Հայաստանը և Իրանը պայմանավորվել են փորձագիտական հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության զարգացման համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի փորձագետները մասնագիտական հանդիպումներ կանցկացնեն՝ համապատասխան հարցերն ուսումնասիրելու և համագործակցության զարգացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։
Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ապագա ծրագրերը և համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը։
Իրանի նախագահը նաև անդրադարձել է տարածաշրջանային բնապահպանական խնդիրներին, այդ թվում՝ Կասպից ծովի ջրի մակարդակի նվազմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին։ Նրա խոսքով՝ այս խնդիրները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը բոլոր երկրների ընդհանուր պատասխանատվությունն է։
Փեզեշքիանը խոսել է նաև Վրաստանի վարչապետի հետ բանակցությունների և Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։
Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում են եղել հաղորդակցությունների և տարանցիկ երթուղիների զարգացումը, ինչպես նաև Եվրոպայի, Պարսից ծոցի, Աֆղանստանի, Հնդկաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ կապերի ապահովման նպատակով աշխարհագրական հնարավորությունների օգտագործումը։
Փեզեշքիանը նշել է, որ այդ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական, մշակութային, սոցիալական և քաղաքական կապերի զարգացման համար։