Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար


Ավտո


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



Նախատեսվում է կայացնել վերջնական որոշում Ուկրաինային վարկի տրամադրման վերաբերյալ


Բիզնես


ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել է, որ հույս ունի՝ Ուկրաինայի համար նախատեսված շուրջ 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկը կհաստատվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Եվրամիության առաջնորդները չորեքշաբթի կհավաքվեն Կիպրոսում կայանալիք գագաթնաժողովում, որտեղ նախատեսվում է կայացնել վերջնական որոշում վարկի տրամադրման վերաբերյալ, գրում է BBC-ին։

Վարկի հաստատումը նախկինում հետաձգվել էր Հունգարիաի դիրքորոշման պատճառով։ Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը պահանջել էր, որ Ուկրաինան վերսկսի ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։

Օրբանի կուսակցությունը վերջերս պարտվել էր խորհրդարանական ընտրություններում, իսկ երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետները պատրաստ են վերսկսել «Դրուժբա»-ի գործունեությունը։

«Հունգարիայում ընտրություններից հետո գործընթացը նոր թափ է ստացել, և ես ակնկալում եմ դրական որոշում առաջիկա 24 ժամվա ընթացքում», -նշել է Կալլասը՝ ընդգծելով, որ նախկինում ևս դիրքորոշումների փոփոխություններ են եղել, սակայն այժմ խոչընդոտների վերացման հավանականությունը բարձր է։

Կալասը հայտնել է, որ Եվրոպայի արտաքին գործերի նախարարները «նաև կոչ են արել արագ առաջընթացի հասնել Ռուսաստանի դեմ ուղղված 20-րդ պատժամիջոցների փաթեթի հարցում»։ Այս փաթեթը նույնպես արգելափակվել էր Հունգարիայի կողմից։



Հունգարիան կարող է հանել Ուկրաինային հատկացվելիք վարկի վրա դրված վետոն

«Դրուժբա» նավթամուղով Հունգարիա նավթի մատակարարումների դադարեցման եւ ԵՄ-ի Ուկրաինային տրամադրվելիք 90 մլրդ եվրոյի վարկի Բուդապեշտի կողմից արգելանքի պատմությունն այսօր կարող է ավարտվել։ Եթե Կիեւը հասցնի վերականգնել ռուսական նավթի տարանցումը մինչեւ ԵՄ դեսպանների այսօր նախատեսված հանդիպումը, ապա Հունգարիան կարող է հանել Ուկրաինային հատկացվելիք վարկի վրա դրված վետոն։

Այն, որ արդեն այսօր Ուկրաինային ԵՄ-ի 90 մլրդ եվրոյի վարկի տրամադրման հարցը կարող է լուծվել,  նախօրեին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների նիստից առաջ։

Bloomberg- ի աղբյուրները հայտնել էին, որ ապրիլի 21-ին նախատեսված են նավթամուղի տեխնիկական փորձարկումներ։ Նույն օրը երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը ավարտել է նավթամուղի իր հատվածի վերանորոգումը, սակայն տարանցման վերականգնման ժամկետներ չէր նշել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին տեղեկացրել էր, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել նավթի մատակարարումները, եթե Կիեւը բացի խողովակը։

Ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա եւ Սլովակիա դադարեցվել էին հունվարի վերջին։ Կիեւը հայտարարել էր, որ «Դրուժբա» նավթամուղը վնասվել է ռուսական հարվածի հետեւանքով։ Բուդապեշտն ու Բրատիսլան Կիեւի հայտարարությանը չէին հավատում, նշում էին, որ դա Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու փորձ է։

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հնարավոր է վերականգնվի նավթի տարանցումը Ուկրաինայի տարածքով։

Մշտադիտարկման այց Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ Պտղնիի տաճար, Քարաշամբի ամրոց, եկեղեցի և դամբարանադաշտ, Բջնիի ամրոց:

Պտղնիի տաճարում ԿԳՄՍ նախարարության պատվերով շարունակվում են ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Շինարարի, հեղինակային և տեխնիկական հսկողության մասնագետների հետ տեղում քննարկվել են իրականացվող աշխատանքները, նախագծային լուծումների վերաբերյալ ներկայացվել մասնագիտական դիտարկումներ։

Քարաշամբում դամբարանադաշտի հնագիտական պեղումների երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Պավել Ավետիսյանի հետ քննարկվել են դամբարանադաշտի պահպանությանը վերաբերող հարցեր: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը տեղադրվել է տեղեկատվական վահանակ:

Քարաշամբի եկեղեցում համայնքի բնակիչների հետ քննարկվել է եկեղեցու ամրակայման և վերականգնման հարցը՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Շեշտվել են հուշարձանների մաքրության հարցը և համայնքի հետ մշտական կապի կարևորությունը:

Բջնիի ամրոցում քննարկվել են նորակառույց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին և ամրոցում նոր հայտնաբերված գաղտնուղուն վերաբերող հարցեր




ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի հետ


Տեսանյութեր


Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Քննարկվել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել: Սա արտահայտված է նաև ՀՀ կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:  

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։



ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղարի հետ

Ապրիլի 21-ին Բանգկոկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ESCAP-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հետագա խորացման շուրջ, այդ թվում՝ տրանսպորտի և թվային կապակցվածության ուղղություններով։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև կարողությունների զարգացման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ի գործադիր քարտուղարի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները տարածաշրջանային կապակցվածության խթանման ուղղությամբ՝ որպես խաղաղության և կայունության ապահովման, տնտեսական աճի խթանման, դիմակայունության ամրապնդման և սոցիալական զարգացման կարևոր գործոն։ Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժի լիարժեք իրացման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ և դրա շրջանակներում Հայաստանի և ESCAP-ի միջև համագործակցության և համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին


Թոփ-լուրեր


Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:

Առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը:

Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է:



Քննարկվել են գետերի ելքերի հնարավոր աճի և ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր


Ապրիլի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ 

ՆԳՆ-ից հայտնում են, որ օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի և լեռնային շրջաններում ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն էին։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 20-ից 21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Նշվել է նաև, որ ապրիլի 24-ից սկսած սպասվում են ինտենսիվ տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում՝ ստեղծելով որոշակի ռիսկեր։

Տեղեկությունը ստանալուց հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։ Հորս, Ակունք և Փամբակ գետերի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված՝ արձանագրվել է ջրածածկումների 3 դեպք, որոնք հիմնականում կապված են եղել գետաբերանների հատվածներում ջրաբերուկների և աղբի կուտակման հետևանքով առաջացած խցանումներով։

Քննարկման ընթացքում նշվել է, որ մի շարք հատվածներում խնդիրները պայմանավորված են գետերի հուների մաքրման անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է մաքրման և կանխարգելիչ ինժեներական աշխատանքների կարևորությունը։

Քննարկվել է նաև Ախուրյանի, Ազատի և այլ խոշոր ջրամբարների վիճակը։ Հնարավոր ռիսկերի կանխատեսման և վերահսկման համատեքստում անդրադարձ է կատարվել ջրամբարների տարողունակության և լցվածության ցուցանիշներին։

Որպես հանրային իրազեկման և վաղ ազդարարման համակարգի առանցքային օղակ՝ կարևորվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի դերը։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել ռիսկային հատվածների վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու համար ապահովել տեխնիկայի մշտական պատրաստվածությունը։

Հնարավոր զարգացումներին արագ և համակարգված արձագանքելու նպատակով՝ նախարարը հանձնարարել է Շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև կրիտիկական հատվածների վերաբերյալ շարունակել օպերատիվ տվյալների փոխանակումը։

Նիստի ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ներկայացրել է վերջին օրերին Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերի բնակավայրերում գետերի վարարման հետևանքով արձանագրված իրավիճակը և իրականացված օպերատիվ միջոցառումները։ Նշվել է, որ փրկարարական ծառայողները, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, իրականացրել են սահմանազատման, հոսքերի կարգավորման և կանխարգելիչ աշխատանքներ։ Իրավիճակը կառավարելի է, լուրջ վնասներ չեն արձանագրվել։




Ըմբշամարտի ԵԱ. Մեր մարզիկների արդյունքները


Սպորտ


Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն անցկացրել են հերթական գոտեմարտերը: Մեր չորս ըմբիշներ շարունակում են պայքարը, իսկ երկուսն ավարտել են ելույթները:


67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 2 րոպեում հաղթեց Անդրեաս Վետշին ու նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:


60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը մրցաշարը սկսել է տպավորիչ հաղթանակով. նա մեկնարկում տուշեով պարտության է մատնել իտալացի Թոմասո Բոսիին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:


Քառորդ եզրափակչում է նաև 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը՝ Վիկտոր Նեմեշը, վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:

Պայքարը հաղթանակով է սկսել և հաջորդ փուլ է անցել 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, ով մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Քրիստոֆեր Դալենի նկատմամբ:


Ցավոք, մեր թիմի երկու ներկայացուցիչներ լքել են պայքարը: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը սփոփիչ առաջին գոտեմարտում 9-1 հաշվով՝ ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել խորվաթ Մատեյ Մանդիչի նկատմամբ, սակայն երկրորդ սփոփիչ գոտեմարտում պարտություն է կրել ու ավարտել ելույթները Եվրոպայի առաջնությունում:


130 կգ գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը ևս պարտություն է կրել սփոփիչ գոտեմարտում ու դուրս մնացել մեդալային պայքարից:



Ռեալի գլխավոր մարզիչը խոսել է իր ապագայի մասին


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է ակումբում իր ապագայի հարցը։

​«Դա ես չէ, որ պետք է որոշեմ։ Ինձ ամենևին չի հուզում իմ ապագան։ Ինձ մտահոգում են մնացած յոթ հանդիպումները և հատկապես՝ վաղվա խաղը։ Այդ յոթ հանդիպումներն ավելի կարևոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Վաղը մենք պետք է ապացուցենք մեր արժանիքները։ Դա միակ բանն է, ինչի մասին ես մտածում եմ, և հավատում եմ, որ միայն դա է կարևոր «Ռեալի» համար», – Արբելոայի խոսքերն է մեջբերում AS հրատարակությունը։

​Նշենք, որ Լա լիգայի 31 տուրից հետո մադրիդյան թիմը 70 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 9 միավորով։

​Հիշեցնենք նաև, որ ապրիլի 15-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում պարտվել էր «Բավարիային» (3:4) և լքել պայքարը։