Ովքեր են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի լիդերները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ-ին ներկայացրեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների իրենց ցուցակը։
Ինչպես արդեն հայտնի է՝ ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը։

Իսկ ովքեր են կուսակցությունում ընդգրկված այն անձինք, ովքեր ճանապարհ են անցել ու հանրությանը հայտնի են իրենց կատարած աշխատանքով։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրանց անցած ճանապարհը։

Արամ Վարդևանյան
Իրավաբան, փաստաբան և քաղաքական գործիչ։ Ավարտել է իրավաբանական կրթություն և մասնագիտացել է քրեական ու սահմանադրական իրավունքի ոլորտներում։ Հանրությանը հայտնի է որպես մի շարք բարձրաձայն քրեական և քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի պաշտպան։ Եղել է Ազգային ժողովի պատգամավոր, որտեղ զբաղվել է օրենսդրական նախաձեռնություններով, հատկապես՝ իրավական բարեփոխումների ոլորտում։

Գոհար Մելոյան
Նա մասնագիտացած է սահմանադրական իրավունքի, մարդու հիմնարար իրավունքների, ընտրական իրավունքի, վարչական իրավունքի, իրավաստեղծարարության բնագավառներում։

Դավիթ Ղազինյան
ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն է եղել։ Հասարակական և քաղաքական գործընթացներում ներգրավված գործիչ։

Գրիշա Թամրազյան
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար է եղել, Վ. Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր, ռեկտորի գլխավոր խորհրդական։
Հասարակական և քաղաքական ակտիվություն ցուցաբերած գործիչ, որը եղել է սկզբունքային փոխնախարար, սիրված իր համակարգած սպորտի ոլորտում։ Մասնակցել է տարբեր նախաձեռնությունների և գործընթացների, հանդես է եկել հասարակական դիրքորոշումներով։ Նրա գործունեությունը հիմնականում կապված է հանրային մասնակցության, սպորտային հաջողությունների և քաղաքական ակտիվության հետ։

Մամիկոն Ասլանյան
Քաղաքական գործիչ, Վանաձորի նախկին քաղաքապետ։ Երկար տարիներ ղեկավարել է Վանաձոր համայնքը՝ իրականացնելով քաղաքային կառավարման ծրագրեր՝ ենթակառուցվածքների զարգացման, քաղաքաշինության և համայնքային ծառայությունների ոլորտում։ Նրա պաշտոնավարման շրջանը աչքի է ընկել տեղական ինքնակառավարման ակտիվ գործունեությամբ, սակայն նաև եղել են քաղաքական տարաձայնություններ և քննադատություններ։

Էդգար Ղազարյան
Դիվանագետ և քաղաքական գործիչ։ Նախկինում զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, այդ թվում՝ եղել է դեսպան և պետական կառավարման համակարգում պատասխանատու պաշտոնյա։ Հայտնի է իր կոշտ և հաճախ քննադատական դիրքորոշումներով իշխանությունների նկատմամբ։ Մասնակցում է քաղաքական և հասարակական քննարկումներին՝ անդրադառնալով արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը։

Լիլիա Շուշանյան
2019 թվականի հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Հանդիսանում է նաև Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ ընտրական ցուցակի 34-րդ համար Լևոն Լևոնյանը աչքի է ընկնում ոչ միայն իր պաշտոնական առաջխաղացմամբ, այլև կուսակցական ակտիվությամբ։ Նա «ուրախ ավտոբուսի» ակտիվ անդամներից է և ներկա է գրեթե բոլոր քարոզարշավներին՝ ցուցադրելով բարձր ներգրավվածություն կուսակցական գործընթացներում։

