Flydubai-ի օդաչուն «իսլամիստական ​​արմատական ​​գաղափարախոսական մշակում» է անցել. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ հետաքննության տվյալներով՝ այն անձը, ով դանակահարել է իր գործընկեր օդաչուին և փորձել գրավել Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը, ենթարկվել է «իսլամիստական ​​արմատական ​​գաղափարախոսական մշակման»։ 

Չորեքշաբթի օրը՝ թռիչքի մեկնարկից երկու ժամ անց, Flydubai-ի ինքնաթիռը կտրուկ իջել է ավելի քան 17 000 ֆուտ (5200 մետր) բարձրությամբ, մինչև որ ուղևորներն ու անձնակազմը վնասազերծել են հարձակվողին, վերականգնել վերահսկողությունը և անվտանգ վայրէջք կատարել։

Նեթանյահուն Fox News-ին հայտնել է, որ «շատ հավանական» է համարում, որ հարձակվողը (ով, ըստ նրա, Օմանի քաղաքացի էր) «մտադիր էր կործանել ինքնաթիռը»։

Մինչդեռ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պետական ​​լրատվական գործակալությունը հայտնում է, որ այնտեղ հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար, թե արդյոք միջադեպը կապված է եղել որևէ ահաբեկչական գործունեության կամ նպատակի հետ։

Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը, որտեղ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել, հայտնել է, որ թե՛ օդաչուն, թե՛ երկրորդ օդաչուն հինգշաբթի առավոտյան վերադարձվել են ԱՄԷ՝ բժշկական զննումից հետո։ ԱՄԷ-ի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ միջադեպի հետ կապված իրավասությունն իրենցն է, քանի որ հարձակման ենթարկված ինքնաթիռը գրանցված է այնտեղ և թռչում է այդ երկրի դրոշի ներքո։

Նեթանյահուն Fox-ին պատմել է, որ երբ ուղևորներն ու անձնակազմը վնասազերծել և կապել են հարձակվողին, վերջինս «բղավել է անձնակազմին՝ «սպանեք ինձ, սպանեք ինձ», ուստի պարզ է, որ նա ինքնասպանության մտադրություն է ունեցել, դա կասկած չի հարուցում»։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *