերաբերմունքն արտահայտել ամերիկյան ագրեսորի նկատմամբ: «Այս երկրները պետք է հստակորեն սահմանեն իրենց դիրքորոշումը մեր սիրելի հայրենիքի դեմ ագրեսորների եւ մեր քաղաքացիներին սպանողների նկատմամբ»,- ասել է Խամենեին՝ կոչ անելով Իրանի սահմանակից երկրներին՝ փակել իրենց տարածքներում ամերիկյան ռազմական եւ ֆինանսական բազաները: Դե թող Փաշինյանն իր վերաբերմունքն արտահայտի, եթե կարող է, թող հայտարարի TRIPP-ից հրաժարվելու մասին:

Իրանում եւ Ուկրաինայում տեղի ունեցողը փլուզեց նաեւ փաշինյանական այն թեզը, ըստ որի՝ ամերիկյան գաղութ լինելն ապահովում է անվտանգություն եւ անձեռնմխելիություն: Իրանն առաջին հերթին հարվածեց Մերձավոր Արեւելքի ամերիկյան գաղութներին՝ այդ երկրներին եւ դրանց ժողովուրդներին եւս ցույց տալով իրենց խոցելի վիճակը, ամերիկյան գաղութ լինելը ոչ թե անվտանգություն է, այլ՝ սպառնալիք: Ամերիկյան գաղութ լինելն Ուկրաինային չօգնեց ավերվելուց եւ քայքայումից: Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն իր անունով է փորձում կոչել Հայաստանի գաղութացումը խորհրդանշող նախագիծը, պատասխանելով ամերիկյան լրագրողի հարցին, թե Ռուսաստանը կարծես թե ակտիվացրել է հարձակումները քաղաքացիական թիրախների վրա, նկատի ունենալով ուկրաինական նավահանգիստների, մթերային եւ արդյունաբերական պահեստների ոչնչացումը, որի հետեւանքով տուժում են միլիոնավոր մարդիկ, պատասխանել է. «Տեսեք, մենք դրանով չենք զբաղվում։ Մեզ օվկիանոս է բաժանում», այդպիսով ձեռքերը լվանալով Ուկրաինայում տեղի ունեցողի պատասխանատվությունից: Այս պատասխանը հիշեցնում է 1896 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերիի պատասխանն այն հանդիմանություններին, որ բրիտանական կառավարությունն անտարբեր է Սասունում հայերի կոտորածներին, երբ նա ասել էր. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»: Գաղութարարներին չեն հուզում գաղութացված երկրների ժողովուրդների ճակատագրերը, նրանց հուզում է այդ տարածքների հարստությունը: Իսկ մարդկանց ոչնչացումը ոչ միայն չի վտանգում կամ նվազեցնում այդ հարստության արժեքը, այլեւ ընդհակառակը՝ տարածքն ազատում է դրա օրինական տերերից: