Կապիտալից և ներդրումներից մինչև արհեստական բանականություն, կրթություն և մշակույթ․ Երևանում կայացած «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը մեկ հարթակում միավորեց երկու երկրների պետական, գործարար և մասնագիտական շրջանակներին՝ երկու պետությունների միջև համագործակցությունը նոր գործնական կապերի և նախաձեռնությունների վերածելու նպատակով։
Հոկտեմբերի 6-ին «Դվին Մյուզիք Հոլ»-ում անցկացված հիմնական գործարար ծրագիրը մեկ հարթակում միավորել էր շուրջ 2,000 մասնակցի՝ Հայաստանի կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։
«Ողջունում եմ Հայաստան -Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը, որն, ըստ էության, շատ տրամաբանական քայլ է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրն այս տարվա մայիսին Միացյալ թագավորության վարչապետի և իմ կողմից ընդունվելուց, ստորագրվելուց հետո», – իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արհեստական բանականություն, կրթություն, մշակույթ և, իհարկե, տնտեսական նոր շուկաներ։ Հայաստան–Միացյալ Թագավորություն հարաբերություններում դեռևս կա չօգտագործված մեծ ներուժ։
«Միացյալ Թագավորությունն ունի մեծ փորձ ֆինանսների ոլորտում, համաշխարհային մակարդակի համալսարաններ և հետազոտական ներուժ, իսկ Հայաստանն առանձնանում է ձեռնարկատիրական ու տեխնոլոգիական ներուժով և սփյուռքով։ Այս ամենի համադրումը կարող է ստեղծել իրական հնարավորություններ՝ նոր ներդրումներից և շուկաների հասանելիությունից մինչև հետազոտական արդյունքների առևտրայնացում․ հենց այս նպատակն է արտահայտում նաև համաժողովի՝ «Կառուցելով կամուրջներ՝ կապիտալի, տաղանդի և նորարարության համար» խորագիրը», – բացման իր ելույթում նշել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։
Համաժողովի ձևաչափն իր հերթին միավորել էր պետական և մասնավոր հատվածների, միջազգային կառույցների ու մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ուղղությունները մեկ գործնական օրակարգում համադրելու նպատակով։
«Հայաստան–Միացյալ Թագավորություն տնտեսական հարաբերություններում դեռևս կա չօգտագործված մեծ ներուժ։ Մեր հավակնությունն է, որ այս համաժողովը դառնա այն հարթակներից մեկը, որը հետևողականորեն կբացահայտի այդ ներուժը և հայ-բրիտանական գործարար օրակարգում կձևավորի նոր ուղղություններ», — նշել է «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի կազմկոմիտեի ղեկավար Հայկ Կարապետյանը։
Համաժողովի տնտեսական օրակարգի առանցքում էին կապիտալի հասանելիությունը, ներդրումների ներգրավումը և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Բրիտանական ֆինանսական ոլորտի առաջատար գործիչներից Սըր Հովարդ Դեյվիսը ներկայացրել է հայ-բրիտանական ֆինանսական և ներդրումային համագործակցության հեռանկարները։ Քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, EBRD-ի, Համաշխարհային բանկի, ICBC Standard Bank-ի և այլ կառույցների ներկայացուցիչներ։
Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանում ներդրումների և միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմներին։ UK Export Finance-ը (UKEF) ներկայացրել է Հայաստանի համար ֆինանսավորման հնարավորությունները, «Enterprise Armenia»-ն՝ ներդրումային առաջարկները, իսկ Երևանի քաղաքային զարգացման ծրագրերի շրջանակում ներկայացվել են ներդրումային հնարավորություններ։ Ենթակառուցվածքների, առևտրի և արտահանման ֆինանսավորման քննարկումներին մասնակցել են Հայաստանի պետական կառույցների, Համաշխարհային բանկի, EBRD-ի, UKEF-ի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Տեխնոլոգիական համագործակցությունը համաժողովի մյուս առանցքային ուղղություններից էր։ Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ի ավագ գիտաշխատող դոկտոր Ալեքս Քոնոքը ներկայացրել է գործակալային արհեստական բանականության ազդեցությունը մեդիա բիզնեսի և մարքեթինգի վրա։ AI & Deep Tech քննարկման կենտրոնում էին հետազոտությունների առևտրայնացումը, տեխնոլոգիական ընկերությունների աճը և միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի, ինչպես նաև հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Համաժողովի եզրափակիչ քննարկումը նվիրված էր մշակութային կապերին, ժառանգությանը և մշակութային դիվանագիտությանը։ Քննարկմանը մասնակցել են Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիր և երաժշտական ղեկավար Մարիոս Պապադոպուլոսը, MBE, Բրիտանական թանգարանի ներկայացուցիչ Թոմաս Հարիսոնը, Sotheby’s-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նախագահ Էդվարդ Գիբսը, Բրիտանական գրադարանի Ասիական և աֆրիկյան հավաքածուների ղեկավար Մայքլ Էրդմանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Հիմնական ծրագիրն ավարտվել է Հայ-բրիտանական «Կամուրջ կերտող» մրցանակի հանձնմամբ՝ ընդգծելով երկու երկրների միջև երկարաժամկետ կապերի ձևավորման և զարգացման կարևորությունը։
Համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 5-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած գալա համերգով, իսկ հոկտեմբերի 7–8-ին այն շարունակվելու է նպատակային B2B և B2G հանդիպումներով Միացյալ Թագավորությունից ժամանած պատվիրակների և հայաստանյան գործընկերների միջև։ Հանդիպումների նպատակն է համաժողովի ընթացքում ձևավորված կապերը զարգացնել և դիտարկել կոնկրետ գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունները։
«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։