Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են


Հայաստան


Նոյեմբերի 5-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները։ Պետական որակավորող հանձնաժողովը նախագահում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Մասնագիտական պատրաստության ամփոփիչ փուլին մասնակցում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին հոսքի՝ կրթական ծրագրով նախատեսված պահանջները կատարած 184 սովորողներ։ Ստուգումները հնարավորություն են տալիս գնահատելու ուսումնառության ընթացքում նրանց ձեռք բերած մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ինչպես նաև ծառայողական խնդիրների լուծման ընթացքում դրանք կիրառելու պատրաստվածությունը։

Ապագա պարեկների մասնագիտական պատրաստվածության գնահատումը կարևոր փուլ է պատասխանատու և արդյունավետ ծառայության համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման գործընթացում։

Պետական ամփոփիչ ստուգումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ։





Երևանում գերեզման են թալանել | Armat Media

Նոյեմբերի 6-ին Երևանում հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել։ Այդ օրը Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հերթական անգամ այցելել է Վարդաշեն 9-րդ փողոցին կից գտնվող իր հարազատների գերեզման, որպեսզի շարունակի գերեզմանի բարեկարգման աշխատանքները, սակայն անակնկալի է եկել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդն այցելելով իր տատիկի, պապիկի և հոր գերեզման, այն հայտնաբերել է թալանված։

Տականքը կամ տականքները պոկելու միջոցով գողացել են գերեզմանատան բազալտե սալիկները՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով դեպքի վայրը զննելուց հետո մի դարակազմիկ, ավելի շատ սահմռկեցուցիչ առաջարկ է արել տուժածներին՝ ասելով. «Եթե գողի կամ գողերի տեղն իմանաք կամ բռնեք, խաբար արեք՝ գանք հետևներից»։ Նման անհեթեթ առաջարկ իրեն հարգող որևէ իրավապահ կառույցի աշխատակից չէր տա, այս դեպքում ՆԳՆ ոստիկանության նորանշանակ պետի տեղակալ Արսեն Ոսկանյանը պետք է հետևություններ անի ու ինչպես ժամանակին ասել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը նման ոստիկանին պետք է համազգեստի միջից դուրս հանել ու շպրտել։

Իսկ նշված դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Արդյոք այս հերթական սրբապղծության դեպքը կբացահայտվի, թե ոչ, հայտնի չէ։

Կոմպոզիտոր Արի Բալուզյանն արժանացել է «Critics Choice Documentary» մրցանակի

Հայազգի կոմպոզիտոր, պրոդյուսեր և մուլտիգործիքահար Արի Բալուզյանը «Դու կարող ես ամեն ինչ տեսնել» («You Can See Everything») ֆիլմի երաժշտության համար արժանացել է «Critics Choice Documentary» մրցանակի։

Մյուս հավակնորդների թվում էին աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերը, ինչպես նաև Դեն Դիքոնը, Ջեյսոն Մորանը, Քերոլայն Հոն և Քրիստոբալ Տապիա դե Վերը։

«Դու կարող ես տեսնել ամեն ինչ» ֆիլմը Critics Choice Documentary մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է բոլոր հինգ մրցանակներին, որոնց համար առաջադրվել էր՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում։

Ֆիլմը կոմերցիոն մեծ հաջողություն է ունեցել՝ համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 80 միլիոն դոլար։ A24 կինոընկերությունը ֆիլմն առաջ է մղում մի շարք մրցանակաբաշխությունների անվանակարգերում, այդ թվում՝ Արի Բալուզյանի՝ «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում։

Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել։

«Ես դա չեմ կարող պատկերացնել։ Նրանք արդեն դա արել են, ինձ երկու անգամ իմփիչմենթ են հայտարարել։ Եվ կան մարդիկ, որոնք ասում են, որ դա աշխատել է իմ օգտին»,- ասել Է Թրամփը CBS News-ի հետ հարցազրույցում։

Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ՝ առանց նրանց վիրավորելու։

Ինչ վերաբերում է Պենտագոնի ներկայիս ղեկավար Փիթ Հեգսեթի նկատմամբ հնարավոր իմփիչմենթին, Թրամփը դա «անարդար» է անվանել:

«Նրանք ուզում են Հեգսեթին իմփիչմենթ հայտարարել։ Դա շատ անարդար է։ Մենք ունեցել ենք երկու պատերազմ, երկուսն էլ հաղթել ենք, մեկը՝ Վենեսուելայում, մյուսը՝ Իրանում»,- ասել է ԱՄՆ նախագահը։



Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. կան զոհեր

Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող HABAŞ մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 3 աշխատակից զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է, ևս 10 աշխատակցի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Պայթյունից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր են ժամանել փրկարարական և բժշկական խմբեր։

Իզմիրի նահանգապետարանի նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ պողպատի ձուլման ընթացքում։ Ենթադրվում է, որ վերամբարձ կռունկը ընկել է էլեկտրական աղեղային վառարանի մեջ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց առողջական վիճակը վերահսկվում է։

Ermenihaber

Ալենուշ Տերյան․ անուն, որն հավերժ կմնա Իրանի գիտության պատմության և երկու ժողովուրդների ընդհանուր ժառանգության մեջ

Ալենուշ Տերյանի ծննդյան 106-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հոդվածը։

«Թեհրանի տներից մեկում հայրը Ֆիրդուսու «Շահնամե»-ից հատվածներ էր հայերեն թարգմանում։ Տարիներ անց նույն ընտանիքի դուստրը դարձավ Իրանի աստղաֆիզիկայի առաջամարտիկներից մեկը։ Հայրը՝ Արթո Տերյանը, Իրանի մշակույթի և արվեստի հայտնի գործիչներից էր, իսկ դուստրը՝ Ալենուշ Տերյանը, դարձավ գիտնական, որի անունը սերտորեն կապված է Իրանում ժամանակակից աստղագիտության ձևավորման հետ։ Այս ընտանիքի պատմությունը Իրանի մշակութային և գիտական պատմության մեջ հայերի ներկայության ու ներդրման վառ օրինակ է։

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում՝ հայ ընտանիքում։ Նրա մայրը՝ Վարդո Տերյանը, Իրանում թատերական արվեստի առաջամարտիկներից էր։ Նա մեծացել էր մի միջավայրում, որտեղ գրականությունը, արվեստն ու կրթությունն առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում։ Այնուամենայնիվ, Ալենուշն ընտրեց ծնողների ուղուց տարբերվող ճանապարհ և նվիրվեց ֆիզիկայի ու աստղերի աշխարհի ուսումնասիրությանը։

Թեհրանի համալսարանն ավարտելուց հետո նա ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Ֆրանսիա և 1956 թվականին Սորբոնի համալսարանում ստացավ դոկտորի գիտական աստիճան։ Չնայած Եվրոպայում գիտական գործունեությունը շարունակելու հնարավորությանը՝ նա որոշեց վերադառնալ Իրան։ Այդ որոշումը դարձավ Թեհրանի համալսարանում նրա երկարամյա գիտական և մանկավարժական գործունեության սկիզբը։ Այդ տարիներին նա մնայուն ազդեցություն ունեցավ Իրանում ֆիզիկայի և աստղագիտության կրթության զարգացման վրա։

1964 թվականին Տերյանը դարձավ Թեհրանի համալսարանի դասախոս՝ դառնալով առաջին իրանցի կինը, որն արժանացել էր ֆիզիկայի ոլորտում դասախոսի կոչման։ Նա Իրանում աստղաֆիզիկայի դասավանդման առաջամարտիկներից էր և մասնակցել է Թեհրանի համալսարանի արևային ֆիզիկայի աստղադիտարանի հիմնադրմանը։ Իր բազմաթիվ ուսանողների համար նա ոչ միայն ականավոր դասախոս էր, այլև աշխատասիրության, գիտական անկախության և կրթության հանդեպ նվիրվածության օրինակ։

Ալենուշ Տերյանը նման հաջողությունների հասավ մի ժամանակաշրջանում, երբ կանանց գիտական առաջընթացի ճանապարհը, հատկապես հիմնարար գիտությունների ոլորտում, հեշտ չէր։ Իր գիտելիքների և աշխատասիրության շնորհիվ նա կարողացավ առանձնահատուկ դիրք գրավել Իրանի գիտական համայնքում։ Այսօր նրա անունը հիշատակվում է այն կանանց շարքում, որոնք իրենց նվաճումներով նոր հորիզոններ են բացել հաջորդ սերունդների համար։

Սակայն Ալենուշ Տերյանի նշանակությունը Իրանի համար չի սահմանափակվում միայն նրա գիտական նվաճումներով։ Նրա կյանքը Իրանում հայ համայնքի դարավոր ներկայության պատմության մի մասն է։ Այդ համայնքի ներդրումը երկրի գիտության, արվեստի, արդյունաբերության, կրթության և մշակույթի զարգացման գործում արժեքավոր է և անժխտելի։ Իրանի հայերը, պահպանելով իրենց լեզուն և մշակութային ավանդույթները, ակտիվորեն մասնակցել են Իրանի հասարակական կյանքին և տարբեր ոլորտներում նպաստել երկրի առաջընթացին ու բարգավաճմանը։

Իրանի և Հայաստանի մշակութային կապերը վառ կերպով արտացոլված են Տերյանների ընտանիքի պատմության մեջ․ հայրը, որը պարսկական գրականությունը ներկայացնում էր հայ ընթերցողներին, մայրը, որը կարևոր դեր ուներ Իրանի թատերական արվեստի զարգացման գործում, և դուստրը, որն իր գիտելիքները ծառայեցրեց Իրանի գիտության զարգացմանը։ Երեք տարբեր ուղիներ, որոնք բոլորն էլ ձևավորել են իրանցիների և հայերի ընդհանուր մշակութային պատմության մի մասը։

Այս կապերը չեն սահմանափակվում երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններով։ Դարերի ընթացքում Իրանի և Հայաստանի ժողովուրդները միմյանց հետ կապեր են հաստատել գրականության, արվեստի, կրթության, առևտրի և հասարակական կյանքի միջոցով։ Ալենուշ Տերյանի նման անհատականությունները ցույց են տալիս, թե ինչպես են այդ կապերը ձևավորվել մարդկանց իրական կյանքում և ինչ մնայուն ձեռքբերումներ են ապահովել։

Տերյանի կյանքի մարդկային կողմը նույնպես արժանի է ուշադրության։ Իր կյանքի տարիները կրթությանն ու գիտական հետազոտություններին նվիրած գիտնականն իր տունը տրամադրել է Սպահանի Նոր Ջուղայի հայ համայնքի կարիքավոր ուսանողներին՝ որպես բնակության վայր։ Այս քայլը, նրա գիտական ծառայությունների հետ մեկտեղ, վկայում է կրթության և երիտասարդ սերնդի ապագայի նկատմամբ նրա խոր հոգատարության մասին։

Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանում, դասավանդել է իրանի համալսարաններում և իր կյանքը նվիրել այդ երկրի գիտական առաջընթացին։ Միևնույն ժամանակ նա միշտ կապված է եղել իր հայկական մշակութային արմատներին։ Նրա կյանքի այս երկու կողմերը ոչ թե հակադրվել են միմյանց, այլ միավորվել՝ ձևավորելով նրա անհատականությունն ու ժառանգությունը։

Այսօր՝ Ալենուշ Տերյանի ծննդյան 106-րդ տարեդարձի օրը, նրա հիշատակը ևս մեկ առիթ է խորհելու գիտության, կրթության և երկու ժողովուրդների միջև մարդկային կապերի արժեքի շուրջ։ Նրա անունը հպարտությամբ արձանագրված է Իրանի գիտության պատմության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդի համար նա հիշեցում է գիտության զարգացման գործում հայ մշակույթի զավակների արժեքավոր ներդրման մասին ։ Նրա հիշատակի մեծարումը հարգանք է ականավոր գիտական մի կյանքի և այն ընդհանուր պատմության նկատմամբ, որը շարունակում է իր արտացոլումը գտնել Իրանի և Հայաստանի մշակութային ու մարդկային հարաբերություններում»։

«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ

«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երրորդ երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ին Իրանի դեմ իրականացված ռազմական գործողության ծախսերը՝ որպես անվտանգության դիմաց վճար։
     «Այս ամենի ավարտին այն երկրները, որոնց մենք պաշտպանել ենք, ամբողջությամբ կփոխհատուցեն մեզ Իրանի դեմ պատերազմի համար մեր կատարած բոլոր ծախսերը։ Մենք հետ կվերադարձնենք այդ ամբողջ գումարը։ Ես նրանց այդ մասին ասել եմ, և նրանք դա կանեն հարյուր տոկոսով, քանի որ առանց մեզ նրանք գոյություն չէին ունենա։ Առանց մեզ Իսրայելը գոյություն չէր ունենա»,— ասել է Թրամփը CBS հեռուստաալիքին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Պարսից ծոցի երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ին։ Նա մասնավորապես նշել էր Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քաթարը, Բահրեյնը և Քուվեյթը։

Եվրոպայի հանդեպ մոտեցումը մեղմացրել է


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշակիորեն մեղմացրել է վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ՝ Ուկրաինական կարգավորման բանակցությունների օրակարգում ներառելով…

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացվել Հայաստանում ՌԴ դեսպանություն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման վեցերորդ տարելիցի օրը Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը՝ պահանջելով հրապարակային և հստակ պատասխանել ստանձնած խաղաղապահ առաքելության իրականացման վերաբերյալ հարցերին ու պարզաբանել այն պատճառները, որոնց հետևանքով առաքելության նպատակներն այդպես էլ չիրագործվեցին։

«Հայտարարության ընդունումից հետո դրա իրականացման քաղաքական պայմաններն էապես փոխվեցին։ Շրջադարձային եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը, որի արդյունքներով Հայաստանի ղեկավարությունը վերահաստատեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։ Այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ընդ որում, հրապարակված հայտարարությունն Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ առանձին երաշխիքներ չէր պարունակում։

Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում էր մնալ Արցախում։ Ռուսաստանը մնում էր հայտարարությունը ստորագրած կողմերից մեկը։ Փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսվում էր խաղաղապահների տեղակայում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ հնգամյա ժամկետով և հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Ըստ 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը մնում էր ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։

Եթե ռուսական կողմը կարծում էր, որ քաղաքական պայմանների փոփոխությունը սահմանափակել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցում խաղաղապահ առաքելության հնարավորությունները, ապա ինչո՞ւ այդ մասին ժամանակին և միանշանակ չհայտարարվեց։ Ինչո՞ւ էին շարունակում հնչել հրապարակային հավաստիացումներ, որոնց վրա արցախցիները հիմնվում էին սեփական անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս։

Ավելին, 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հաստատեց, որ խաղաղապահների մանդատը շարունակում է գործել, իսկ հումանիտար հարցերն ու էթնիկ զտումների կանխման խնդիրը պահպանում են իրենց արդիականությունը։

Այդուհանդերձ, հենց ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ժամանակահատվածում Արցախը ենթարկվեց շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, որին հաջորդեց հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանումը։ Փաստացի, ռուս խաղաղապահների աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանական բնույթի ողբերգություն, որը նրանք չկարողացան կանխել։ Մեր ժողովուրդը զրկվեց իր տներից և հայրենի հողում ապրելու հնարավորությունից՝ չնայած խաղաղապահ առաքելության ներկայությանն ու Ռուսաստանի ղեկավարության հրապարակային հավաստիացումներին։

Մենք Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք.

  1. Հրապարակավ պարզաբանել, թե ինչու խաղաղապահ առաքելությունը չկարողացավ կանխել Լաչինի միջանցքի շրջափակումը, ռազմական գործողությունների վերսկսումը և Արցախից հայ բնակչության վտարումը, ինչպես նաև հայտնել, թե ինչ գնահատական է տրվել խաղաղապահ զորակազմի գործողություններին ու անգործությանը։

  2. Պարզաբանել, թե իրավական և քաղաքական ինչ հիմքերով է ռուսական խաղաղապահ զորակազմը 2024 թվականին դուրս բերվել Ղարաբաղից՝ մինչև հայտարարությամբ նախատեսված սկզբնական հնգամյա ժամկետի լրանալը, և այդ որոշումը կայացնելիս ինչպես են հաշվի առնվել տեղահանված բնակչության անվտանգության ու վերադարձի հարցերը։

  3. Միանշանակ հայտարարել՝ պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը գործուն միջազգային երաշխիքների առկայության դեպքում աջակցել արցախահայության կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տներ, և կոնկրետ ինչ դիվանագիտական քայլեր է պատրաստ ձեռնարկել այդ ուղղությամբ։

  4. Օգտագործել Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա հնարավորություններն ու դիվանագիտական գործիքակազմը՝ նպաստելու Ադրբեջանում պահվող բոլոր հայերի ազատ արձակմանը, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը։

Պահանջում ենք սույն դիմումն ուղարկել Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին և մեզ տրամադրել բովանդակային գրավոր պատասխան։

Խաղաղապահ առաքելության ավարտը չի փակում դրա արդյունքների համար պատասխանատվության հարցը։ Մենք Ռուսաստանից ակնկալում ենք բաց և անկեղծ խոսակցություն տեղի ունեցածի շուրջ, ինչպես նաև մեր իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ գործողություններ»,– նշված է հայտարարության մեջ։