Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ


Երևանի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ կառուցելու գաղափարը քննարկման նոր թեմա է դարձել։ Առաջարկի համաձայն՝ մարզերից Երևան ժամանողները կարող են մեքենաները թողնել քաղաքի մուտքերի մոտ և ճանապարհը շարունակել հանրային տրանսպորտով։

Սակայն նախաձեռնության շուրջ առաջացած հարցերը ցույց են տալիս, որ խնդիրը միայն մեքենաների քանակը նվազեցնելը չէ․ կարևոր է նաև, թե ինչ պայմաններում են մարդիկ ստիպված լինելու հրաժարվել սեփական մեքենայից և արդյո՞ք նրանց առաջարկվող այլընտրանքը գործնականում հարմար է լինելու։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է քաղաքապետարանի ռազմավարական նպատակը՝ մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ ստեղծել, որտեղ մարզերից եկող քաղաքացիները կկարողանան թողնել մեքենաներն ու Երևանում տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Նրա խոսքով՝ 2014 թվականից ի վեր Երևանում ավտոմեքենաների թիվը մոտավորապես կրկնապատկվել է՝ 500 հազարից հասնելով մեկ միլիոնի, իսկ ամեն տարի դրանց թիվն ավելանում է շուրջ 15 հազարով։

Քաղաքային իշխանությունների մտահոգությունը հասկանալի է․ մեքենաների թվի աճը, խցանումները և հանրային տրանսպորտի անխոչընդոտ երթևեկության ապահովման խնդիրը փոխկապակցված են։ Եթե ավտոբուսները ևս ժամերով մնում են խցանումներում,  միայն դրանց քանակի ավելացումը չի կարող ապահովել ուղևորափոխադրումների արդյունավետությունը։ Այդ պատճառով քննարկվում են նաև ավտոբուսների առանձնացված գծերը և երթևեկության կազմակերպման այլ լուծումներ։

Հոկտեմբերի 14-ին Գրիգորյանը պարզաբանել է, որ խոսքը մարզերից եկող մեքենաների մուտքն արգելելու կամ հաջորդ օրվանից նոր սահմանափակումներ կիրառելու մասին չէ։ Նրա ներկայացմամբ՝ ավտոկայանատեղիների ստեղծումը երկարաժամկետ ռազմավարական նպատակ է, որը պետք է իրականացվի փուլ առ փուլ։ Այսինքն՝ այս պահին խոսքը քննարկվող մոտեցման մասին է, ոչ թե արդեն ուժի մեջ մտած արգելքի։

Այնուամենայնիվ, նախաձեռնությունը մի շարք գործնական հարցեր է առաջացնում։ Եթե Արմավիրից, Արարատից, Աշտարակից կամ Էջմիածնից Երևան եկող մարդը մեքենան թողնի մայրաքաղաքի մուտքի մոտ, ինչպե՞ս է շարունակելու ճանապարհը, որքա՞ն ժամանակ կծախսի և որքանո՞վ է այդ տարբերակը հարմար լինելու նրա աշխատանքի կամ ուսման գրաֆիկին։

Մարզերից Երևան եկող բոլոր քաղաքացիները նույն նպատակով չեն ճանապարհվում։ Ոմանք ամեն օր աշխատանքի են գնում, մյուսները՝ սովորելու, բուժհաստատություններ այցելելու, փաստաթղթային հարցեր լուծելու կամ առևտրով զբաղվելու։ Նրանցից մի մասի համար մեքենան պարզապես տեղաշարժվելու միջոց է, մյուսների համար՝ աշխատանքի անբաժանելի գործիք։ Օրինակ՝ եթե մարդը Երևան է գալիս ապրանք տեղափոխելու, գործիքներ կամ աշխատանքային այլ պարագաներ է բերում, մեքենան քաղաքի մուտքի մոտ թողնելու առաջարկը չի լուծում նրա խնդիրը։ Նույնը վերաբերում է այն մարդկանց, որոնց աշխատանքը պահանջում է օրվա ընթացքում մի քանի հասցե այցելել։ Հետևաբար, միասնական լուծումը կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր խմբերի վրա։

Մյուս կարևոր հարցը հանրային տրանսպորտի հասանելիությունն է։ Եթե նախատեսվող կայանատեղիներից դեպի քաղաքի կենտրոն կամ խոշոր տրանսպորտային հանգույցներ չգործեն կանոնավոր, հարմար և արագ երթուղիներ, մարդիկ կարող են չհրաժարվել սեփական մեքենաներից։ Ավելին՝ մեքենան կայանելուց հետո հանրային տրանսպորտին սպասելը, մի քանի անգամ փոխադրամիջոց փոխելը և ճանապարհին լրացուցիչ ժամանակ ծախսելը կարող են նոր անհարմարություններ ստեղծել։ Այս դեպքում առաջանում է նաև ծախսերի հարցը։ Վարորդը պետք է հաշվի առնի կայանատեղիի հնարավոր արժեքը, հանրային տրանսպորտի ուղեվարձը և ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։ Եթե մեքենայով ամբողջ ճանապարհն անցնելն ավելի հարմար կամ մատչելի է մնում, միայն կայանատեղիների ստեղծումը բավարար խթան չի դառնա վարքագիծը փոխելու համար։

Մարզերից Երևան եկող մեքենաների թեման բացահայտում է մայրաքաղաքի տրանսպորտային խնդրի ավելի լայն կողմը։ Երևանը ծանրաբեռնվում է ոչ միայն իր բնակիչների մեքենաներով, այլև այն մարդկանց տրանսպորտային միջոցներով, որոնք մայրաքաղաք են գալիս աշխատանքի, կրթության, ծառայություններից օգտվելու կամ այլ անհրաժեշտ նպատակներով։ Հետևաբար, երթևեկության բեռնաթափման քաղաքականությունը պետք է հաշվի առնի նաև մայրաքաղաքի և մարզերի միջև ամենօրյա տեղաշարժի իրական պահանջարկը։

Քաղաքային իշխանությունների առաջարկը կարող է դառնալ այդ խնդրի լուծման բաղադրիչներից մեկը, բայց դրա արդյունավետությունը կախված է իրականացման մանրամասներից։ Մեքենաները քաղաքի մուտքի մոտ թողնելու հնարավորությունը ինքնին դեռ չի նշանակում, որ մարդիկ կընտրեն հանրային տրանսպորտը։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել այնպիսի համակարգ, որը կխնայի նրանց ժամանակը, կլինի հասանելի և թույլ կտա առանց լրացուցիչ բարդությունների հասնել նպատակակետին։

Երևանի երթևեկությունը բեռնաթափելու նպատակը չի կարող սահմանափակվել միայն քաղաք մտնող մեքենաների քանակը նվազեցնելով։ Արդյունավետ լուծումը պետք է միաժամանակ թեթևացնի մայրաքաղաքի ճանապարհների ծանրաբեռնվածությունը և չվերածի մարզերից ամեն օր եկող մարդկանց տեղաշարժը նոր խնդրի։

Առաջիկայում կարևոր կլինի հասկանալ՝ արդյոք այս գաղափարը կվերածվի հստակ ծրագրի՝ ժամկետներով, տեղակայման վայրերով և հանրային տրանսպորտի կազմակերպման մանրամասն մեխանիզմներով։

Շողեր Ղլիջյան

 


Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին․ Պուտին

Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի զինված ուժերի կողմից նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանի լոգիստիկ և էներգետիկ օբյեկտների վրա նույնպես անպատասխան չեն մնա։

«Պետք չէր սկսել։ Այդ քայլին դիմելուց առաջ պետք էր ինչպես հարկն է մտածել հետևանքների մասին»,– ասել է նա։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին էական վնաս չեն հասցրել։

Սոկոլովը խոշոր ակտիվներ ունի ՀՀ-ում. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կովկասում 201 միլիոն դոլարի ներդրումային հիմնադրամը ղեկավարելու համար ընտրված անձը տարածաշրջանում խոշոր ակտիվներ ունի հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության ոլորտներում, իսկ նախկինում ղեկավարել է Ռուսաստանի վրա կենտրոնացած ներդրումային ընկերություն։ Այս մասին վկայում են Reuters-ի ուսումնասիրած փաստաթղթերը։

51-ամյա գործարար Կոնստանտին Սոկոլովը հունվարին նշանակվել է ներդրումային հիմնադրամի ղեկավար, որը ներկայումս կոչվում է «Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամ» (Trans-Caspian Enterprise Fund)։ Այդ մասին նշված է հիմնադրամի գրանցման փաստաթղթերում։

Reuters-ի հրապարակման համաձայն՝ նա խոշոր բաժնեմասեր ունի Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «Վիվա Արմենիա» ընկերությունում։ Բացի այդ, այս տարվա սկզբին նա գնել է Հայաստանի պղնձի և մոլիբդենի երկրորդ խոշոր հանքավայրը՝ ԱՄՆ կառավարության կողմից այն գնելու հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

Էթիկայի հարցերով վեց փորձագետներ, որոնք ուսումնասիրել են Reuters-ի հրապարակումը, նշել են, որ Սոկոլովի բիզնես շահերը շահերի բախում են առաջացնում, քանի որ նրա պաշտոնը նրան հնարավորություն է տալիս տնօրինելու պետական միջոցներ, որոնցից կարող են օգուտ ստանալ նրա ընկերությունները։

Սանտա Կլարայի համալսարանի էթիկայի հարցերով փորձագետ Էն Սքիրթն ասել է. «Կարծում եմ՝ Կոնգրեսը պետք է հարցեր տա»։

Reuters-ը Սոկոլովի կողմից որևէ ապօրինության նշաններ չի հայտնաբերել։ Նման ներդրումային հիմնադրամները կարգավորող ԱՄՆ օրենսդրությունը չի արգելում դրանց ղեկավարներին ներդրումներ ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ գործում են հիմնադրամները։

Սոկոլովի մասնավոր կապիտալի կառավարման ընկերության՝ IJS Investments-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հիմնադրամին արգելված է ներդրումներ կատարել Սոկոլովին պատկանող որևէ բիզնեսում, և որ Սոկոլովը կատարել է «պատշաճ ուսումնասիրության և անվտանգության բոլոր պահանջները»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ձեռնարկությունների հիմնադրամը կկատարի տարեկան հաշվետվությունների ներկայացման և անկախ աուդիտի պահանջները, ինչպես նաև կպահպանի դրամաշնորհների վերաբերյալ կիրառելի դրույթները, այդ թվում՝ շահերի բախման պահանջները։

Սոկոլովը նաև եղել է Սպիտակ տանը պարահանդեսների սրահի կառուցման նախագծի դոնորների թվում։ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա մոտ 13 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետական քաղաքական կազմակերպություններին։

Սպիտակ տունը Սոկոլովի վերաբերյալ հարցերը վերահասցեագրել է Պետքարտուղարությանը, որը մանրամասներ չի ներկայացրել նրա կենսագրության ստուգման և գաղտնի տեղեկատվության հասանելիության թույլտվության վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Reuters-ի հարցումը, հայտարարել է, որ Կրեմլում չգիտեն, թե ում մասին է խոսքը։

Ամերիկյան բանակի նախկին մայորի մահապատիժը հրապարակայնորեն չի հեռարձակվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանության համար դատապարտված ամերիկյան բանակի նախկին մայոր…

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին:

«Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել փոխադարձ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հավելել, որ ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է:

Իգնասիո Կասիսը հավելել է, որ Շվեյցարիան ևս կարևորում է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացումը: Վերջինս ողջունել և կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ տեղի կունենա խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,– ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Դարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտեր

«Դարձի՛ր կամավոր» ծրագրի նկատմամբ ցուցաբերված մեծ հետաքրքրվածությունը և ստացվող բազմաթիվ դիմումներն ու հարցումները հաշվի առնելով՝ ծրագրին միանալու նպատակով Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտեր:

Ծրագրի շրջանակում կամավորները հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համակարգի արխիվների թվայնացման գործում՝ նպաստելով պետական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և հանրային ծառայությունների զարգացմանը։

Ծրագրին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթը՝ անցնելով հղումով:

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ:

Զրկվել են իրենց ունեցած միակ սառցահատ նավից

Բրիտանական HMS Protector սառցահատ նավը վերադարձել է նավահանգիստ այն բանից հետո, երբ ծով դուրս գալու ժամանակ խափանվել է շարժիչը։ Եթե պարզվի, որ խնդիրը չափից դուրս լուրջ է եւ վերանորոգման ենթակա կարող է չլինել, ապա բրիտանական Արքայական նավատորմը այն կկարողանա փոխարինել միայն 2030-ական թվականներին։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

Ներկայումս սառցահատ նավը գտվնում է Դեւոնպորտում՝ Փլիմութում։ Մասնագետները կգնահատեն նավի վիճակն ու աշխատունակության վերականգնման հնարավորությունները։ HMS Protector-ը ապահովում էր սառցաջրային պարեկությունը ներառյալ նաեւ Հարավային Ատլանտիկայում՝ աջակցելով Ֆոլքլենդյան կղզիներում եւ Անտարկտիկայում բրիտանական ներկայությանը։ Լոնդոնի համար իրավիճակ լրջանում է նրանով, որ նավի խափանումը առաջացել է Ֆոլքլենդյան կղզիների շուրջ Բուենոս-Այրեսի հետ ունեցած վեճի հերթական սրացման ֆոնին։

Հնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքից


Սպորտ


ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի լիգայի փուլի շրջանակում կայանալիք «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանն ընդառաջ լեհական ակումբի գլխավոր մարզիչ Ադրիան Սեմյենեցը կիսվել է սպասումներով և անդրադարձել թիմի ներկայիս ճգնաժամին։


Լեհ մասնագետը չի խուսափել սուր անկյուններից՝ խոստովանելով, որ թիմը պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի։


«Այսօր ես և՛ թիմին, և՛ ինձնից պահանջում եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, թե ինչպես ենք պաշտպանվում որպես մեկ ամբողջություն։ Ցավոք, ներկայումս մենք լավ չենք պաշտպանվում որպես թիմ, և սա է այն գլխավոր հարցը, որի վրա պետք է կենտրոնանանք իրավիճակը շտկելու, հավասարակշռությունը վերականգնելու և վստահություն ձեռք բերելու համար։ Մենք պետք է վերադառնանք հիմքերին։ Մեր նախապատրաստական շրջանի հիմքը սեփական դարպասն անառիկ պահելն էր. թեև սկզբում շատ գոլային պահեր չէինք ստեղծում, բայց հիանալի էինք գործում պաշտպանությունում։ Հիմա մեզ հարկավոր է ավելի մեծ կենտրոնացում, կարգապահություն, վճռականություն և ինտենսիվություն առանց գնդակի։


Երբ դու ունես անընդմեջ չորս պարտություն, մի՞թե պետք է խոսել ինչ-որ մեծ բաների՝ գեղեցիկ կոմբինացիաների, մեկ հպումով խաղի կամ տպավորիչ ֆուտբոլի մասին։ Այդ ամենին հասնում են առանձին խաղերում վստահություն կառուցելու և կարգապահության վրա հիմնված հիմքեր ստեղծելու միջոցով։ Հնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքից։ Մենք պարզապես պետք է սկսենք պարզ բաներից. արա ճիշտ փոխանցում, մտիր խաղի մեջ, պահպանիր մարտավարական դասավորությունը, պայքարիր քո գոտում։ Այս պարզ քայլերը կվերադարձնեն մեր հավասարակշռությունն ու վստահությունը։

Որպես ակումբ՝ մենք պաշտոնական նամակ ենք հղել՝ խնդրելով պարզաբանել որոշ դրվագներում կայացված մրցավարական որոշումները։ Չեմ ուզում շատ խորանալ անցյալում կամ հետ նայել «Լեգիայի» դեմ խաղին, բայց վերջին հանդիպման դրվագներն իմ սուբյեկտիվ գնահատականով սխալ են գնահատվել, ինչը մեծապես ազդել է խաղի սցենարի վրա։ Սակայն սա չի նշանակում, թե ամեն ինչ իդեալական ենք արել։ Բացի մրցավարական բացթողումներից, կա մեր խաղի որակը, որը շտկելու կարիք ունի․ մենք վերջին խաղերում շատ ենք գոլեր ընդունում և շատ քիչ խփում։

Մեր մասնագիտությունը ենթադրում է մշտական ​​ճնշում ու տատանումներ, ուստի ես սովոր եմ դրան և դա ընդունում եմ որպես աշխատանքի բնականոն մաս։ Իմ գլխում միայն մեկ բան է՝ ինչպես օգնել թիմին դուրս գալ այս իրավիճակից և սկսել նորմալ գործել։ Հավատում եմ, որ վաղվա խաղում մենք կկատարենք առաջին քայլը՝ ավելի լավ տեսք ունենալու և դրական արդյունքներ գրանցելու համար»,- «Յագելոնիայի» գլխավոր մարզչի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։


Հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

armsport.am