
Վահագն Ալեքսանյանը երեկվա միջադեպից ոչ թե ներողություն է խնդրում, այլ ասում է՝ ինքնահայեցում կանի։ Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակն արդեն սովորություն է դարձրել պատգամավորների ելույթներին անընդհատ միջամտել, արձագանքել ու ընդհատել։ Երեկ էլ ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանը վարման կարգի մասին հարց բարձրացրեց։ Վահագն Ալեքսանյանը սկզբում նախազգուշացրեց, հետո զրկեց խոսափողից, ապա որոշեց նրան դահլիճից հեռացնել։ Անվտանգության աշխատակիցներին էլ կանչեց։ Ի վերջո, Ղազինյանը ինքնակամ դուրս եկավ, իսկ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին դահլիճը։
Ու այսօր, կարծես, ինչ-որ մեկը Վահագն Ալեքսանյանին հուշել է, որ գուցե երեկ շատ էր ոգևորվել նիստը վարելու գործով։ Եվ նա հայտարարում է, որ ընդդիմության բարձրացրած մտահոգությունների մեջ «որոշակի լեգիտիմություն կար», ու ինքը ինքնահայեցում կանի։
Ի՞նչ է ինքնահայեցումը։ Պարզ ասած՝ մարդը նայում է իր ներսը, փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում իր մեջ՝ որտեղ է սխալվել։ Սովորաբար նման բան անում են պաշտոն ստանալուց առաջ․ հասկանալու համար՝ արդյոք պատրաստ ես այդ պաշտոնին, ինչ կարող ես անել, ինչ չպետք է անել, որքան համբերություն է պետք և այլն։ Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնն այն տեղը չի, որտեղ պիտի սովորի, որ իր ներսը պիտի նայի, ինքնահայեցում անի, որ աճ գրանցի։ Աճ գրանցած մա՛րդը պիտի այդ պաշտոնում լինի։ Մեզ մոտ, սակայն, ամեն ինչ այլ է։ Փաշինյանի կադրերը կարծես ինքնահայեցումն անում են պաշտոն ստանալուց հետո։
Սկզբում՝ պաշտոնը։
Հետո՝ աթոռը։
Հետո՝ առաջին սկանդալը։
Հետո՝ «երեկվա նիստը նորից նայեցի»։
Եվ վերջապես՝ ինքնահայեցում։
Ու այստեղ էլ ամենահետաքրքիր պահն է։ Վահագն Ալեքսանյանը եթե ինքնահայեցում անի, գուցե պարզվի, որ ներսում այնքան էլ շատ բան չկա։ Միայն Փաշինյանն է՝ առաջին շարքում, իսկ սեփական «եսի» համար տեղ, կարծես, չի մնացել։
Այդ դեպքում ինքնահայեցումը կվերածվի ոչ թե ինքնաճանաչման, այլ Փաշինյանին փնտրելու գործընթացի՝ սեփական անձի մեջ։
Մնում է միայն հուսալ, որ հաջորդ ինքնահայեցման ժամանակ Վահագն Ալեքսանյանը իր ներսում կգտնի նաև ԱԺ փոխնախագահին։