ԱՄՆ-ում կենսաբանների կողմից շուրջ 60 տարի իրականացվող մորմերի (marmots) ուսումնասիրությունը հայտնվել էր դադարեցման վտանգի տակ՝ պետական ֆինանսավորման կրճատման պատճառով։ Գիտնականները որոշել են միջոցների ներգրավման համար օգտագործել ոչ սովորական մեթոդներ՝ OnlyFans հարթակ և կրիպտոարժույթ։
Հունիսին հետազոտական թիմը OnlyFans-ում ստեղծել է OnlyMarms անունով էջ։ «Marms»-ը marmots՝ մորմեր բառի կրճատ տարբերակն է։ Սակայն էջի միջոցով գիտնականներին հաջողվել է հավաքել ընդամենը մոտ $6 հազար։
Իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ ինչ-որ անհայտ անձ Solana բլոկչեյնում ստեղծել է OnlyMarms memecoin։ Թոքենի առևտրից գոյացած բոլոր միջնորդավճարները նա ուղղել է գիտնականների հետազոտությունների ֆինանսավորմանը։
Արդյունքում նախագծին հաջողվել է հավաքել ավելի քան $100 հազար, ինչը հնարավորություն է տվել երկարաձգել մորմերի ուսումնասիրության ծրագիրը ևս մոտ մեկ տարով։
Ծրագրի ղեկավարներից Ժյուլյեն Մարտենը խոստովանել է, որ սկզբում կարծել է, թե տեղի ունեցածը խարդախության փորձ է։
«Ինձ համար լիովին զարմանալի է, որ այդ ինտերնետային մշակույթը, որի մասին ես գրեթե ոչինչ չգիտեմ, կարողացավ այդքան գումար հավաքել։ Դա միաժամանակ զարմանալի և շոկային է», — նշել է նա։
Նրա խոսքով՝ OnlyFans-ից և memecoin-ից ստացված գումարը ներկայում թույլ կտա շարունակել հետազոտությունները, սակայն կրիպտոարժույթներից և առցանց հարթակներից ստացվող ֆինանսավորումը չի կարող համարժեք փոխարինել պետական կայուն ֆինանսավորմանը։
Մարտենը նաև նշել է, որ ծրագրին պարզապես հաջողվել է հայտնվել ճիշտ պահին և դառնալ նման ֆինանսավորման առաջին օրինակներից մեկը։
Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են գիտական նախագծերը պետական ֆինանսավորման պակասի պայմաններում փորձում օգտագործել քրաուդֆանդինգը, սոցիալական հարթակները և կրիպտոշուկան՝ հետազոտությունները շարունակելու համար։ Միևնույն ժամանակ, նման ֆինանսավորման անկանխատեսելի բնույթը հարցեր է առաջացնում գիտական երկարաժամկետ ծրագրերի կայունության վերաբերյալ։