Լևոնյանի կենսագրական տվյալները վկայում են բավական արագ կարիերայի աճի մասին։ 2025 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետի N422-Ա որոշմամբ նա նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
Հայտարարագրերը՝ թվերով
«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ Լևոն Լևոնյանի 2024 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս բավական ընդգրկուն ֆինանսական պատկեր։ Նա Երևանի ավագանու անդամ է դարձել 2024 թվականի մարտի 29-ին։ Հայտարարագրել է 90 օր և ավել տիրապետմամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան։ Տրանսպորտային միջոցներից ունի 2016 թվականի TOYOTA, ձեռք բերված 2020 թվականին։
Հատկանշական է, որ նա հայտարարագրել է 23,985,000 դրամի փոխառություն «ԱԿԲԱ բանկից», իսկ տարվա ընթացքում ստացել է նաև 20,387,250 դրամ վարկ։

Բանկային հաշիվներում ունեցել է 481,326 դրամ, Իդրամ հաշվին՝ 7,500 դրամ, ինչպես նաև 1.3 ETH կրիպտոարժույթ։
Կանխիկ միջոցները կազմել են 5500 դոլար, 500 եվրո և 2,050,000 դրամ։
Տարվա եկամուտները ձևավորվել են տարբեր աղբյուրներից՝
• Երևանի քաղաքապետարան՝ 900,000 դրամ,
• ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 4,228,839 դրամ,
• ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ՝ 862,211 դրամ,
• եկամտային հարկի վերադարձ՝ 241,296 դրամ։
Ընդհանուր եկամուտները կազմել են 26,619,596 դրամ, մինչդեռ վարկերի մնացորդը տարվա վերջում կազմել է 20,378,500 դրամ։
2023 թվական
«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ 2023 թվականին Լևոնյանի ֆինանսական պատկերը նույնպես ակտիվ է եղել։ Նա զբաղեցրել է միաժամանակ մի քանի պաշտոն՝ Ազգային ժողովի աշխատակազմում և Երևանի քաղաքապետարանում։
Բանկային հաշիվներում ունեցել է 1,289,984 դրամ, դրամապանակում՝ 82 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 6150 դոլար, 700 եվրո և 2,750,000 դրամ։
Տարվա եկամուտները կազմել են ընդհանուր 4,973,727 դրամ, այդ թվում՝
• Ազգային ժողովի աշխատակազմից՝ 4,229,498 դրամ,
• Երևանի քաղաքապետարանից՝ 150,000 դրամ,
• «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից՝ 194,229 դրամ։
Ստացել է նաև 400,000 դրամ վարկ, որի մնացորդը տարվա վերջում կազմել է 264,000 դրամ։
«Ժողովուրդ օրաթերթը» ամփոփելով Լևոն Լևոնյանի հայտարարագրերը՝ արձանագրեց, որ նա համեմատաբար կարճ ժամանակահատվածում հետհեղափոխական Հայաստանում մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նրա եկամուտները կտրուկ աճել են հեղափոխությունից հետո, ինչպես մյուս բոլորը քպ-ականները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, մարտի 28-ին՝ Ծաղկազարդի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնից ազատվեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը և քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։
ArmLur.am-ը հայտնել էր, որ Դավիթ Կիրակոսյանը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմկահարույց միջադեպի գործով աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։

Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։

Դատելով իրավիճակից՝ պաշտոնյաների ազատումից, գործը դատարան ուղարկելուց հետո Կենտրոնի քննչականում կրքերը կհանդարտվեն, սակայն իրավիճակը ավելի է բարդացել։ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ներքին անվտանգությունը մտել է Կենտրոն քննչական երրորդ բաժին, սկսվել է քննիչների տեղափոխման գործընթաց։ Քննիչներից շատերը չգիտեն, թե ուր կտեղափոխեն իրենց և առկախված վիճակում աշխատում են։

«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից, ի պատասխան, հայտնեցին, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ֆինանսների նախարարությունը 2026 թվականին մի քանի գնում է իրականացրել, որոնք վերաբերում են ոչ թե ֆինանսական քաղաքականությանը, այլ՝ ինտերիերին։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա
• ապրիլի 6-ին «Սարգսյան Արման Գառնիկի» ԱՁ-ից գնվել է վարագույր՝ 1,573,000 դրամի,
• ապրիլի 10-ին «ՍՏԱՐՄԱԼԵ» ՍՊԸ-ից՝ ևս 840,000 դրամի վարագույր,
• մարտի 26-ին «Օհաննա Տիգրանյանի» ԱՁ-ից՝ մոտ 1,400,000 դրամի ծաղկամաններ։
Ընդհանուր՝ շուրջ 3.8 մլն դրամ՝ կարճ ժամանակահատվածում։
Փաստաթղթերում նշվում է, որ նախարարությունը վերանորոգել և «3D դիզայնով» նոր սրահներ է կահավորել։

Հարցը, սակայն, ձևավորման մեջ չէ։
Ֆինանսների նախարարությունն այն կառույցն է, որը պետք է օրինակ ծառայի պետական միջոցների խնայող և նպատակային օգտագործման հարցում։
Այդ ֆոնին վարագույրների և ծաղկամանների վրա միլիոնավոր դրամների ծախսը առնվազն հարցեր է առաջացնում՝ որքանով է դա առաջնահերթ և համաչափ։
Օրինական լինելը միշտ չէ, որ նշանակում է նպատակահարմար լինել։

Պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ պետք է արդարացվի ոչ թե «դիզայնով», այլ՝ հանրային շահով։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական Հայկ Սարգսյանը դեռ չի կարողանում մարսել, որ իր հետ նման կերպ վարվեցին, բայց ուրիշ տարբերակ էլ չունի։ Մտերիմ շրջապատում նա նեղսրտել է, թե որ մարդկայինը մի կողմ դնի, կփոշիացնի ՔՊ-ին, բայց մեջտեղը Փաշինյան կա:

«Ալենն իրա ուզածին հասավ, բայց աղն ա կերել մատաղը, Փաշինյանի խաթեր ես դեռ սուս կմնամ»,– ասում են, այսկերպ է տրտնջացել երբեմնի ակտիվ ՔՊ-ականը:

Միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, սա պատմական փոփոխություն է Հայաստանում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 22–ին, շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Նա սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը, որում տեղ են գտել այն միջոցառումներն ու անելիքները, որոնք կուսակցությունը հնարավորություն կունենա իրականացնել խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։

Այդ ծրագրերից մեկը կենսաթոշակների ինդեքսավորումն է այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։

«Բարեբախտաբար, մեզ մոտ հիմա միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։

Մենք նախորդիվ նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին, որը նշանակում էր, որ թոշակառուն պետք է իր մեկ ամսվա անհրաժեշտ մինիմալ կալորիան ապահովեր, և հիմա, մի քանի տարի անց, ներառյալ կենսաթոշակի հետվճարի համակարգը, մենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում երբեմն 10 տոկոսով նվազագույն սպառողական զամբյուղից։

Մենք 2028-ից սկսած կենսաթոշակները կինդենքսավորենք այնպես, որ կենսաթոշակն այլևս Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չի լինի»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր նախկինում արած հայտարարությանը, թե թոշակառուները կարող են իրենց կեսնաթոշակի ավելացված 10 հազար դրամի մասով տոմս գնել և թռչել Լառնակա։ Նա նշեց, որ դա հնարավոր է, քանի որ թոակառուները առողջապահության ապահովագրության շնորհիվ խնայում են նաև դեղերի գումարը, որը միջինը կազմում է 30 հազար։

ՀԾԿՀ-ն նվազեցրել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է․

«Այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը։

Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ վաղը)»:

Պաշտպանը մոլորեցնում է գերիներին ու նրանց ընտանիքներին. նա չի կարող սահմանափակվել միայն ՀՀ տարածքով

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մոլորեցնում է գերիներին, պատանդներին, նրանց հարազատներին և քաղաքացիներին՝ ասելով, որ ինքն իրավասու է գործելու միայն Հայաստանի տարածքում․

Մարդու իրավունքների պաշտպանների գործունեությունը սահմանվում է ՄԱԿ-ի կողմից 1993թ հաստատված Փարիզի սկզբունքներով։

Այդ սկզբունքները պահանջում են ոչ միայն անկախություն, այլև արդյունավետություն, նախաձեռնողականություն և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվ դերակատարություն։

Ադրբեջանցիները պետական մակարդակով սկսել են հալածել «քիրվայության էմիսարին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բաբաջանյան Արմանի (1in.am)-ի այս ոմն Ստեփանյան Դավիթը, որ բաբաջանյանական եթերի գերաստղ է և մասնակցում էր հայ-ադրբեջանական քիրվայական նախագծին, հայտնվել է անհարմար իրավիճակում:
Բաքու-Գաբալա սրբազան այցից հետ գալուց հետո Ադրբեջանի երկրորդ դեմք Հիքմեթ Հաջիևին հղում է արել, ինչ-որ բան մեջբերել, ու դրանով խախտել Բաքվին իր տված խոստումը` փակ ձևաչափում խոսվածը փակ պահել:
Ճիշտ է մեջբերել թե կեղծել է` կարևոր չէ:

Կարևոր է, որ ադրբեջանցիները պետական մակարդակով սկսել են հալածել քիրվայության այս էմիսարին:
Հիմա հետաքրքիր կլինի տեսնել թե Փաշինյանն ու Բաբաջանյան Արմանը ինչպես են արձագանքելու այս իրենց համար,ըստ ամենայնի, անթույլատրելի վարքագծին և հետաքրքիր ու հաճելի է պատկերացնել այն տվայտանքները որոնց գրկում հայտնվել է քիրվայության եթերային այս էմիսարը:

Ու սա այն դեպքն է երբ սրտանց ուրախանում ես հայախոս մեկի տվայտանքների ու անհարմարությունների համար: Հատկապես այն անհարմարությունների, որ ստեղծում են իրենց քիրվայի համար` քիրվա հարևանները:

Եվ այնուամենայնիվ հետաքրքիր է` ի՞նչ կանեն այս խաղաղասերի հաջողված կարիերայի և հանրային կերպարի հետ Բաբաջանան Արմանն ու Փաշինյանը:

Ուր էինք` ուր հասանք …

Խաղաղության օրակարգը ջախջախված է. ցնցող խոստովանութուն

Ցնցող բացահայտում է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ Ստամբուլում հայ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը», – ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում, փոխանցում է «Ակոսը»։

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, պայմանագիրն է նախաստորագրված, ապա ինչո՞ւ է Բաքուն խոչընդոտում հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ի՞նչ շահ ունեն հայ-թուրքական սահմանը փակ պահելուց։

Որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են առնում Ալեն Սիմոնյանի այս խոսքը, կարծիք հայտնում, թե նա կա՛մ անտեղյակ է, կա՛մ մոլորեցնում է ժողովորդին։ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատել։ Այդ մասին բոլորը գիտեն։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր, ամեն ամբիոնից խոսում է առաջիկայում բացվող ճանապարհների մասին, որոնք Հայաստանի տարածքով կապելու են Թուրքիան ու Ադրբեջանը։ Այսինք՝ եթե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում ռեալ շահելու են Թուրքիան ու Ադրբեջանը, ապա ինչո՞ւ պետք է վերջինս խոչընդոտի։

Որոշ քաղաքագետներ էլ կարծիք են հայտնում, թե Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունն ապացուցում է, որ իրականում ոչ մի խաղաղություն էլ չկա։

Տևական ժամանակ ասում էին, թե տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Արցախի ինքնորոշման, ազատության խնդիրն է։ Եվ ենթադրում էին, թե եթե Արցախը տանք, ապա խաղաղություն կլինի, սերգոջանները հանգիստ կապրեն։ Խելացի մարդիկ բացատրում էին, որ Արցախը հանձնելուց հետո խաղաղություն չի լինելու։ Այսինքն՝ տարածաշրջանում խաղաղության համար այլ բան էր պետք անել, ազատ Արցախը խաղաղության սպառնալիք չէր։

Հիշենք, որ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը փակեց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, պատճառաբանելով, թե դա անում են Ադրբեջանի խնդրանքով, քանի որ ՀՀ-ն վերահսկողություն է սահմանել Ադրբեջանի որոշ տարածքներում։ Հիմա, երբ Արցախը զավթված է, այնտեղ հայ չկա, խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կրակոց չկա սահմանին, բայց հայ-թուրքական սահմանը փակ են պահում, նշանակում է՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ավարտը ո՛չ տարածաշրջանի խաղաղության հետ կապ ունի, ո՛չ էլ հայ-թուրքական սահմանը բացելու։ Այսինքն՝ եթե հայ-թուրքական սահմանը փակվել էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառով, ապա հիմա, երբ կոնֆլիկտը փաստացի չկա, ինչո՞ւ է Ադրբեջանը խոչընդոտում, որ սահմանը բացվի։

Ի՞նչ է դուրս գալիս։ Իզուր հանձնեցի՞ն Արցախը։ Եթե խաղաղություն չէր լինելու ու հայ-թուրքական սահմանը չէր բացվելու, շրջափակումը չէր վերանալու, ապա ինչո՞ւ հանձնեցին ու դատարկեցին Արցախը։

Եվ վերջապես՝ կա ողջամիտ կասկած, ըստ որի՝ ոչ թե Ադրբեջանն է խոչընդոտում, այլ ՔՊ-ն դարձել է Փաշինյանի ռուսամետ պայմանավորվածությունների գերին, չի կարողանում ողջամիտ քայլեր անել, ինչից հետո Թուրքիան կարհամարհի Բաքվի ենթադրյալ խոչնըդոտները, կվերացնի տասնամյակներ տևող շրջափակումը։

Տարրական քաղաքական գիտելիք ունեցողը գիտի, որ երկու պետությունների միջև իրական խաղաղություն հնարավոր է, երբ երկուսն էլ անկախ են։ Այս առումով՝ ենթադրելի էր, որ եթե ՀՀ-ն ամրացներ իր անկախությունը, ՀՀ տարածքից դուրս հրավիրեր ռուսական զորքերը, լյուստրացիայի մասին օրենք ընդուներ, դուրս գար ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԵՄ-ի միանալու հայտ ներկայացներ, ապա դրանից հետո հնարավոր կլիներ իրական խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ու սահմանը բացել։

Այսինքն՝ եթե տարածաշրջանում ռուսական ներկայությունը չեզոքացվեր, ապա տարածաշրջանում խաղաղություն կլիներ։ Նույնիսկ հնարավոր էր, որ ճանաչեին Արցախի անկախությունը կամ միացումը Հայաստանին, եթե ՀՀ-ն իրապես անկախ ու ժողվրդավարական պետություն դառնար։ Հիմա էլ եթե ՀՀ իշխանությունն անկախության և ժողովրդավարության ամրացման հիշյալ ռեալ քայլերն անի, ապա խաղաղություն կլինի, շրջափակումն էլ կվերանա։

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանն այս բացահայտմամբ խոստովանեց, որ խաղաղություն չկա, Փաշինյանի խաղաղության օրակարգը ջախջախված է։ Իսկ եթե այդպես չէ, և ՔՊ-ն իսկապես խաղաղություն է ուզում, ապա նրանք պետք մարդասիրական խիզախություն դրսևորեն ու ժողովրդին պարզ ասեն, թե ինչո՞ւ Արցախը հանձնելուց հետո խաղաղություն չկա, շրջափակումը չի վերանում, սահմանը չի բացվում։

Թաթուլ Մկրտչյան