Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին: 2024 թ․ դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կատարված հիմնական աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք եղել են իր անմիջական ուշադրության կենտրոնում: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նախարարն ամենշաբաթյա այցեր է կատարել հուշահամալիր՝ աշխատանքներին հետևելու նպատակով: Նշվել է, որ հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։

Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։

Անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, մույթերի քայքայված բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել են հատուկ ժամանակակից նյութերով։ Փոխվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածում նոր սալահատակներ են տեղադրվել։

Հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել, իրականացվել է հուշահամալիրի կանաչապատ գոտու բարեկարգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնանորոգում։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։

Միաժամանակ, արդեն իսկ իրականացվել են թանգարան-ինստիտուտի արևմտյան մասնաշենքի հարթ տանիքի ծածկի գոյություն ունեցող շերտերի քանդման, քայքայված և վնասված բազալտե սալերով երեսպատված շերտերի և բազալտե թասակների ապամոնտաժման, տանիքի ծածկի ջրամեկուսացման, պարապետների բազալտե սալերով երեսպատման, բազալտե թասակների տեղադրման աշխատանքները։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հուշահամալիրը բաց կլինի բոլոր այցելուների համար։ Նորոգման աշխատանքների ողջ ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել։




ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի ապրիլ ամսվա տնտեսական զարգացման ամփոփագիրը


Բիզնես


Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի ապրիլ ամսվա տնտեսական զարգացման ամփոփագիրը, որը հասանելի է նաև Համաշխարհային բանկի կայքում՝ անգլերեն և հայերեն։



Հայաստանը ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի. ՀՀ վարչապետ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի։ Այս մասին նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով բազմակողմ ձևաչափերում համագործակցությունների վերաբերյալ դրույթները, որոնք տեղ են գտել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։  

«ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես գիտեք, սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։ Եվ սա արձանագրված է մեր նախընտրական ծրագրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով բազմակողմ մյուս ձևաչափերում Հայաստանի մասնակցությանը՝ Փաշինյանը նշել է, որ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը կարևոր է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու համար։  

«ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ակտիվ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը դարձավ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և կշարունակի աշխատանքներն այդ ձևաչափում,- ասել է վարչապետը։

Նա հիշեցրել է, որ 2026 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP 17) համաժողովի նախագահությունը՝ շուրջ երկու տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գլոբալ որոշումների ընդունման կենտրոնական դերակատարում ունեցող երկիր, ինչը Հայաստանին բերելու է և՛ բնապահպանական, և՛ միջազգային մակարդակում լավագույնս դիրքավորվելու մեծ հնարավորություններ։

«Հետաքրքրված ենք նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությամբ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը կդիտարկի բազմակողմ այլ ձևաչափերում իր մասնակցության կամ դրանց հետ համագործակցության հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

ՆԳՆ-ն՝ 2026 թվականի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին


Ապրիլի 18-19-ը «Մերիդիան էքսպո» կենտրոնում անցկացվել է Career City Fest-ը՝ լավագույն գործատուների ամենամեծ և սպասված կարիերայի փառատոնը, որին առաջին անգամ մասնակցել է նաև ՆԳ նախարարությունը։ Փառատոնի մեկնարկն ազդարարել է Ոստիկանության գվարդիայի նվագախմբի շքերթը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել նման ձևաչափով միջոցառումներին գերատեսչության մասնակցությունը՝ այն դիտարկելով նոր կադրեր ներգրավելու լավ հնարավորություն։ Արփինե Սարգսյանը զրուցել է ծառայողների հետ, ծանոթացել տաղավարում ներկայացված տեխնիկական միջոցներին։

«Կարիերայի փառատոնը հնարավորություն է տալիս ավելի անմիջական շփվել երիտասարդների հետ, ներկայացնել ծառայության առանձնահատկությունները և ոգեշնչել, որպեսզի ներգրավենք մեր շարքերը»,- նշել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արմինե Վարդանյանը։

«Այս միջոցառման ընթացքում ներկայացնում ենք Փրկարար ծառայության աշխատանքը և այն հմտությունները, որոնք պետք են մասնագիտությունն ընտրելու համար»,- ասել է ՓԾ ԵՔՓՎ թիվ 11 ՀՓՋ հրշեջ-փրկարար Սրբուհի Ֆախուրյանը։

«Ներկայացնում ենք Պարեկային ծառայությունում առկա հատուկ միջոցները, որոնք բաժանվում են երկու մասի՝ ամենօրյա ծառայության համար նախատեսված և արտակարգ իրավիճակներում օգտագործվող հատուկ միջոցներ, նաև դրանց կիրառման կանոնները, տարբերակները»,- նշել է ՊԾ Երևան քաղաքի գնդի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտյոմ Սարգսյանը։

ՆԳ նախարարության տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու ոչ միայն Պարեկային և Փրկարար ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը, այլև ծառայողների հետ զրուցելու ոլորտներում մասնագիտական աճի և կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին։

«Կարիերայի փառատոնին այցելուները մեծ հետաքրքրությամբ մոտենում են մեր տաղավարին, աշխատանքի վերաբերյալ հարցեր են տալիս, և մենք սիրով պատասխանում ենք»,- նշել է ՓԾ ԵՔՓՎ թիվ 7 ՀՓՋ հրամանատար Ահարոն Գևորգյանը։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Մարիամ Կարապետյանի խոսքով՝ հարցերը բազմազան են՝ տրանսպորտային միջոցներից, տեխնիկապես հագեցվածությունից, լրակազմից սկսած մինչև մոտոցիկլի սպառազինություն, հագեցվածություն։

Ծառայողները կիսվել են փորձով, ներկայացրել` հաղթահարած մարտահրավերները, գրանցած ձեռքբերումները, նաև ծառայության շարքերը համալրելու վերաբերյալ տրամադրել խորհրդատվություն։

Փառատոնի օրակարգը նաև հագեցած էր աշխատաշուկայի և կարիերայի զարգացման արդի թեմաներին նվիրված պանելային քննարկումներով։

«Աշխատանքի ապագան 2030-ին» խորագրով քննարկմանը մասնակցել է ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։

Նա ներկայացրել է կայուն աշխատանքի վերաբերյալ ավանդական ընկալումները՝ նշելով, որ դրանց վերաբերյալ կարծրատիպերը առաջիկա տարիներին կփոփոխվեն՝ պայմանավորված թվային գործիքակազմերի շեշտակի զարգացմամբ։ Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգում ընթացող թվայնացման գործընթացները, մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթը, ինչպես նաև արդյունքահեն և ռիսկահեն կառավարման մոտեցումները ձևավորելու են նոր իրականություն։

Նատալի Սահակյանը կիսվել է ՆԳ նախարարության փորձառությամբ՝ ներկայացնելով ենթակա ծառայությունների նորացման, կադրերի հավաքագրման, իրականացվող բարեփոխումների արդյունավետության և արժանիքահենք աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացների վերաբերյալ մանրամասներ։

Քննարկվել են նաև կարիերայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող ժամանակակից տեխնոլոգիաների, նոր հմտությունների և աշխատաշուկայի փոփոխություններին առնչվող հարցեր։



ՌԴ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման համար. Պեսկով


Քաղաքականություն


Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին Ռուսաստանի Դաշնությունը չի հանդիսանում բանակցային գործընթացի միջնորդ։ Սակայն, ինչպես բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, մենք պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած պահանջված աջակցություն՝ խաղաղ կարգավորման հասնելու և համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով»,- նշել է նա։

Միաժամանակ Պեսկովը հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն, և հակամարտությունը չի վերածվի ուժային սցենարի։ «Հուսով ենք, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և այդ կերպ հնարավոր կլինի խուսափել իրադարձությունների հետագա զարգացումից ուժային սցենարով»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռազմական հակամարտության շարունակման դեպքում հնարավոր են ավելի ծանր հետևանքներ՝ ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար։



Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանում վնասելու համար


Աշխարհ


Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ամոթալի է անվանել Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը վնասելու փաստը։ X-ում արված գրառման մեջ նա մասնավորապես նշել է. «Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից քրիստոնեական կրոնական խորհրդանիշի վնասումը լուրջ և ամոթալի է։

Ես բարձր եմ գնահատում Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը միջադեպը դատապարտելու և այս հարցի առնչությամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Վստահ եմ, որ այս տգեղ արարքը կատարողի նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ»։

Նախարարի խոսքով՝ «այս ամոթալի գործողությունը լիովին հակասում է Իսրայելի արժեքներին»։ «Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները, և պաշտպանում է հավատքների միջև հանդուրժողականությունն ու հարգանքը։ Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են»,- նշել է նա։

Արձանը, որը մուրճի օգնությամբ վանդալզիմի է ենթարկել իսրայելցի զինվորը, գտնվում է հարավային Լիբանանի Դեբել քրիստոնեական գյուղում՝ Իսրայելի հետ սահմանի մոտակայքում։

 



Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով


Քաղաքականություն


Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը այսօր պահանջված է, քան երբևէ,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես համոզված եմ, որ մենք պահպանում ենք բարոյական առաջնորդությունը միջազգային ասպարեզում, որը միշտ պահանջված է եղել, իսկ այն ավարտից հետո, որն, հուսով եմ, համեմատաբար արագ կլինի, բարոյական առաջնորդությունը կպահանջվի, քան երբևէ»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի խորհրդի նիստում։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը չի հեռանալու միջազգային իրավունքի նորմերից և կդիմադրի դրանք խաթարելու փորձերին այն ժամանակ, երբ Արևմուտքը գնալով ավելի հաճախ է դիմում ուժի և նոր գաղութատիրական մեթոդների։ «Այսօրվա պայմաններում, երբ Արևմուտքը գնալով ավելի հաճախ և լայնորեն դիմում է ուժի անօրինական կիրառման, նոր գաղութատիրական դիկտատի և ուղղակի թալանի մեթոդների, ՀԱՊԿ երկրները չեն փոխում և չեն վերանայում իրենց գործունեության նպատակները։ Մենք չենք հեռանալու միջազգային իրավունքի ունիվերսալ նորմերից, հակառակը՝ կդիմադրենք դրանք խաթարելու փորձերին և կդիմադրենք աշխարհում անօրինություն հաստատելու փորձերին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի նիստում։



Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու համար պետք է օգտագործել բոլոր ռացիոնալ և դիվանագիտական ուղիները։ Սակայն, ըստ նրա, Վաշինգտոնի հետ փոխգործակցության ժամանակ զգոնությունն ու անվստահությունը «անհերքելի անհրաժեշտություն» են։

Իրան-ԱՄՆ երկշաբաթյա հրադադարը լրանում է չորեքշաբթի օրը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները երկուշաբթի կժամանեն Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար, մինչդեռ Թեհրանը դեռ չի հայտարարել՝ արդյոք կուղարկի պատվիրակություն Պակիստան։

Իրանական պետական հեռուստատեսությունը մեջբերել է անանուն, բայց տեղեկացված աղբյուրի խոսքերը, համաձայն որոնց՝ բանակցությունների երկրորդ փուլ չի նախատեսվում ԱՄՆ-ի «չափազանցված և անտրամաբանական» պահանջների, ինչպես նաև նրա դիրքորոշման փոփոխության պատճառով։

Հակառակորդները հակամարտության մեջ են Հորմուզի նեղուցի շուրջ, որտեղ Իրանը խստացրել է ծովային տարանցման վերահսկողությունը, մինչդեռ ԱՄՆ-ը շարունակում է արգելափակել Իրանի նավահանգիստները և կիրակի օրը ձերբակալել է նավ, որը փորձել է խախտել ամերիկյան արգելափակումը։

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի արգելափակումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը գնում է «նախկին օրինաչափությունները կրկնելու և դիվանագիտությանը դավաճանելու ճանապարհով»։



Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար


Քաղաքականություն


Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Դրանք նշանակալի առաջընթաց են արձամագրում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակներում մենք տեսնում ենք երկու կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը։ Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը նպաստի և աջակցի այս գործընթացին։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ինչպես նաև բարգավաճման ապահովման գործում: Միաժամանակ այն նոր հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում ՝ փոխկապակցվածության ոլորտում»,- հայտարարել է արտգործնախարարը։



ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հյուրընկալվել է ԿԸՀ-ում


Հայաստան


ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Թերեզա Վորլովան ապրիլի 20-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքից, ինչպես նաև ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքից։