«Նրան չեմ տեսել և չգիտեմ, թե ինչ վիճակում է»․ 2-րդ խմբի հաշմանդամի ձերբակալությունից հետո մայրը շարունակում է մնալ ոստիկանության բաժանմունքի մոտ

Չեմ տեսել նրան և մինչ օրս չգիտեմ, թե ինչ վիճակում է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է ձերբակալված 41-ամյա 2-րդ խմբի հաշմանդամի մայրը՝ Ռիմա Թալանչյանը, որը մինչ հրապարակման պահը գտնվել է ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ։ Կինը հայտնել է, որ դատարանի որոշմամբ պաշտոնապես հանդիսանում է էպիլեպսիայով տառապող իր անգործունակ որդու օրինական խնամակալը, սակայն իրավապահները թույլ չեն տալիս տեսակցել նրան, քննչական գործողություններ են իրականացնում առանց իր մասնակցության և չեն հայտնում նրա առողջական վիճակի մասին։

Օգոստոսի 20-ին Կառավարության շենքի մոտ Վարդաշենի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվել է, երբ Ոստիկանության գվարդիայի ծառայողները, հրելով ու դուրս մղելով ցուցարարներին, փորձել են թույլ չտալ նրանց փակել Հանրապետության հրապարակին հարող փողոցը։ Իրադարձությունների կենտրոնում է հայտնվել մի ընտանիք, որի համար խաղաղ ակցիան վերածվել է մղձավանջի։

Բռնկված քաշքշուկի ընթացքում մասնակիցներից մեկը՝ 41-ամյա տղամարդը, տեսնելով, թե ինչպես են ոստիկանները կոպիտ հրում իր տարեց մորը, չի կարողացել զսպել հույզերը և ապտակել է ոստիկանության ծառայողին։ Ուժայինները ձերբակալել են նրան և տարել բաժանմունք։ Րոպեներ անց տղամարդու մորն անհրաժեշտ է եղել շտապ բժշկական օգնություն․ նրա ինքնազգացողությունը վատացել է հենց փողոցում։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռիմա Թալանչյանը պատմել է, որ իր որդին 2-րդ խմբի հաշմանդամ է։ Նա տառապում է էպիլեպսիայի ծանր ձևով, ունի հիշողության և խոսքի լուրջ խանգարումներ, չի կարողանում լիարժեք արտահայտել իր մտքերը և մշտական բժշկական հսկողության ու հատուկ դեղորայքի ընդունման կարիք ունի։ Կնոջ խոսքով՝ իր նկատմամբ կիրառված բռնությունը տեսնելով՝ որդու մոտ աֆեկտիվ պոռթկում է առաջացել, որի ժամանակ նա չի կարողացել վերահսկել իր գործողությունները։

Չնայած տղամարդու հաշմանդամությանն ու ախտորոշումներին, ինչպես նաև օրինական խնամակալի ներկայությանը, ոստիկանությունը ուժ է կիրառել նրան բերման ենթարկելիս և ձերբակալելու որոշում է կայացրել։

Ռիմա Թալանչյանը մինչ հրապարակման պահը գտնվում է ոստիկանության բաժանմունքի պատերի մոտ։ Նրան թույլ չեն տալիս տեսնել որդուն և տեղեկություն չեն տրամադրում նրա վիճակի մասին։

«Տեղի է ունենում օրինական խնամակալի իրավունքների ուղղակի խախտում», — հայտարարել է Ռիմա Թալանչյանը։ Նա հայտնել է, որ դատարանով պաշտոնապես ճանաչվել է իր անգործունակ որդու խնամակալությունը, սակայն իրավապահները թույլ չեն տալիս նրան ներս մտնել, հարցաքննություններն ու քննչական գործողություններն իրականացնում են առանց իր ներկայության։

Ձերբակալման պահից ի վեր մայրը չի տեսել որդուն և չգիտի, թե արդյոք իրավապահները միջոցներ ձեռնարկե՞լ են նրան անհրաժեշտ դեղորայքը փոխանցելու համար։ Ոստիկանության շենքի մոտ մոր համար արդեն երկու անգամ շտապօգնության բրիգադ են կանչել։

«Ինձ խոստանում էին․ «Հանգստացեք, տատիկ, մի քանի րոպեից նա դուրս կգա ու ձեզ հետ տուն կգնա»։ Բայց արդեն երրորդ-չորրորդ ժամն է անցնում, իսկ տեղեկություն այդպես էլ չկա։ Ինձ հետ ընդհանրապես ոչ ոք չի խոսում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից աշխատակիցներ եկան, հարցուփորձ արեցին ու գնացին, իսկ եu այդպես էլ մնացի մենակ փողոցում կանգնած», — պատմել է Թալանչյանը։

Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողին հարվածելու համար։

Ձերբակալվածը և նրա մայրն այս պահին փաստաբան չունեն։ Ռիմա Թալանչյանը գտնվում է բաժանմունքի շենքի մոտ՝ առանց իրավական աջակցության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *