Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան, որոնք միջնորդներ են հանդես գալիս Գազայի հակամարտության կարգավորման գործում, վճռականորեն դատապարտել են Իսրայելի գործողություններն անկլավում՝ դրանք անվանելով հրադադարի համաձայնագրի ուղղակի խախտում: Ինչպես հաղորդում է Այդ մասին ասվում է երեք պետությունների համատեղ հայտարարության մեջ:

«Այդ խախտումների շարունակումը համաձայնագրի չկատարում է և խաթարում է դրա երկրորդ փուլի իրականացման ջանքերը, հատկապես այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ շարժումը և պաղեստինյան խմբավորումները հայտարարել են ճանապարհային քարտեզին համաձայնության մասին, մասնավորապես՝ զենքի վերահսկողության հարցում», – ասվում է փաստաթղթում, որը հրապարակել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը:

Միջնորդ երկրները դատապարտել են իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում շարունակվող հարվածները՝ նշելով, որ անընդունելի են բժշկական հաստատությունների թիրախավորումը և խաղաղ բնակիչների զոհվելը։ Նրանք կոչ են արել ապահովել քաղաքացիական բնակչության, բուժաշխատողների և մարդասիրական ոլորտի աշխատակիցների լիարժեք պաշտպանությունը, ինչպես նաև երաշխավորել մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքը անկլավի բոլոր շրջաններ։

Բացի այդ, Դոհան, Կահիրեն և Անկարան միջազգային հանրությանը կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Նրանց կարծիքով՝ դա անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի իրականացումն ավարտին հասցնելու համար։

2025 թվականի հունվարին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ համաձայնության են եկել   Գազայի հատվածում հրադադարի շուրջ։

Նախաձեռնությունը բաղկացած էր երեք փուլից. առաջինը ներառում է ռազմական գործողությունների դադարեցում, կալանավորվածների ազատ արձակում և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում։ Հաջորդ փուլերը ենթադրում են հակամարտության վերջնական ավարտ և անկլավի վերականգնման գործընթաց։ 2026 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրորդ փուլի շուրջ համաձայնության հասնելու մասին, որը նախատեսում է պաղեստինյան կազմավորումների լիակատար զինաթափում:

Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ՝ ջրամբար ու 2500 մետր երկարության ջրատար ցանց։ Ծրագրի արժեքը կազմում է 20 միլիոն 400 հազար  դրամ։

Ծրագրով նախատեսվում է կառուցել 4400 խորանարդ մետր տարողության ջրամբար և 2500 մետր երկարության ոռոգման ցանց՝ պոլիէթիլենային խողովակներով։ Հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում Սոթքում ոռոգելի կդառնա շուրջ 70 հեկտար տնամերձ կամ սեփականաշնորհված հողամաս։

Ծրագրի շահառու են հանդիսանում Սոթք գյուղի տնտեսությունների կեսը՝ շուրջ 200 տնտեսություն։  

Նույն ծրագրի շրջանակներում օրերս Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ծրագիրն իրականացնող «Hayk For Our Heroes» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Դավիթ Օհանյանի և կազմակերպության մյուս անդամների հետ։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախկինում համատեղ իրականացված ծրագրերը, քննարկվել  ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները՝ համայնքի զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակում։

Այնուհետ այցելել են Սոթք բնակավայր՝ տեղում ծանոթանալու ոռոգման ցանցի և ջրամբարի կառուցման աշխատանքների ավարտական փուլի աշխատանքներին։

Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


Սպորտ


ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 137 մլն 16 հզր 645 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա.Դ.-ի և ընկերության 100 տոկոս մասնակից և իրական շահառու Հ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 15 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Հ.Գ.-ն կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Վինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուս


Վինիսիուս Ժունիորի պայմանագրի երկարաձգումը Մադրիդի «Ռեալի» համար վերածվել է բարդ գլուխկոտրուկի: Այս գործընթացը ձգձգվում է դեռևս 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո, երբ թիմը գլխավորում էր Խաբի Ալոնսոն: Հենց այդ ժամանակ կայացավ խաղացողի ներկայացուցիչների և ակումբի միջև վերջին դեմ առ դեմ հանդիպումը, որտեղ կողմերը մոտ էին համաձայնության, սակայն վերջին պահին ամեն ինչ կանգ առավ: Այժմ բանակցությունները վերսկսվելու են հենց այդ կետից։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։


2025-ի հուլիսին Վալդեբեբասում կայացած հանդիպման ժամանակ բրազիլացին զգալիորեն զիջել էր իր ի սկզբանե պահանջած ֆինանսական ախորժակը (տարեկան մոտ 30 մլն եվրո), իսկ «Ռեալն» էլ, իր հերթին, բարձրացրել էր առաջարկը: Թվում էր, թե ստորագրումն անխուսափելի է, սակայն տարօրինակ կերպով ոչ մի կողմ չցանկացավ վերջնական զիջման գնալ փոքրիկ դետալներում։


Ի վերջո, Վինիսիուսը պահանջեց տարեկան 20 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ։ Սա այնքան էլ կտրուկ աճ չէ (ընդամենը 5 մլն տարբերություն) այն պայմաններից, որոնք նա ունի հիմա։ Հիշեցնենք, որ 2022-ին (թեև պաշտոնապես հայտարարվեց միայն 2023-ի հոկտեմբերին) Վինին ստորագրել էր 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2027 թվականը, որով նախատեսվում էր 75 մլն եվրո մաքուր աշխատավարձ։ Այն ունի աճողական բնույթ. սկսելով մոտ 10 միլիոնից՝ վերջին տարում այն հասնելու է 18 միլիոնի։ Բացի այդ, կար կետ, ըստ որի՝ The Best մրցանակը կամ «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո խաղացողը ստանում է տարեկան ևս 2 մլն եվրո բոնուս։


Այսօրվա բանակցություններում արդեն կան նոր կետեր: Վինին կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուս՝ նման այն բոնուսին, որը Մբապեն ստացավ «Ռեալ» տեղափոխվելիս, ինչպես նաև ավելի մեծ տոկոսաբաժին իր իմիջային իրավունքներից։

Իմիջային իրավունքները ֆինանսական կարկանդակի ամենահամեղ պատառն են։ Կիլիան Մբապեն տնօրինում է իր գովազդային եկամուտների գրեթե 100%-ը, ինչն օգնեց ակումբին կոմպենսացնել նրա աշխատավարձը։ Վինիսիուսը, լինելով մոլորակի գլխավոր մարզական դեմքերից մեկը, ձգտում է նույնին։ Նա պայմանագրեր ունի համաշխարհային 18 հսկաների հետ, որոնց թվում են՝ Nike, Apple, Playstation, Pepsi, Gatorade, Prada, Boss և անգամ ՅՈւՆԵՍԿՕ-ն։


Բրազիլացու շրջապատից եկող լուրերը հուշում են, որ նա ցանկանում է մնալ Մադրիդում։ Անգամ եթե կողմերը համաձայնության չգան, խաղացողի պլանն է մնալ ակումբում մինչև պայմանագրի ավարտը և հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։ Սակայն այս բոլոր հարցականների պատասխանները կտրվեն առաջիկա ժամերին, երբ կկայանա վճռորոշ դեմ առ դեմ հանդիպումը Վինիսիուսի, Ժոզե Մոուրինյուի և «արքայական» ակումբի ղեկավարության միջև:


Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին


Հարեվաններ


Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատանքի շարունակականությունը՝ մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների»,- գրել է նախարարը։ 



Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից


Ոճ և դեմքեր


Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն հայտարարել է, որ հանրային կյանքից ժամանակավորապես հեռանալու որոշումը «ոչ հապճեպ էր, ոչ էլ որևէ իրավիճակի արձագանք»։ Նա այդ մասին հայտնել է Չիկագոյում կայացած «Eternal Sunshine Tour» շրջագայության համերգի ժամանակ՝ նշելով, որ այդ քայլը վաղուց էր մտածել և ծրագրել։

«Երբեմն մարդիկ իսկապես ընդմիջման կարիք ունեն, և անհրաժեշտ է առժամամանակ դադար վերցնել», – ասել է արտիստուհին՝ հավելելով, որ որոշումը կայացրել է հանգիստ և գիտակցված կերպով։

Երգչուհու ներկայացուցիչը հայտնել էր, որ շրջագայության ավարտից հետո նա պատրաստվում է վերցնել «վաստակած դադար»՝ վերջին տարիներին իր հասցեին եղած մշտական հանրային ուշադրության և քննարկումների ֆոնին։ Գրանդեի շրջագայությունը կավարտվի սեպտեմբերի 1-ին՝ Լոնդոնում նախատեսված 10 համերգից հետո։ Դրանից հետո նա նաև չի մասնակցի Լոնդոնի Բարբիկան կենտրոնում նախատեսված «Sunday in the Park with George» մյուզիքլի բեմադրությանը։

Վերջին տարիներին երգչուհու արտաքին տեսքն ու առողջության վերաբերյալ թեմաները հաճախ դարձել են հանրային քննարկումների առիթ։ Նրա որոշման հրապարակումից հետո երկրպագուները սոցիալական ցանցերում աջակցություն են հայտնել նրան։

 



Դանիայում մեկնարկել է երկարացված պարտադիր զինվորական ծառայությունը


Հարեվաններ


Շուրջ 1600 դանիացի նորակոչիկներ օգոստոսի 3-ին սկսել են երկրի նոր՝ երկարացված պարտադիր զինվորական ծառայությունը՝ անցնելով 11-ամսյա ծառայության։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Դանիան արագացնում է իր պաշտպանական կարողությունների զարգացումը՝ պայմանավորված Արկտիկայի անվտանգության հետ կապված ճնշումներով և Ուկրաինայում շարունակվող պատերազմով։

Դանիան 2024 թվականին հայտարարել էր, որ առաջին անգամ պարտադիր զինվորական ծառայությունը կտարածի նաև կանանց վրա և կավելացնի ծառայության ստանդարտ ժամկետը՝ չորս ամսից հասցնելով 11 ամսի։ Միաժամանակ նախատեսվում է, որ նորակոչիկների թիվը մինչև 2033 թվականը տարեկան կավելանա՝ հասնելով 7,500-ի՝ ներկայիս 5,000-ի փոխարեն։

Նորակոչիկների այս խումբը համալրվում է այն ժամանակ, երբ Դանիան պատրաստվում է այս ամսվա վերջին առաջին անգամ զորակոչիկներ տեղակայել Գրենլանդիայում։ Ավելի քան 100 զինվորից բաղկացած ստորաբաժանումը մեկ ամիս կծառայի այնտեղ՝ ստանձնելով օպերատիվ առաջադրանքներ, որոնք մինչ այժմ իրականացնում էին պրոֆեսիոնալ զինծառայողները։

Reuters-ը գրում է, որ այս տեղակայումը լրացուցիչ քաղաքական նշանակություն ունի, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է կիսաինքնավար դանիական այդ տարածքը միացնելու իր ցանկության մասին՝ դա հիմնավորելով ազգային անվտանգության նկատառումներով։ Այդ պահանջը կտրականապես մերժվել է Գրենլանդիայի և Դանիայի կառավարությունների կողմից։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անցյալ ամիս Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը՝ «ներառյալ սեփական տարածքը»։



ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք կառույցների, այդ թվում՝ Ռուսաստանի ցամաքային զորքերի և պաշտպանության նախարարության երկու վարչությունների նկատմամբ՝ կապված Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման մասին ամերիկյան ներքին օրենքի ենթադրյալ խախտումների հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի ծանուցման մեջ։

«2026 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ կառավարությունը կիրառել է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման մասին օրենքի 3-րդ բաժնով նախատեսված միջոցները», – նշվում է ծանուցման մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչությունը, գերատեսչության հեռանկարային միջտեսակային հետազոտությունների և հատուկ նախագծերի վարչությունը, Ռուսաստանի ցամաքային զորքերը, ինչպես նաև 1061-րդ նյութատեխնիկական ապահովման կենտրոնը: Սահմանափակումներ են նաև մտցվել «Գիդեոն Ալֆա» ընկերության և «Ինտերնեյշնլ Ինվեսթ Քամփանի» ՍՊԸ-ի նկատմամբ:

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում են հայտնվել ՌԴ քաղաքացիներ Անդրեյ Գուսևը, Անդրեյ Կոսոլապովը, Վլադիսլավ Մորոզիկը, Ալեքսանդր Պրիխոդկոն և Սերգեյ Ցիբարյովը

Ընդունված միջոցների համաձայն՝ ԱՄՆ կառավարության ոչ մի գերատեսչություն կամ գործակալություն չի կարող այդ օտարերկրյա անձանցից գնել որևէ ապրանք, տեխնոլոգիա կամ ծառայություն կամ նրանց հետ կնքել նման գնումների պայմանագրեր։

ԱՄՆ գերատեսչություններին նաև արգելվում է նրանց որևէ աջակցություն ցուցաբերել, վաճառել ռազմական նշանակության արտադրանք կամ տրամադրել համապատասխան լիցենզիաներ։

Նշված սահմանափակումները գործում են ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի ժամկետով։ Դրանցից բացառություններ կարող են սահմանվել ԱՄՆ պետքարտուղարի որոշմամբ։

Սոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակները


Աշխարհ


Սոցիալական ցանցերը վերջին տարիներին դարձել են ոչ միայն հաղորդակցության, այլև քաղաքական, հասարակական և տեղեկատվական գործընթացների կարևոր գործիք։ Սակայն դրանց ազդեցության աճին զուգահեռ մի շարք երկրներ սկսել են սահմանափակումներ կիրառել տարբեր հարթակների նկատմամբ։

Ամենաշատ քննարկվող օրինակներից մեկը Tik Tok-ն է։ Մի շարք երկրներ սահմանափակել են դրա օգտագործումը պետական սարքերում՝ պատճառաբանելով տվյալների անվտանգության և ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններով։ Հնդկաստանը 2020 թվականին ամբողջությամբ արգելել է Tik Tok-ը՝ չինական մի շարք այլ հավելվածների հետ միասին։

Սակայն սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողությունը միայն Tik Tok-ով չի սահմանափակվում։ Տարբեր երկրներ սկսել են քննարկել նաև անչափահասների մուտքը սոցիալական հարթակներ՝ նշելով, որ խնդիրներ են ստեղծում կիբերբուլինգը, վնասակար բովանդակությունը և սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխաների հոգեբանական վիճակի վրա։

Ավստրալիան դարձել է առաջին երկրներից մեկը, որը սահմանափակել է մինչև 16 տարեկանների մուտքը մի շարք սոցիալական հարթակներ։ Նմանատիպ նախաձեռնություններ քննարկվել են նաև եվրոպական որոշ երկրներում։

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի սահմանափակումները քննադատվում են իրավապաշտպան կազմակերպությունների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Նրանց կարծիքով՝ անվտանգության խնդիրների լուծումը չպետք է հանգեցնի խոսքի ազատության սահմանափակմանը կամ համացանցի նկատմամբ չափազանց մեծ վերահսկողության։

Նման քննարկումներ ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել նաև Հայաստանում։ 2020 թվականի պատերազմի ընթացքում սոցիալական ցանցերի դերը դարձավ հատկապես զգայուն թեմա․ անվտանգության ռիսկերի և ապատեղեկատվության տարածման մտահոգությունների ֆոնին շրջանառվում էին տեսակետներ, որ անհրաժեշտ է սահմանափակել որոշ հարթակների, այդ թվում՝ Tik Tok-ի օգտագործումը։

Պատերազմի առաջին օրերին օգտատերերը հայտնել էին TikTok-ի աշխատանքի խափանումների մասին․ որոշ օգտատերերի մոտ հնարավոր չէր ներբեռնել տեսանյութեր կամ դիտել արդեն հրապարակված բովանդակությունը։ Սակայն հավելվածի պաշտոնական արգելափակման մասին իշխանությունները հայտարարություն չէին տարածել։

Վերջին տարիներին նաև ակտիվացել են քննարկումները անչափահասների շրջանում որոշ հավելվածների օգտագործումը սահմանափակվելու հետ կապված։  Հարցի ուսումնասիրության նպատակով, դեռ ամիսներ առաջ, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։  Աշխատանքային խումբն ուսումնասիրում է տարբեր երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչպիսի սահմանափակումներ են գործում։ 

Այսպիսով, սոցիալական ցանցերի նկատմամբ որոշակի կարգավորումները դարձել են անհրաժեշտություն՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունն ու հնարավոր ռիսկերը։ Սակայն մյուս կողմից կարևոր է զգուշավոր մոտեցումը, որպեսզի կարգավորումները չվերածվեն ազատ տեղեկատվական հոսքերի սահմանափակման կամ արգելափակումների գործիքի։

Top news

 




Մասկը խոստանում է վերականգնել կույրերի տեսողությունը և մարդկանց «սուպերունակություններ» տալ


Գիտություն


Իլոն Մասկը հայտարարել է, որ առաջիկա 6-12 ամիսների ընթացքում ընկերությունը կտեղադրի առաջին իմպլանտները, որոնք թույլ կտան տեսողություն վերադարձնել նույնիսկ ի ծնե լիովին կույր մարդկանց՝ տեղեկատվությունն ուղղակիորեն գլխուղեղի տեսողական կեղև փոխանցելու միջոցով։ 

Նոր համակարգը չի փորձում վերականգնել վնասված աչքերն ու տեսողական նյարդը. սարքը պատկերը ստանում է արտաքին տեսախցիկից, այն վերածում է էլեկտրական ազդանշանների և ուղղակիորեն հաղորդում ուղեղ, որտեղ դրանք վերծանվում են որպես տեսողական տեղեկատվություն։

Մինչ Մասկը հեռանկարում խոսում է նաև «սուպերտեսողության» և ինֆրակարմիր ու ուլտրամանուշակագույն տիրույթներում տեսնելու հնարավորությունների մասին, գիտնականները կոչ են անում չշտապել եզրակացություններ անել։ 

Մասնագետները նշում են, որ եթե մանկության տարիներին տեսողական կեղևը պատշաճ կերպով չի ձևավորվել, լիարժեք տեսողության վերականգնումը կարող է չափազանց բարդ լինել, իսկ ինֆրակարմիր կամ ուլտրամանուշակագույն ճառագայթման ընկալումը դեռևս որևէ կլինիկական հետազոտությամբ չի ապացուցվել։