«Մայրական տագնապից» մինչև 1,7 մլրդ դոլարանոց տեխնոլոգիական հսկա. ինչպե՞ս 53-ամյա Ռիտու Նարայանը հեղափոխեց ԱՄՆ դպրոցական տրանսպորտի ոլորտը

53-ամյա Ռիտու Նարայանը (Ritu Narayan) ընդգրկվել է Forbes USA-ի ամենամյա «50 Over 50» հեղինակավոր ցուցակում, որտեղ ներառվում են 50 տարեկանից հետո տպավորիչ հաջողությունների հասած կանայք: Նրա հիմնադրած Zum ընկերությունը, որն արհեստական բանականության (AI) և GPS տեխնոլոգիաների միջոցով վերափոխել է ԱՄՆ դպրոցական տրանսպորտի համակարգը, այսօր գնահատվում է շուրջ 1,7 միլիարդ դոլար:

Ինչպե՞ս ծնվեց գաղափարը

13 տարի առաջ Նարայանը eBay-ի առաջատար IT մասնագետներից էր, սակայն ամեն օր բախվում էր կենցաղային լուրջ խնդրի. ինչպե՞ս անվտանգ և ժամանակին երեխաներին հասցնել դպրոց ու մանկապարտեզ՝ չկորցնելով աշխատանքը: Մասնավոր դպրոցում ավտոբուս չկար, Սան Ֆրանցիսկոյի խցանումներն անտանելի էին, վարձու վարորդները՝ թանկ և ոչ հուսալի:

Թողնելով eBay-ը՝ նա իր եղբայրների հետ 2015 թվականին հիմնեց Zum-ը՝ նպատակ ունենալով արդիականացնել տասնամյակներով չփոխված դպրոցական տրանսպորտի ոլորտը:

Ինչպե՞ս է աշխատում Zum-ը

ԱՄՆ-ում դպրոցական տրանսպորտի վրա տարեկան ծախսվում է մոտ 40 միլիարդ դոլար, սակայն ոլորտը տառապում է վարորդների պակասից և թղթաբանությունից: Zum-ը գնում կամ վարձակալում է ավտոբուսներն ու ֆուրգոնները, դրանք զինում պլանշետներով և AI համակարգերով:

  • Ծնողների և դպրոցների համար. Հավելվածը (Uber-ի նմանությամբ) իրական ժամանակում ցույց է տալիս ավտոբուսի տեղաշարժը քարտեզի վրա՝ վերացնելով անվերջ զանգերն ու ֆաքսերը:
  • Երթուղիների օպտիմալացում. Արհեստական բանականությունը վերլուծում է երթուղիները՝ նվազեցնելով մեքենաների քանակն ու ճանապարհի ժամանակը: Օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյի դպրոցական շրջանում ավտոբուսների թիվը 236-ից հասցվել է 193-ի՝ քաղաքային բյուջեից տարեկան տնտեսելով 3,5 միլիոն դոլար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ճանապարհ դեպի տուն»․ ինչպես Վիետնամի պատերազմի վետերանը դարձավ միլիարդատեր

Ռեկորդային աճ և ապագայի ծրագրեր

Ներկայում Zum-ի ծառայություններից օգտվում է շուրջ 5000 դպրոց՝ ԱՄՆ 18 նահանգներում:

  • Ֆինանսական ցուցանիշներ. 2025 թվականին ընկերության հասույթը հասել է 333 միլիոն դոլարի (35% աճ 2024-ի համեմատ):
  • Ներդրումներ. Ստարտափը ներգրավել է 430 մլն դոլարի վենչուրային կապիտալ, այդ թվում՝ Sequoia Capital և Ulu Ventures հիմնադրամներից:

Ռիտու Նարայանը վստահ է, որ Zum-ի մուտքը ԱՄՆ բոլոր 50 նահանգներ ընդամենը «ժամանակի հարց է», քանի որ տեխնոլոգիապես հագեցած ու անվտանգ տրանսպորտի պահանջարկը դպրոցներում օրեցօր աճում է:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սառնարանի հուշանվերներից մինչև $4 մլրդ. ինչպե՞ս նախկին ամուսինները դարձան Յուտայի ամենաերիտասարդ միլիարդատերերը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *